«Դեմ եմ». ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հավաք-երթ

Վիճահարույց նոր կենսաթոշակային համակարգի դեմ քարոզչություն իրականացնող քաղաքացիական խումբը իր հերթական հավաք-երթը կանցկացնի մարտի 22-ին:

«Դեմ եմ» խմբի կայքում զետեղված հայտարարության մեջ նշված է, որ հանրահավաքը կսկսվի Երեւանի Ազատության հրապարակից ժամը 14:00-ին:

«Ինչպես հայտնի է, ԱԺ չորս խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը: Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ»,- նշվում է քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարության մեջ:

Ըստ «Դեմ եմ»-ի հայտարարության՝ հավաք-երթի նպատակներն են՝ հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի վերջին հավաք-երթից հետո և գնահատել տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին «մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը» և Սահմանադրական դատարանից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները, «այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը», զգուշացրել է նա:

2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր օրենքի, համաձայն՝ 1973 թ.-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձից ամեն ամիս հավելյալ 5-10 տոկոս փոխանցեն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ՝ այդ կուտակված գումարները կենսաթոշակային տարիքի՝ 63 տարեկան, հասնելուց հետո օգտագործելու պայմանով: Չորս ոչ իշխանական խմբակցությունները հայցով դիմել են Սահմանադրական դատարան, որը մինչև վերջնական վճռի կայացումը կասեցրել է քաղաքացիների աշխատավարձից փոխանցումներ պարտադիր կատարելու դրույթների գործողությունը: Բողոքի ակցիաները Հայաստանում, սակայն, շարունակում են, ակտիվիստները և աշխատող քաղաքացիները բողոքում են, որ գործատուներն իրենց անունից շարունակում են պահումներ կատարել: