Հաջող մրցելույթներ. հայ մարզիկները մեդալներ են նվաճում սամբոյում և ձյուդոյում

Ապրիլի 5-9-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվեց սամբոյի Եվրոպայի երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից 1-ը` ոսկե, 2-ը` արծաթե, 8-ը` բրոնզե:

Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության` երկրի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը. առաջինում վրացիներն էին, երկրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Հայաստանցի Գոռ Մալյանը (56 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Ջիվան Ղազարյանն (48 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (52 կգ) նվաճել են արծաթե մեդալներ:

Բրոնզե մեդալակիրների թվում են Գրիգոր Մխիթարյանը, Հովհաննես Ալեքսանյանը, Էդիկ Պետրոսյանը, Ռոզա Խաչատրյանը, Լենդրուշ Զատիկյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Սուրեն Գառնիկյանը և Մհեր Կարապետյանը:

Մինչ այդ, Հայաստանի պատանի ձյուդոիստները վերջերս Եվրոպայից նույնպես ձեռնունայն չեն վերադաձել:

Panarmenian.net-ը, մեջբերելով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայության հաղորդագրությունը, հայտնում է, որ Հունաստանի Սալոնիկ և Ռուսաստանի Տվեր քաղաքներում անցկացված ձյուդոյի երիտասարդական և պատանեկան Եվրոպայի գավաթների խաղարկություններում հայաստանցի Արսեն Թովմասյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ալբերտ Մկրտչյանը (66 կգ), Հարություն Դերմիշյանը (55 կգ) և Գարիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել են 3-րդ տեղով: