Հաճախ տրվող հարցեր. Պաշտպանի պարզաբանումները կուտակային վճարումների խառնաշփոթի առնչությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է պարզաբանումներ օրենքին համապատասխան կուտակային վճարումների ընթացիկ իրավիճակի կապակցությամբ:

2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր օրենքի համաձայն՝ 1973 թ. հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձի 5 տոկոսը վճարեն մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր: Սակայն Հայաստանի չորս ոչ կոալիցիոն ընդդիմադիր կուսակցությունները օրենքի դեմ հայց ներկայացրին Սահմանադրական դատարան, որը մինչև մարտի վերջին վերջնական վճռի կայացումը կասեցրեց պատասխանատվություն նախատեսող հոդվածների գործողությունը:

Հարկային մարմինների կողմից ներդրված ավտոմատացված համակարգը, սակայն, կարծես գործատուներին հնարավորություն չի թողել աշխատավարձից չպահելու պարտադիր կուտակային համակարգի համար նախատեսված գումարը, քանի որ հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող են տուգանքներ կիրառվել:

Հինգշաբթի Հայաստանի մայրաքաղաք Երևանում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի երթ են անցկացրել՝ կոչ անելով տարբեր պետական կառույցներին, այդ թվում՝ պետական եկամուտների կոմիտեին, հարգել Սահմանադրական դատարանի որոշումը և չստիպել գործատուներին կուտակային վճարումներ կատարել:

Փետրվարի 6-ին մարդու իրավունքների պաշտպանը իր պաշտոնական կայքում հրապարակված պարզաբանումների մեջ, մասնավորապես, ասել է, որ օրենքի շարունակական ուժի մեջ մնալու և միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանի կողմից նրա որոշ դրույթների կասեցման պայմաններում կարևորը, որ գործատուները համաձայնության գան աշխատակիցների հետ: «Հնարավորություն տան յուրաքանչյուր աշխատողի ինքնուրույն որոշելու պարտադիր կուտակային վճար կատարելու հարցը»,- գրել է նա «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում:

Միևնույն ժամանակ, Պաշտպանը նշել է, որ ՊԵԿ-ը չի խախտել օրենքը իր ավելի վաղ ներդրած ավտոմատ համակարգչային համակարգով, ըստ որի հաշվապահները պետք է լրացնեն կուտակային վճարումների համար նախատեսված դաշտը: Նա նշել է, սակայն, որ պարտադիր կուտակային վճարները չվճարելու կամ ուշացումով վճարելու համար պատասխանատվության բացակայության պայմաններում պարտադիր կուտակայինի դաշտի լրացումը կրում է ֆորմալ տեխնիկական բնույթ: «Այսինքն՝ վճարը հաշվվում է, բայց սա որևէ կերպով չի պարտավորեցնում գործատուին փոխանցել այդ գումարը: Փոխանցման հարցը համատեղ որոշում են գործատուն և աշխատողը»,- ասել է օմբուդսմանը պարզաբանման մեջ:

Թեև կան բազմաթիվ տեսակետներ այն մասին, որ այսօր մինչև Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կուտակայինի վճարումները արվեն, եթե օրենքը սահմանադրական ճանաչվի, հայ օմբուդսմանի կարծիքով՝ մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է սահմանադրության նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը (այդ թվում՝ ՍԴ որոշումները) հետադարձ ուժ չունեն: