Կենսաթոշակային բարեփոխումներ և բողոքի ակցիաներ. քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում է մինչև ՍԴ-ի որոշումը

Թեև արդեն մի քանի օր Հայաստանում տարբեր աշխատանքային կոլեկտիվներ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կենսաթոշակային համակարգի վիճահարույց փոփոխությունների դեմ, սակայն աշխատավարձերից շարունակում են պահումներ կատարել, իսկ բողոքները, իշխանությունների կարծիքով՝ շուտով կմարեն:

Հինգշաբթի Երևանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կենտրոնական գրասենյակի առջև ՀԷՑ-ի աշխատակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ կուտակայինի և պահանջում հետ վերադարձնել, ինչպես իրենք են ասում՝ «ապօրինի պահված գումարները»:

Մինչդեռ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընկերությունը ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, ընդամենը հետևել է օրենքի պահանջին։ Նա վստահեցրել է, որ 5 տոկոս վճարները պահվում են հատուկ հաշվեհամարի վրա, փոխանցումներ չեն կատարել, ֆոնդեր չեն ընտրվել, և եթե Սահմանադրական դատարանը որոշի օրենքը կասեցնել, դրանք կվերադարձվեն աշխատակիցներին։ Ըստ Սարջանյանի՝ ՀԷՑ-ն ունի 8000 աշխատակից, որից 2500-ի վրա օրենքը տարածվում է։

Իսկ չորեքշաբթի Երևանի մետրոյի կայարաններից մեկում իրենց բողոքն էին արտահայտել մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ, երկուշաբթի բողոքի ակցիա էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ շուրջ 50 աշխատակիցներ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերակատարները, ովքեր հրաժարվել էին բեմ դուրս գալուց:

Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը առաջատար ընդդիմադիր կուսակցությունների դիմումի հիման վրա մինչև մարտի վերջին օրենքի սահմանադրականության քննությունը կասեցրել է 40 տարեկանից ցածր աշխատողներին՝ իրենց աշխատավարձի 5-10 տոկոսը կենսաթոշակային ֆոնդեր փոխանցելու օրենքի դրույթները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելը:

Իշխանությունը և շատ գործատուներ, սակայն, անտեսել են ընթացակարգային որոշումը՝ պնդելով, որ դատարանը չի կասեցրել օրենքի ուժի մեջ մտնելը:

Ու թեև բողոքի ակցիաները շարունակվում են, սակայն շատերի կարծիքով՝ դրանք սոցիալական բունտի չեն հանգեցնի:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ վերջին շրջանում սոցիալական պայքարի ոլորտում նորություն է, երբ կոլեկտիվներն են արդեն բողոքում իրենց համար անընդունելի օրենքի դեմ, սակայն դժվար է ասել՝ արդյոք այն կվերածվի՞ շարժման:

«Սա ինքնին ցույց է տալիս, որ փաստորեն բոլոր շերտերն են միանում այս պայքարին, և եթե իշխանություններն իրենց բիրտ մոտեցումները շարունակեն, ժամանակի խնդիր է, որ երկրում կարող է լայն ճակատով պայքար սկսվել»,- ասում է Սարգսյանը:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասում է, թե քանի որ պետությունը միջազգային պարտավորություններ ունի, չի հրաժարվի այս օրենքից, սակայն սոցիալական բունտ էլ չի լինի, թեև կլինեն բողոքի ակցիաներ, անախորժություններ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ևս կարծիք էր հայտնել, որ թեև հասարակության մեջ կան խնդիրներ, սակայն երկրում բողոքի այլ ավելի մեծ ցնցումներ կարող էին տեղի ունենալ և ոչ թե սա: