Ընդդիմությունը քննադատում է կենսաթոշակային համակարգի «ժամանակավրեպ» փոփոխությունները

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է սուր քննադատության ենթարկել Հայաստանում կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը` վստահ լինելով, որ ներկայացված բարեփոխումները ոչ թե նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը, այլ եկամտի նոր աղբյուր են դառնալու մասնավոր բանկերի համար:

Երկու տարի առաջ, նախորդ գումարման խորհրդարանում ընդունվեց կենսաթոշակային ոլորտի արմատական բարեփոխում նախատեսող օրենսդրական փաթեթ, որով 2014 թվականի հունվարի 1-ից կիրառվելու է կենսաթոշակների կուտակային համակարգը:

Նոր համակարգով մինչև 40 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կուտակելու իր կենսաթոշակը: Ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվելու է պետության կողմից լիցենզավորված կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացու անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին ավելացնելու է փոխանցված գումարին հավասար գումար:

Կուտակված գումարները քաղաքացիներին հասանելի կլինեն 63 տարին լրանալուն պես (այժմ ՀՀ-ում սահմանված թոշակային տարիքը 63-է), հնարավոր է նաև գումարը տնօրինել ավելի վաղ` այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու պարագայում, կամ էլ անաշխատունակության դեպքում:

Նոր համակարգը նպաստելու է աշխատաշուկայում առկա ստվերի նվազեցմանը, աշխատողները գործատուից կպահանջեն չթաքցնել աշխատավարձի իրական չափը, քանի որ որքան բարձր լինի աշխատավարձից վճարվող տոկոսը, այնքան բարձր գումար կստանան պետությունից` երիտասարդ տարիքից ապահովելով բարեկեցիկ ծերություն:

«Կենսաթոշակային նոր համակարգի նպատակն այն է, որ պետությունը պատասխանատվություն կրի հանրության սոցիալական վիճակի համար»,- հինգշաբթի ԱԺ-ում քննարկման ժամանակ ասել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանն ու հավելել, որ Հայաստանում ներդրվելիք մոդելը շատ մոտ է էստոնականին, իսկ բոլոր հնարավոր ռիսկերը ուսումնասիրված են և հասցված են նվազագույնի:

Ըստ Արամյանի` կուտակային համակարգը գործելու է թափանցիկ, և հարկատուն հնարավորություն կունենա հետևել իր միջոցները:

Մինչդեռ կենսաթոշակների ներդրվելիք կուտակային համակարգը արժանացավ ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատությանը, որոնց կարծիքով կուտակած միջոցները տասնամյակներ հետո միայն կծառայեն իրենց նպատակին:

Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս քայլով կսեփականաշնորհվի կենսաթոշակային համակարգը, բացի այդ նորաստեղծ կուտակային սկզբունքով հնարավոր չէ լուծել կենսաթոշակային համակարգում առկա խնդիրները:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով էլ` կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումով միայն «կանաչ ճանապարհ» է բացվելու բանկերի համար:

«Այս համակարգի ներդրմամբ հնարավոր չի լինելու ապահովել տնտեսության իրական աճ, բացի այդ` դրանով պակասեցվելու է պետական ու սոցիալական կենսաթոշակների դերը, չեն աշխատելու կուտակային ֆոնդերը»,- ասել է Բագրատյանը` ՀՀ կառավարությանն առաջարկելով չեղյալ համարել 2010-11 թվականներին ընդունված կենսաթոշակային համակարգի վերաբերյալ բարեփոխումները, որոնք, ըստ նրա` ժամանակավրեպ են: