Կուստոյի հետևորդները. հայ դայվերները համաշխարհային ռեկորդ են սահմանել հյուսիսային կիսագնդում

Հայ դայվերներին հաջողվել է համաշխարհային ռեկորդ սահմանել հյուսիսային կիսագնդում. նրանք կարողացել են սուզվել և ուսումնասիրել ծովի մակերևույթից 3207 մետր բարձրության վրա գտնող Արագած լեռան գագաթի մոտ գտնվող Քարի լճի հատակը:

Թեև երեք հայ դայվերներն ընդամենը 12 մետր են սուզվել, բայց դա բնավ էլ չի նսեմացնում նրանց հաղթանակը: Ինչպես երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց արշավախմբի կազմակերպմանը մասնակցած «Հայ էքստրիմ» հասարակական կազմակերպության նախագահական խորհրդի անդամ Արմինե Հարությունյանը, նման բարձրության վրա գտնվող լճի նվաճումը «իսկական էքստրիմ» կարող է համարվել ծովում սուզվող բոլոր դայվերների համար, քանի որ նրանց օրգանիզմը սովոր չէ նման բարձր ճնշմանը:

(Սկուբադայվինգի համաշխարհային ռեկորդը 127 մետրն է):

Հայ դայվերների խոսքով` մինչ այդ նման պայմաններում մի փորձ էլ իրականացրել է հայտնի ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոյի թիմը հարավային կիսագնդի Տիտիկակա լճում (Կենտրոնական Ամերիկա) 1959 թվականին:

Գիտարշավը կազմակերպել էին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը և «Հայ էքստրիմ» հասարակական կազմակերպությունը: Քարի լճի հատակ են սուզվել միջազգային կարգի հրահանգիչ, դայվեր Ռաֆայել Մկրտչյանը, «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը, արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջրասուզակների խմբի հրամանատար Արտակ Էլմասակյանը:

Սուզումն իրականացվել է հուլիսի 21-ին, սուզման պահին ջրի մակերևույթին ջրի ջերմաստիճանը +5 աստիճան է եղել, իսկ հատակում` +3: Դայվերները ջրի տակ մնացել են 1 ժամ 20 րոպե, թեև ծրագրել էին 40 րոպե մնալ:

«Հայ էքստրիմի» բժիշկ Գևորգ Շահսուվարյանի խոսքով` սուզորդները բժշկական ստուգման են ենթարկվել սուզումից առաջ և հետո, ու պարզվել է, որ ընդամենը մեկ ժամի ընթացքում սուզորդների օրգանիզմը կարողացել է վերադառնալ նորմալ վիճակի:

Հայ դայվերները կարևորում են այս գիտարշավն այն առումով, որ այսպիսով ճանապարհ է բացվել նման բարդ պայմաններում իրականացվող հետագա բոլոր հետազոտությունների համար: