Կենսաթոշակային բարեփոխում. Սահմանադրական դատարանը մարտի 28-ին իրավական գնահատական կտա

Կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումներին ընդդիմացող քաղաքական գործիչները, մասնագետները համոզված են, որ միայն հասարակական մեծ ընդվզման դեպքում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը:

Իրավաբան Նորայր Նորիկյանն ասում է` օրենքը վերաբերում է մոտ 240 հազար քաղաքացու, եթե նրանց 30 տոկոսը, այսինքն՝ մոտ 80 հազար մարդ փողոց դուրս գա և հստակ արտահայտի իր քաղաքացիական դիրքորոշումը, ապա այդ հանգամանքը «էական ազդեցություն կունենա այդ օրենքի ընդունման փիլիսոփայության վրա»:

«ՍԴ որոշումը մեծ մասամբ պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե շահագրգիռ կազմակերպությունները, քաղաքացիները ի՛նչ վարքագիծ են դրսևորելու: Կլինի ադեկվատ ճնշում, ՍԴ-ն կլինի այդ ճնշմանը ադեկվատ»,- համոզված է իրավաբանը:

Ուրբաթ` հունվարի 24-ին, Հայաստանի սահմանադրական դատարանը մասնակիորեն կասեցրեց հունվարի 1-ից վիճահարույց կենսաթոշակային օրենքի ուժի մեջ մտնելը` մինչև դրա սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացումը մարտի 28-ին: Երկրի գերագույն դատարանը կասեցրել է օրենքի երկու հոդվածները. մեկը, որ պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, և երկրորդը՝ որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ ՍԴ-ի որոշումը դեռ ոչինչ չի նշանակում և չպետք է ժամանակից շուտ ուրախանալ: Նա հիշում է 2006-ի ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել պետության կարիքների համար ներկայիս Հյուսիսային պողոտայի տեղում մարդկանց սեփականության օտարումը:

«Դրանից ոչինչ չփոխվեց, մարդկանց տներից հանեցին»,- ասում է Բախշյանը:

Իրավաբան Նորիկյանը մատնանշում է օրենքի հոդվածներից մեկը, որի համաձայն եթե քաղաքացու չվճարած կուտակային վճարների գումարը կազմում է 500 հազար դրամ (մոտ 1234 դոլար) և ավելի, հարկային մարմնին իրավունք է տրվում արգելանք դնել նրա գույքի վրա:

«Որքան գիտենք, ըստ Սահմանդրության՝ քաղաքացու գույքի վրա կարող է արգելանք դնել միայն դատարանը, փաստորեն հարկային մարմնին տրվել են դատարանի իրավասություններ, որը ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի կոպտագույն խախտում է»,- նկատում է իրավաբանը:

Ուրբաթ (ՍԴ որոշումից մի քանի ժամ անց) այս օրենքի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ դրական արտահայտվեց նախագահ Սերժ Սարգսյանը` ասելով, թե իր համոզմամբ այդ բարեփոխումը հետո անվանելու են պատմական: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախագահն ասել է, որ պետությունն իրավունք չունի դանդաղեցնելու բարեփոխումների ընթացքը, և հորդորել պետական մարմիններին շարունակել հանգամանորեն և մատչելի ներկայացնել բարեփոխումների էությունը հասարակությանը:

Օրենքի դեմ պայքարող նախաձեռնության անդամները համարում են, որ նախագահի այս հայտարարությունն ուղղակի ճնշում էր ՍԴ-ի վրա: Ակտիվիստները կարծում են, որ Սարգսյանը գոնե դատաքննության փուլում պետք է զերծ մնար գնահատականներ հնչեցնելուց: