Հարկերը պահվում են. կենսաթոշակային բարեփոխումները շարունակում են խառնաշփոթ ստեղծել

Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության անդամները կոչ են անում պետական մարմիններին համապատասխան գործողություններ իրականացնել և վերացնել այն իրավական քաոսը, որ այժմ առաջացել է երկրի ձեռնարկություններում` կենսաթոշակային պարտադիր պահումների առնչությամբ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բազմաթիվ բողոքներ են ստացել հատկապես պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների աշխատակիցներից, ովքեր ասում են, որ իրենց աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել: Բացի այդ բազմաթիվ ընկերություններ, չնայած Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշմանը, այդուամենայնիվ, որոշել են արդեն հունվարից աշխատողների աշխատավարձերից պահել կենսաթոշակային վճարները:

«Ճնշումները միայն պետական համակարգում չեն, Կենտրոնական բանկը ևս ճնշումներ է գործադրում առևտրային բանկերի վրա, որպեսզի նրանց աշխատակիցները ևս ընտրեն ֆոնդեր»,- ասաց Մանուկյանը:

Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո, որով մինչև մարտի 28-ին վճռի հրապարակումը կասեցվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածները, 1974 թվականից հետո ծնված շուրջ 240 հազար աշխատողները իրավունք ստացան հետաձգել կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությունը, որը պետք է անեին մինչև հունվարի 1-ը, իսկ գործատուներն ազատվեցին պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

Եվ չնայած ՍԴ-ի այս միջանկյալ որոշմանը՝ հունվարին ընկերությունների հաշվապահները կանգնեցին մի մեծ խնդրի առջև, քանի որ պարտադիր կուտակային պահումները արդեն իսկ ներառված էին աշխատավարձերի վճարումների հաշվետվության ձևի մեջ, իսկ համակարգը ինքը ավտոմատ կատարում էր այդ պահումը: Ակտիվիստներն ասում են՝ ՍԴ-ի որոշումն իրականացնելու համար կառավարությունը պետք է առաջին հերթին հաշվետվության ձևից հաներ պարտադիր կուտակային վճարների մասին տողը:

«Գործատուները ինչպե՞ս են պատրաստվում փոխհատուցել այդ գումարները, եթե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական ճանաչի, քանի որ օրենքով գումարները վերադարձնելու որևէ մեխանիզմ նախատեսված չէ»,- հարցնում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամը:

Հունվարի աշխատավարձերից պահումների մասին բարձրաձայնել են Մեծամորի ատոմակայանի, «Հայփոստի», նույնիսկ Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցներ: Դրա հետ մեկտեղ կան մոտ 50-ից ավելի խոշոր ընկերություններ, օրինակ` «Օրանժ Արմենիան», «Աշտարակ կաթը», «Սինոփսիս Արմենիան», Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Վորլդ Վիժն Արմենիա», «Հայկական Կարիտասը» և այլն, որոնք կենսաթոշակային պահումներ չեն արել:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը անհիմն է համարում պետական պաշտոնյաների այն պնդումները, ովքեր ասում են, թե հնարավոր չէ հաշվետվության ձևից հանել ավտոմատ աշխատող պարտադիր կուտակային վճարի մասը: Նա` որպես ծրագրավորող, իր օգնությունն առաջարկեց այդ հարցում:

Մինչդեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, երեկ Ազգային ժողովում պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը, արդյոք գործատուն իրավունք ունի՞ աշխատավարձից պահում չանել, հայտարարեց, թե գործատուները պարտավոր են կատարել պարտադիր կուտակային վճարումները:

«Սահմանադրական դատարանն ասել է, որ սանկցիաներ չեն կիրառվի այն գործատուների նկատմամբ, ովքեր չեն անի դա»,- ասաց նախարարը:

Այսօր օրենքի կիրառմանն ընդդիմացող 1000-ից ավելի քաղաքացիներ «Իրավունքի նվաճման երթ» անցկացրեցին` հորդորելով պատկան մարմիններին ճիշտ կատարել իրենց պարտականությունները և խառնաշփոթ չստեղծել: Նրանք այդ կոչը հնչեցրին կրթության և գիտության նախարարության, կառավարության, Կենտրոնական բանկի, քաղաքապետարանի և պետական եկամուտների կոմիտեի շենքերի առաջ: