Վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակայինի դեմ հանդես եկողները դժգոհ են ԿԲ հայտարարությունից

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) հայտարարությունը, որով կոչ է արվում ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, զարմացրել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությանը, իսկ ընդդիմադիր գործիչների կարծիքով՝ ԿԲ-ն նման հայտարարություն անելու իրավունք չունի:

Արդեն մի քանի ամիս ՀՀ քաղաքացիներից շատերը հանրապետության տարբեր վայրերում ցույցերի և երթերի միջոցով դեմ են արտահայտվում 2014 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, ըստ որի` մինչև 40 տարեկան քաղաքացիների աշխատավարձերի 5-10%-ը պետք է փոխանցվի կուտակային ֆոնդեր, որոնք մի քանի տասնյակ տարի անց պետության փոխանցած գումարների հետ ավելացվելու են նրանց բազային կենսաթոշակին:

Չորս ոչ կոալիցիոն խորհրդարանական խմբակցությունները ևս միացել են քաղաքացիներին և դիմում ու միջնորդություն ներկայացրել ՍԴ, որը հունվարի 24-ին կասեցրեց օրենքի երկու դրույթների գործողությունը, և ՍԴ որոշման համաձայն՝ կուտակային ֆոնդեր միջոցներ չփոխանցած քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվի:

Սակայն հինգշաբթի ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:

«ԿԲ-ն հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Մինչդեռ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրապարակած պարզաբանման մեջ ասվում է, որ օրենքի շարունակական ուժի մեջ մնալու և միևնույն ժամանակ ՍԴ կողմից նրա որոշ դրույթների կասեցման պայմաններում կարևորը, որ գործատուները համաձայնության գան աշխատակիցների հետ: Բացի այդ, ըստ օմբուդսմանի` նույնիսկ եթե օրենքը սահմանադրական ճանաչվի, մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է Սահմանադրության նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը (այդ թվում՝ ՍԴ որոշումները) հետադարձ ուժ չունեն:

ԿԲ հայտարարությունը զարմացրել է նաև «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությանը, որոնց կարծիքով «կասեցում՝ նշանակում է նաև իրավական պաշտպանությունից զրկել, ՍԴ-ն զրկել է վճարում կատարելու դրույթը իրավական պաշտպանությունից, այսինքն՝ չվճարելու համար պատասխանատվություն չկա»:

«Բա էլ ո՞նց է լինում կասեցնելը, հարգելի տգետներ… Ինչ մնում է հետևանքները ծանր լինելուն, մի փոքր թող համբերեն գիտունիկները, հետո կերևա՝ ո՞ւմ համար ու ի՞նչն է ծանր հետևանքներ ունենալու»,- ասվում է նախաձեռնության շաբաթ տարածած հայտարարության մեջ:

Իսկ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասել է, որ ԿԲ հայտարարությունն ընդամենը արհամարհանք է ՍԴ կայացրած որոշման նկատմամբ:

«Այնպես չէ, որ ՍԴ-ն տարիների ընթացքում չի հասել նրան, որ իր հանդեպ հարգանքը զրոյացնի, բայց այս որոշումը ցույց տվեց, որ ՍԴ-ն էլ ունակ է ճիշտ որոշումներ ընդունելու: Եվ ահա` իշխանություններն ու գերատեսչությունները ցույց են տալիս, թե ՍԴ-ն գոյություն չունի»,- ուրբաթ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է Զուրաբյանը: