Ծերությունը Հայաստանում. կենսաթոշակային խնդիրներ

Մաս 2-րդ


Սպասքի մետաղական զրնգոցն ու ափսեների շխկշխկոցը խառնվում են խուլ ձայներին և թարմ պատրաստված մակարոնի բույրին Երևանի Շենգավիթի բարեգործական ճաշարանում: Հարյուրից ավելի տարեցներ հերթ են կանգնել իրենց բաժինը ստանալու կամ էլ խմբվել են ինքնաշեն սեղանների մոտ և արդեն ճաշում են. քանդակազարդ առաստաղով տպավորիչ սրահում ամռան տոթի պատճառով օդն ասես կանգնած լինի:

Չնայած վերջին տարիներին կյանքի տևողությունը երկարել է, իսկ առողջապահական ծառայությունները` բարելավվել, կենսաթոշակառուների մի հոծ խումբ, որ կանգնած սպասում է անվճար տաք ապուրի, վկայում է Հայաստանի դեռ շարունակվող տնտեսական դժվարությունների մասին: Երբ թոշակն ամսական ընդամենը 31.000 դրամ է (75 դոլար) մի երկրում, որտեղ գնաճի հետևանքով ապրանքների գները անդադար բարձրանում են, շուրջ կես միլիոն ծերեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Սոնա Հովակիմյանը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ հիմնադրած բարեգործական ճաշարանի 25-ամյա սոցիալական աշխատողը, քաջ ծանոթ է իր տարեց շահառուների խնդիրներին: Որպես 150 սոցիալապես անապահով կենսաթոշակառուների միակ խնամակալ` նա ասում է, որ նրա աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, պարտականությունների շրջանակը՝ լայն:

«Տարեց մարդիկ տեղեկատվության կարիք ունեն, քանի որ չգիտեն, թե ինչպես պայքարեն սեփական իրավունքների համար, կամ էլ չունեն անհրաժեշտ հմտություններ՝ հոգալու իրենց կարիքները»,- ասում է նա` իր նեղ ու փոքր, բայց արևոտ գրասենյակում նստած: Ծանր քայլելով՝ ներս են մտնում մի քանի ծերեր, Հովակիմյանը նրանց ողջունում է ջերմ ժպիտով. «Մենք փորձում ենք բարելավել նրանց կյանքն ու օգնում ենք լուծելու խնդիրները»:

Ծերերից շատերի կենսապայմաններն իրոք սարսափելի են: Եթե 90-ականների սկզբին ջեռուցում և գազամատակարարում չկային Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով, ապա այժմ ծերերը չեն կարողանում դրանցից օգտվել արդեն անընդհատ բարձրացող գների հետևանքով, ասում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ նահագահ և համահիմնադիր Հռիփսիմե Կիրակոսյանը:

100-ամյա Ելենա Աբրահամյանը մեկն է «Առաքելություն Հայաստանի» 4000-ից ավելի շահառուներից: Կազմակերպության սոցիալ-առողջապահական ծառայությունների կոորդինացման բաժնի ղեկավար Նուրիկ Դաղունցի խոսքով՝ մեկ դար ապրած այս կինը լքված էր ու միայնակ: «Տաղանդավոր նկարչուհի էր, բայց նրան գտանք՝ մատները ցրտահարված, որովհետև ջեռուցման վարձն ի վիճակի չէր վճարել»,- պատմում է նա:

Այսօր Աբրահամյանը նորից նկարում է, նա նաև հուշեր է գրել իր կյանքի փորձությունների և ապրումների մասին` որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած: Ցույց տալով «Առաքելություն Հայաստանի» մասնաշենքի պատերից մեկից կախված կտավը, որում պատկերված են ծաղկամանի մեջ դրված նուրբ ճերմակ և բաց մանուշակագույն ծաղիկներ, Դաղունցն ասում է. «Մեզ է նվիրել՝ ի նշան երախտագիտության»:

Հայաստանի բնակչության 16 տոկոսը հասել է կենսաթոշակային տարիքի: Եվ չնայած «Առաքելություն Հայաստանի» և նման ՀԿ-ների օգնության, Հայկական բարեգործական ընդհանուր միության ճաշարանի առկայության և բարեգործական այլ աջակցության՝ ծերացող հասարակությունն այս երկրում շուտով չափազանց սրությամբ է զգալու կենսաթոշակային խնդիրների բացասական ազդեցությունը:

Թեև աշխատավարձերից 26 տոկոս պահվում է որպես կենսաթոշակային հատկացում, միջին կենսաթոշակն անգամ ավելի քիչ է, քան սպառողական զամբյուղով սահմանված կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն դրամը:

«Մենք այս համակարգը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, այստեղ մի սերունդը վճարում է գալիք սերնդի համար»,- ասում է Արմեն Ուդումյանը՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» համագործակցությունների զարգացման և ռեսուրսների ներգրավման պատասխանատուն:

Ուդումյանի կազմակերպությունը մասամբ ֆինանսավորվում է պետության կողմից՝ կենսաթոշակային հետագա բարեփոխումների մասին իրազեկելու նպատակով: Նրա խոսքով՝ հին համակարգն այլևս կենսունակ չէ: Ծերացող հասարակության, գործազրկության բարձր տոկոսի և երիտասարդների շարունակվող արտագաղթի պարագայում, ընդհանուր առմամբ, մեծապես նվազել է եկամուտ ստեղծող պոտենցիալ հարկատուների թիվը: Խնդիրն ավելի է սրվում այսպես կոչված «ստվերային տնտեսության» առկայությամբ, երբ որոշ գործատուներ, իրենց աշխատակիցների համաձայնությամբ, թաքցնում են իրական եկամուտը՝ խուսափելով լրիվ հարկերը վճարելուց:

Ճիշտ է, երկիրը դժվար կացության մեջ է, բայց անմխիթար չէ: Պարտադիր կենսաթոշակներ նախատեսող բարեփոխմամբ՝ 16-40 տարեկան աշխատողները հնարավորություն ունեն իրենց սեփական կենսաթոշակային ֆոնդը ստեղծելու և ապահովելու իրենց ծերությունը: Աշխատանքով ապահովված մարդիկ այսօր կարող են վերահսկել իրենց կենսաթոշակային կուտակային հաշիվները և որոշել, թե ինչպես տնօրինել սեփական խնայողությունները:

Չնայած շատերը թերահավատորեն են վերաբերվում այս բարեփոխմանը, Ուդումյանի խոսքով՝ վերջին փոփոխությունները որոշակի առավելություններ են խոստանում: Նա հավաստիացնում է, որ համակարգն ավելի թափանցիկ կդառնա՝ սկսած կենսաթոշակային կուտակային հաշիվների վերահսկումից և ավելի խիստ հարկային հսկողությունից մինչև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը:

Բայց անգամ նոր համակարգի ներմուծումը չի լուծում կենսաթոշակային առկա խնդիրները: Հայաստանցիները շոշափելի փոփոխություն կսկսեն զգալ միայն 2037 թ., երբ առաջին տարիքային խումբը, ըստ նոր համակարգի, անցնի կենսաթոշակի: «Այս բարեփոխումը կենսաթոշակառուների ներկայիս սերնդի վրա չի ազդի: Միայն հաջորդ սերունդը կօգտվի»,- ասում է Ուդումյանը:

Անահիտ Գևորգյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների վարչության պետի տեղակալը, համամիտ է, որ բարեփոխումները այսօրվա տարեցների հոգսը չեն թեթևացնի. «Ինձ վրա էլ չի ազդելու, ես էլ եմ ցածր կենսաթոշակ ստանալու»:

Նրա խոսքով՝ փոքր պետական բյուջեով հանդերձ, իրավիճակը բարելավվում է: «20 տարի առաջ Հայաստանը չուներ ծերերի աջակցության ոչ մի համակարգ: Հիմա մենք 5000 շահառու ունենք, որոնք տնային խնամք են ստանում, 1250-ը ծերանոցներում են, իսկ 2500-ն էլ՝ ցերեկային խնամքի կենտրոններում են աջակցություն ստանում»:

Կառավարությունը նաև իրավիճակը բարելավելու երկարաժամկետ ռազմավարական ծրագիր է մշակում: Ծրագրի նպատակներից են՝ վերապատրաստել գերոնտոլոգներ, որոնք կզբաղվեն ծերերի խնդիրներով, ինչպես նաև անօթևան ծերերի համար կառուցել բնակարաններ, ստեղծել Հայաստանում առաջին «հոսփիսները», որոնք պալիատիվ խնամք կապահովեն մահացու հիվանդների համար, և բացել ևս հինգ ցերեկային խնամքի կենտրոններ տարեցների համար:

«Հուսով եմ՝ ծրագիրը կհաստատվի»,- ասում է նա՝ հավելելով, որ ծրագիրն այժմ քննարկման փուլում է: «Եթե անգամ ծրագրի 20 տոկոսն էլ ֆինանսավորվի և կյանքի կոչվի, տարեցների կյանքում որակական մեծ փոփոխություններ կլինեն»:

Վերադառնալով Շենգավիթի ճաշարան՝ ճաշն ավարտած ծերերը պատրաստակամորեն պատմում են իրենց մասին: 71-ամյա Սվետլանա Ղազարյանը նստած է ճոճաթոռին ճաշարանին կից զուսպ, կոկիկ խորհրդատվությունների սենյակում: Հետևի պատից կախված է Վան Գոգի «Մորմոքող ծերունի» կտավի վերատպությունը, որում ալեհեր մի ծերունի նստած է դատարկ սենյակում՝ գլուխը բռունցքների մեջ առած:

Ճաշարանում շատերի նման, Ղազարյանը ոչ միայն ինքն է գոյատևում իր աղքատիկ թոշակով, այլև օգնում է ընտանիքին: Նրա, 32-ամյա հաշմանդամ դստեր և 4-ամյա թոռան ապրուստի միջոցը ամսական 50.000 դրամ (120 դոլար) կենսաթոշակն է:

«Մենք այդ փողով ձգում ենք մինչև ամեն ամսվա 20-ը,- ասում է նա թարգմանչի օգնությամբ: - Գազի ու էլեկտրականության վարձերը տալուց հետո տակը բան չի մնում ուրիշ բաների համար: Վերջին տասը օրերին մեր միակ փրկությունը «Առաքելություն Հայաստանն» է»:

Աղքատությունը հերիք չէ, նա նաև ընտանեկան բռնության զոհ է: «Մեկ-մեկ, որ ուտելու բան չենք ունենում, աղջիկս ինձ ծեծում է»,- ասում է նա՝ արցունքներն աչքերից թափելով, և ցույց տալիս կապտուկներով ու սպիներով պատված ձեռքերը:

Բարեփոխումները գուցեև ճանապարհին են, իսկ մինչ այդ Ղազարյանը և նրա պես շատերը, որ հավաքված են անհրապույր ընդունարանում և սոցիալական աշխատողի խորհրդատվությանն են սպասում, միաձայն ասում են, որ «Առաքելություն Հայաստանի» պես կազմակերպությունները փոխել են իրենց կյանքը: Որոշ դեպքերում արդեն առաջխաղացում է նկատվում:

«Ես շատ գոհ եմ, քանի որ տարիներ շարունակ չկար այն օգնությունը, որ այսօր ունենք,- ասում է 74-ամյա Ռոզա Հակոբյանը, ով հաշմանդամ դստերն է խնամում՝ գոյատևելով միայն կենսաթոշակով: - Առաջ հագնելու կոշիկ էլ չունեինք»:

Մեջքը պատին հենած, վառ վարդագույն վերնաշապիկը հագին՝ Ռ. Հակոբյանն ասես տոկունության և մարդու համակերպվելու ունակության մարմնավորումն է: Այն հարցին, թե ապագայի ի´նչ հույսեր ունի, նա պարզապես պատասխանում է. «Ուտելու, հագնելու բան լինի` ինձ հերիք ա, ուրիշ բան չեմ ուզում»: