Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում կենսաթոշակային հարցեր քննարկող համաժողովում

Ուրբաթ վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների դեմ հանդես եկող ակտիվիստները փորձել են ձախողել Երևանում կենսաթոշակային հարցերի քննարկմանը նվիրված միջազգային համաժողովը:

Հաղորդվում է, որ «Դեմ եմ» նախաձեռնության մի խումբ անդամներ Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ մտել են դահլիճ և բողոքի ակցիա անցկացրել:

Ավելի վաղ համաժողովում ելույթ էր ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նորից պաշտպանելով պարտադիր կենսաթոշակային վճարների մասին օրենքը, որը վերջին ամիսներին Հայաստանում հարուցել է զանգվածային բողոք:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ 1973 թ.-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձից հավելյալ 5 տոկոս փոխանցեն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ: Սակայն Հայաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունները օրենքի սահմանադրականությունը վիճարկում են Սահմանադրական դատարանում:

Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրել է օրենքի մի քանի դրույթներ, որոնք առնվազն մինչև մարտի 28-ը, երբ նա ձեռնամուխ կլինի հարցի քննությանը, պատասխանատվություն չեն ենթադրում օրենքը չկատարելու համար:

Պետական մարմինները, սակայն, շարունակում են ստիպել գործատուներին իրենց աշխատողների աշխատավարձից պահումներ կատարել, որը ակտիվիստները և ոչ իշխանական քաղաքական ուժերը համարում են անհարգալից վերաբերմունք դատարանի որոշման նկատմամբ: