Կուտակայինի դեմ. «Դեմ եմ» շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիա են անցկացրել

Վիճահարույց կենսաթոշակային բարեփոխմանն ընդդիմացող «Դեմ եմ» շարժումը հերթական ուրբաթօրյա բողոքի ակցիան անցկացրեց՝ այս անգամ ֆինանսների նախարարության շենքի առջև։ Ակցիայի ընթացքում շարժման երեք անդամներ ոստիկանություն բերման ենթարկվեցին:

Սուլիչներով, «Դեմ եմ պարտադիրին» դրոշներով ու պաստառներով, վուվուզելներով ու թմբուկներով զինված երիտասարդները, ովքեր վիճարկում են կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը, այսօր իրենց դժգոհությունը հայտնեցին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարության առնչությամբ: Նախարարը հայտարարել էր, որ այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցների աշխատավարձերից պարտադիր 5 տոկոս պահումները կատարել են, սակայն չեն փոխանցել պետական գանձապետական հաշվեհամարին, կարող են կրկնակի պատասխանատվության ենթարկվել։

Բազմաթիվ գործատուներ, որոնք ստիպված են եղել իրենց աշխատակիցներից պահումներ կատարել, քանի որ աշխատավարձը հաշվարկող համակարգը ավտոմատ պահել է այդ գումարները, նախընտրել են դրանք դեռ չփոխանցել պետական գանձապետարանի կամուրջ հաշվին, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև օրենքի սահմանադրականության վերաբերյալ իր վերջնական որոշումը կայացնելը գործատուներին ազատել էր համապատասխան տուգանքներից։ «Դեմ եմ» շարժման անդամները կարծում են, որ նախարարի այդ հայտարարությունը նպատակ ուներ վախեցնելու գործատուներին և տուգանքների ենթարկելու սպառնալիքով ստիպել նրանց միանալ պարտադիր կուտակային համակարգին, որպեսզի հետագայում ՍԴ-ում փաստեն, որ բազմաթիվ մարդիկ համաձայն են օրենքի կիրարկմանը։

Ըստ նախարարի՝ եթե գործատուն պարտադիր պահումները հատուկ հաշվեհամարին չի փոխանցել, ապա կարող է այդ ընթացքում այդ գումարներից եկամուտ ստանալ, մինչդեռ եթե փոխանցումը կատարեր, այդ եկամուտը կստանար պարտադիր կուտակային համակարգին միացած աշխատակիցը, հետևաբար, գործատուն խախտել է աշխատողի իրավունքը։

«Նախարարն ասում է՝ պահումները պետք է փոխանցվեն հատուկ գանձապետական հաշվեհամարին, բայց ինչո՞ւ չի ասում, որ գումարները կարող են նաև վերադարձվել աշխատողին»,- հակադարձում է «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը։

Մի քանի հարյուր երիտասարդներ ֆինանսների նախարարության շենքի դիմաց պահանջեցին նախարարից իջնել և պարզաբանել իր հայտարարությունը։ Նախարարի փոխարեն ցուցարարներին մոտեցավ նախարարության աշխատակազմի ղեկավարը, սակայն երիտասարդները հրաժարվեցին այդ պաշտոնյային լսելուց՝ պահանջելով, որ բացատրությունն անձամբ նախարարը ներկայացնի։ Իսկ քանի որ նախարարը չիջավ, երիտասարդները փակեցին Ազգային պատկերասրահի և նախարարության շենքի միջև գտնվող փողոցի հատվածը, ինչի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի երեք մասնակիցների։

Այնուհետև երիտասարդներն իրենց մանրադրամները շպրտեցին նախարարության շենքի առջև՝ պնդելով, որ պետական համակարգը թալանում է իրենց, և շարժվեցին դեպի ոստիկանության բաժանմունք՝ աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։ Բերման ենթարկված ակցիայի երեք մասնակիցներին ավել ուշ բաց են թողել:

Նկատենք, որ վերջին օրերին մամուլում սկսվել է շրջանառվել այն տեղեկությունը, որ իշխանությունները որոշել են զիջումների գնալ պարտադիրի հարցում, քանի որ հասկանում են, որ բողոքի ալիքը չի մարում։ Մասնավորապես, շրջանառվում են օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու կամ պարտադիր կուտակային պահումը եկամտահարկի մեջ ներառելու տարբերակները։