Մարտարվեստ. հայ պատանի սամբիստները մեդալներ են նվաճում աշխարհի առաջնությունում

Հայ սամբիստների հավաքականը վերադարձել է սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունից բազմաթիվ մեդալներով, այդ թվում` մեկ ոսկե, մեկ արծաթե և հինգ բրոնզե:

Նախկին Խորհրդային Միությունում հայտնի մարզաձևի առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 13-16-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:

Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի (www.sambo.am)` Գրիգոր Մխիթարյանը (48 կգ) կրկնեց 2010 թ. իր հաջողությունը` նվաճելով չեմպիոնի կոչումը: Արծաթե մեդալի միակ նվաճողը դարձավ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Հինգ բրոնզե մեդալակիրներն են Մաքսիմ Մանուկյանը (48 կգ), Կարեն Տոնոյանը (62 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ), ինչպես նաև Ռոզա Խաչատրյանը (52 կգ):