Կուտակայինի խառնաշփոթ. գործատուները աշխատակիցների անունից «պարտադիր» փոխանցումներ են անում՝ չնայած ՍԴ որոշմանը

Փետրվարի 6-ին «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցները մտադիր են պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին իրազեկման ակցիա անցկացնել: Ճիշտ է, Սահմանադրական դատարանը կասեցրել է այս օրենքի որոշ դրույթների կիրառումը, սակայն գործատուներն ասում են, որ զուտ տեխնիկապես ստիպված են իրենց աշխատողների աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահումներ կատարել:

2014 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքով նախատեսվում է մինչև 40 տարեկան քաղաքացիների աշխատավարձերի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդեր: Մի քանի տասնյակ տարի անց այդ միջոցները, ինչպես նաև պետության փոխանցած գումարները ավելացվելու են նրանց բազային կենսաթոշակին:

Հայաստանի քաղաքացիները կտրականապես դեմ են մի քանի պատճառով. բնակչության 35% աղքատության պայմաններում քաղաքացիները չեն կարող իրենց թույլ տալ հետ գցել աշխատավարձի 10%-ը, ոչ ոք վստահ չէ վաղվա օրվան, շատերը համոզված են, որ կառավարությունը քաղաքացիների հաշվին իր համար պահուստային ֆոնդ է ստեղծում:

Չորս ոչ կոալիցիոն խորհրդարանական խմբակցությունները միացել են «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը և Սահմանադրական դատարան դիմում ու միջնորդություն ներկայացրել, որը հունվարի 24-ին կասեցրեց օրենքի երկու դրույթների գործողությունը: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ կուտակային ֆոնդեր միջոցներ չփոխանցած քաղաքացիները տուգանքի չեն ենթարկվի:

Սակայն, ինչպես ասում են գործատուները, էլեկտրոնային ծրագրերը, որոնցով նրանք հաշվետվություններ են ներկայացնում Պետական եկամուտների կոմիտե, միջոցներն ավտոմատ փոխանցում են կենսաթոշակային ֆոնդեր: Այդ ծրագրերը մարդու կողմից չեն կառավարվում: 5%-ը չփոխանցող գործատուներին մնում է միայն մեկ բան՝ հաշվետվությունները ՊԵԿ չներկայացնել, ինչի համար նախատեսվում է տուգանք 10-20 հազար դրամ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է Սահմանադրական դատարան մեկ այլ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին, որի բավարարումը հնարավորություն կտա հաղթահարելու իրավական կազուսը: Փաստորեն, գործատուները պահումներ են կատարում մասնավոր անձանցից, ովքեր չեն կամենում գումար փոխանցել կուտակային ֆոնդեր, և Սահմանադրական դատարանը դա նրանց թույլատրել է: Իսկ քանի դեռ կազուսը չի լուծվել, բազմաթիվ գործատուներ արդեն պահել են իրենց աշխատակիցների միջոցները, թեև ոմանք դրանք չեն փոխանցել կուտակային ֆոնդեր:
Բացի այդ, ինչպես ասում են մասնագետները, Հայաստանը զուտ տեխնիկապես պատրաստ չէ կուտակային համակարգի անցմանը, և այժմ կառավարությունը փորձում է ապահովել կուտակային ֆոնդերի համար միջոցների գեթ որոշակի մասը՝ պետական հաստատությունների և իշխանությունների նկատմամբ լոյալ ձեռնարկությունների հաշվին: