Լավ, ոչ այնքան լավ. կենսաթոշակների բարձրացումը չի համապատասխանում գնաճի տեմպերին

Թոշակառուներին այնքան էլ չի ոգևորել տարեմուտին ՀՀ կառավարության կողմից թոշակների բարձրացումը:


2012 թ. հունվարից հանրապետության կենսաթոշակները բարձրացվեցին շուրջ 10 տոկոսով: (Նվազագույն կենսաթոշակները, օրինակ` կբարձրանան մոտ 27 տոկոսից մինչև շուրջ 34 տոկոս):

Հայաստանում կա մոտ 522.000 թոշակառու (Հայաստանի բնակչության շուրջ 16 տոկոսը), և նրանցից շատերի համար այդ 10 տոկոս բարձրացումը սննդամթերքների գների 14 տոկոս բարձրացման ֆոնին հազիվ թե որևէ բան փոխի:

Սակայն մինչ կառավարությունը կենսաթոշակների բարձրացումը համարում է որպես աջակցություն բնակչության զգալի հատվածին, թոշակառուներն ու մասնագետները, հաշվի առնելով Հայաստանում ընդհանուր գնաճի մակարդակը, որն ըստ պաշտոնական տվյալների` շուրջ 4,7 տոկոս է կազմել, կարծում են, որ այս բարձրացումը ոչնչով չի փոխի սոցիալապես խոցելի խավերի կենսամակարդակը:

«Վերջին տարիներին Հայաստանում գնաճն այնքան շատ է եղել, որ այդ բարձրացումները բացարձակ համարժեք չեն այդ գնաճին ու չեն մեղմի թոշակառուների սոցիալական վիճակը: Սա պարզապես գալիք ընտրություններին ընդառաջ քայլ էր այս խավի ուշադրությունը գրավելու համար»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացրած տվյալների` հարևան Վրաստանում բազային աշխատանքային կենսաթոշակը 110 լարի է (մոտ 66 դոլար, մոտ 25.500 դրամ), Ադրբեջանում` 85 մանաթ (շուրջ 108 դոլար, շուրջ 41.800 դրամ): Իսկ Հայաստանում թոշակառուները ստանում են միջինը 25.000 դրամ (շուրջ 64,5 դոլար) կենսաթոշակ, մինչդեռ պաշտոնական տվյալներով` 2011 թ. նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է ամսական 62.600 դրամ (մոտ 170 դոլար):

«Ավելացված գումարը նույնիսկ մի կիլո մսի փող չի, եթե հաշվի առնենք, որ միսը հիմա 3000 դրամ է (շուրջ 8 դոլար): Եթե բարձրացնում էին, գոնե նախ ցածր թոշակ ստացողներինը նորմալ բարձրացնեին, որ բան հասկանայինք այդ գումարից, իսկ այսպես խանութներում ամեն բան թանկանում է, մինչդեռ մեզ հասանելիք գումարը էապես չի փոխվում»,- ասում է 77-ամյա թոշակառու Ռոզա Բալայանը:

Շատ թոշակառուներ ապրում են միայնակ և իրենց միակ եկամուտը` կենսաթոշակը տնտեսում են` փորձելով պակասեցնել ծախսերը: Գրեթե բոլոր թոշակառուներն էլ ունեն դեղորայքի և բժշկական օգնության կարիք, սակայն չունեն ո´չ որևէ բժշկական ապահովագրություն, ո´չ էլ օգնություն են ստանում պետությունից:

«Աշխատել եմ 55 տարի, սակայն միայն 35 տարին են հաշվում, ու հիմա արդեն, այս վերջին բարձրացումներից հետո, այս ամիս տվեցին 31.300 դրամ (մոտ 81 դոլար) թոշակ: Բայց ես մենակ եմ ապրում ու հազիվ հոգում եմ իմ ծախսերը: Շատ խնայողաբար եմ ծախսում, ամեն կոպեկս հաշված է, նույնիսկ տունը չեմ տաքացնում, բայց միևնույն է` չի բավարարում»,- ասում է 75-ամյա Արուսյակ Սողոմոնյանը` հաշվելով, որ իր երկուսենյականոց բնակարանի համար իր թոշակից միայն 7000-9000 դրամը (շուրջ 18-23 դոլար) ամսական վճարում է կոմունալ ծախսերի համար, բացի այդ, վճարում է նաև տան, աղբահանության վարձը, գույքահարկ, իսկ մնացած գումարն էլ ծախսում է դեղորայքի և սննդի վրա:

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն «ԱրմենիաՆաուի» հետ հարցազրույցում ևս պնդում է, որ գնաճի տեմպերն ավելի շատ են, քան թոշակների բարձրացումը, ինչը, ըստ տնտեսագետի` «զրոյացնում է կառավարության ջանքերը»:

«Որպեսզի կառավարությունը կարողանա բարձրացնել թոշակները, ավելացնում է հարկերը, մինչդեռ պետք է տնտեսությունը զարգացնել, իսկ տնտեսության զարգացման կարևոր քայլերից է հարկային բեռի թեթևացումը, ոչ թե ճնշումը: Իսկ կառավարությունը հարկեր է հավաքում, որն էլ բերում է գնաճի»,- ասում է Թևանյանը: