Նավի վրա ամեն ինչ կարգին է. «Կիլիկիան» ավարտում է Եվրոպայի շուրջն իր պատմական նավարկության երկրորդ փուլը

Ավարտելով իր էպիկական ծովային ճամփորդության այս փուլը` «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմը այս շաբաթ վերադարձավ Հայաստան:

13-րդ դարի հայկական առևտրանավի նմանությամբ կառուցված առագաստանավը ժամանեց Մեծ Բրիտանիա, որտեղ էլ կձմեռի:

«Կիլիկիան» խարիսխ գցեց Անգլիայի հարավում գտնվող Փորթսմութ նավահանգստում օգոստոսի 19-ին: Հաջորդ օրը նավամատույցում հավաքվել էին Փորթսմութի քաղաքապետը և բրիտանահայ համայնքի մոտ 100 անդամ` ողջունելու նավապետ Կարեն Բալայանին և նրա անձնակազմին:

Ներկաների մեջ էր նաև բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը եկել էր ողջունելու անձնակազմի անդամ, իր բարեկամ, գրող ու ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Զորի Բալայանին: Նավի կայմին իրար կողքի ծածանվում էին Մեծ Բրիտանիայի և Լեռնային Ղարաբաղի դրոշները:

Անգլիա ժամանելով` «Կիլիկիան» ավարտեց իր ճամփորդության երկրորդ փուլը, որն սկսվել էր ապրիլին Վենետիկում: Իսկ ճամփորդությունը, միջնադարյան հայ առևտրանավերի երթուղիներով, սկսվել էր Վրաստանի Փոթի նավահանգստից 2004 թվականի հուլիսին:

21 երկրով ճամփորդության երրորդ փուլը կսկսվի 2006 թվականին, երբ «Կիլիկիան» Փորթսմութից կնավարկի դեպի Ամստերդամ, ապա ուղղություն կվերցնի դեպի հյուսիս` դեպի Բալթիկ ծովում գտնվող վերջնակետը` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ նավահանգիստ:

Ճամփորդության յուրաքանչյուր փուլի համար պահանջվել էմոտ 100 հազար դոլար, որն ապահովել են հովանավորները: Առագաստանավի հայտնվելը Եվրոպայի նավահանգիստներում զգալի հետաքրքրություն է առաջ բերել ներկայումս ծովազուրկ Հայաստանի նկատմամբ: Նավի անձնակազմը կրում է միջնադարյան հայկական տարազներ, և երբ նավը ժամանում է որևէ նավահանգիստ, դա առաջ է բերում տեղի բնակչության մեծ հետաքրքրությունը:

Նավապետ Կարեն Բալայանի համար այս պատմական փորձը նաև նշանակում է կապերի վերականգնում Հայաստանի և եվրոպական երկրների միջև Կիլիկյան թագավորության անկումից ավելի քան վեց դար հետո (Կիլիկիան այժմ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում):

Այս նավարկությունը Հայաստանի ծովային ավանդույթների վերականգնման 20-ամյա երազանքի գագաթնակետն է: Բալայանը դեռևս 1985 թվականին հիմնել էր «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, իսկ 1990 թվականին իր խանդավառ ընկերների հետ որոշել է կառուցել միջնադարյան հայկական նավի ճիշտ նմանակը` օգտվելով այն ժամանակվա տեխնիկական միջոցներից ու հնարքներից:

Նրանք հետամուտ եղան իրենց երազանքին Խորհրդային Միության փլուզման և Հայաստանի անկախացման առաջին տարիների տնտեսական դժվարությունների փորձությունների միջով: Եվ վերջապես, 20 մ երկարություն և 5 մ լայնություն ունեցող «Կիլիկիա» առագաստանավը 2002 թվականի մայիսին ջրարկվեց Սևանա լճում, իսկ երկու տարի անց սկսեց իր նավարկությունը Սև ծովում:

«Շատերը չէին հավատում դրան, բայց մենք միշտ վստահ էինք, որ օրը կգա, և մենք ծով դուրս կգանք»,- հիշում է Բալայանը:

Միջերկրական ծովով նավարկելիս «Կիլիկիան» ժամանեց Այաս` Կիլիկիայի նավահանգիստ, որի անունով Բալայանը կոչել էր իր ակումբը:

«20 տարի անցավ, մինչև նավը ժամանեց իր հայրենիք: Հուզական առումով դա ինձ համար ամենակարևոր կանգառն էր: Բոլորս լուռ նստել էինք տախտակամածին և փորձում էինք գիտակցել, թե ինչ ենք արել»,- ասում է նա:

«Այասը Կիլիկիայի հայկական թագավորության գլխավոր նավահանգիստն էր: Մենք առաջին հայկական նավն էինք, որ չորս հարյուր տարի անց ժամանեցինք նավահանգիստ»:

Ճամփորդության այս փուլի ընթացքում Բալայանը և 14 մարդուց կազմված նրա անձնակազմը նավարկեցին Իտալիայից Անգլիա` Իսպանիայի և Ֆրանսիայի նավահանգիստներով: Յուրաքանչյուր կանգառից հետո «Կիլիկիան» մոտ յոթ օր լինում էր բաց ծովում` ապավինելով քամու ուժին և առաջ շարժվելով միջինը 4 հանգույց արագությամբ:

Ակնկալվում է, որ նավի ժամանումը Սանկտ Պետերբուրգ կհամընկնի Ռուսաստանում Հայաստանի տարվա տոնակատարությանը: Բալայանն ասում է, որ նավը կվերադառնա Սև ծով Ռուսաստանի գետերով, իսկ հետո Վրաստանից ցամաքով կտեղափոխվի Հայաստան:

Հայաստանից Սև ծով 2002 թվականի ցամաքային ճամփորդության ժամանակ տեղի ունեցավ արշավախմբի ամենաանսպասելի հանդիպումներից մեկը: Նեղ լեռնային ճանապարհներով անցնելիս նրանք հանդիպեցին վիկինգների նավի պատճենին, որը շարժվում էր հակառակ ուղղությամբ. շվեդական անձնակազմն այն տանում էր դեպի Կասպից ծով:

«Հավատս չէր գալիս, որ Վրաստանի լեռներում ես վիկինգների նավ եմ տեսնում: Կարո՞ղ եք պատկերացնել շվեդների զարմանքը, երբ տեսան մեր նավը»,- ասում է Բալայանը:

Փորթսմութում, ինչպես և նախորդ կանգառի ժամանակ Իտալիայում, Զորի Բալայանին դիմավորեց ոստիկանությունը, քանի որ Ադրբեջանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել Ինտերպոլով: Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Բալայանը մասնակցել է 1994 թվականին Բաքվի մետրոյում իրականացված ահաբեկչությանը:

Ոստիկանները հեռացան այն բանից հետո, երբ Բալայանը նրանց ներկայացրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղարի նամակը, որտեղ գրված էր, որ գործակալությունը համարում է, որ ադրբեջանցիների բողոքը քաղաքական դրդապատճառ ունի, և հանել է Զորի Բալայանի անունը փնտրվող անձանց ցուցակից:

Բալայանն ասում է, որ դատի է տվել Ադրբեջանին և պահանջում է ընդհանուր առմամբ 178 միլիոն դոլար` մեկ միլիոն Ինտերպոլի ցանցում ընդգրկված 178 երկրներից յուրաքանչյուրի համար: Նա ասում է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել Ղարաբաղի անկախության պայքարում նրա ակտիվ մասնակցության համար:

«Ադրբեջանը հեռագիր է ուղարկում իմ այցելած բոլոր երկրներին: Այս անգամ հեռագիր էին ուղարկել Փորթսմութ: Ոստիկանները եկան, կարդացին նամակը ու հեռացան»,- ասաց նա: