Նոր օրենքներ, որոնցով պետք է ապրենք. եվրոպական կառույցները գոհ են սահմանադրության փոփոխություններից, իսկ ընդդիմությունը` ոչ

Չորս օր տևած քննարկումներից հետո Ազգային ժողովն ընդունեց սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը: Իշխող կոալիցիայի նախագիծը թեև ընդունելի էր եվրոպական կառույցների համար, սակայն ընդունելի չէր Հայաստանի ընդդիմության համար:

Ընդդիմությունը դադարեցրեց իր մոտ մեկուկես տարվա բոյկոտը և մասնակցեց քննարկումներին, սակայն նախավերջին օրը դահլիճը լքեց` հայտարարելով, որ դեմ է քվեարկելու փոփոխություններին (ընդդիմության մի թևը` «Արդարություն» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը, չդադարեցրեց բոյկոտը):

Վերջին երեք ամիսներին ամենաշատ քննարկվող քաղաքական թեման սահմանադրության փոփոխություններն էին: Դեռևս մայիսի 11-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել էր սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որ քիչ էր տարբերվում գործողից (սեղմեք այստեղ «ԱրմենիաՆաուի» նախորդ հոդվածը կարդալու համար). տարանջատված չէին իշխանության ճյուղերը, նախագահն ուներ անսահման լիազորություններ: Մայիսի 27-ին Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, որ ընդունված նախագիծը խորապես հիասթափեցրել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին և այն արմատական փոփոխության կարիք ունի: Հունիսի 23-24-ին Ստրասբուրգում հանդիպեցին Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբը և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, և համաձայնություն ձեռք բերվեց շտկել վիճահարույց դրույթները: Արդյունքում ստեղծվեց փոփոխությունների նոր նախագիծը:

Այսպիսով` Եվրոպական կառույցների ճնշմամբ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին նոր փոփոխություններ կատարել: Նոր փոփոխված նախագծում երեք կարևորագույն դրույթներ են մտցված. 1. Երևանի քաղաքապետը ընտրովի է (ընտրվում է ընտրված ավագանու կողմից. ներկայումս քաղաքապետին նշանակում է նախագահը): 2. Դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը` արդարադատության խորհրդի առաջարկով (ի տարբերություն նախորդի, երբ արդարադատության խորհրդի նախագահ նշանակում է նախագահը, իսկ գործող սահմանադրությամբ նախագահն է արդարադատության խորհրդի նախագահը): 3. Վարչապետը պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև, և նրան նախագահը չի կարող պաշտոնանկ անել: Նախագահը վարչապետ է նշանակում Ազգային ժողովի մեծամասնությունը վայելող անձին:

Նաև հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է ԱԺ-ն, կեսին նշանակում է նախագահը (այժմ բոլորին նշանակում է նախագահը: Հանձնաժողովի` նախագահից կախված լինելով բացատրվում է «Ա1+» հեռուստատեսությանը եթերից զրկելը):

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում եվրոպական երկրների դեսպանները մի քանի անգամ ողջունեցին կոալիցիայի ներկայացրած սահմանադրական նոր փոփոխությունները և կոչ արեցին ընդդիմությանը մասնակցել այդ փոփոխությունների քննարկմանը:

Ընդդիմությունն ընդունեց, որ այս նախագիծը նախորդի համեմատությամբ դրական քայլ է, սակայն կան անընդունելի դրույթներ:

Ընդդիմությունը, մասնավորապես «Արդարություն» դաշինքը, հինգ առաջարկություն էր ներկայացրել, որոնք չընդգրկվեցին փոփոխությունների մեջ:

Մյուս կարևոր փաստարկը, որի պատճառով ընդդիմությունը դեմ է այս նախագծին, այն է, որ եթե սահմանադրությունն ընդունվի այժմ, ապա նշված կարևոր փոփոխությունները, ըստ «Անցումային դրույթներ» գլխի, կկատարվեն 2007 թվականի հունիսին, Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո, իսկ մի մասն էլ դրանից մեկ տարի անց` 2008-ին:

Ընդդիմության ղեկավարները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Արդարության» անդամ Շավարշ Քոչարյանն ասաց, որ, իր կարծիքով, ընդդիմությունը պիտի չեզոք մնա, իսկ իշխանությունները թող համոզեն ժողովրդին կողմ քվեարկել: Նա ասաց, որ այս նախագիծը կոալիցիայի զավակը չէ, քանի որ ստեղծվել է Եվրոպայի ճնշմամբ և ցույց է տալիս, թե ինչպես երեք ամսվա ընթացքում նույն մարդիկ սկզբունքորեն այլ փոփոխություններ են ներկայացնում: Կոալիցիայի ներկայացուցիչներն ասում էին, որ փոփոխություններն ի սկզբանե բխում էին ընդդիմության առաջարկներից և ոչ թե Եվրոպայի ճնշման արդյունք են:

Քաղաքագետների կարծիքով` ընդդիմության դիրքորոշման պատճառով սահմանադրական հանրաքվեն կամ չի անցնի, կամ իշխանությունները կկեղծեն արդյունքները: Քաղաքագետ Վարդան Պողոսյանը, որ անմիջական մասնակցություն է ունեցել Ստրասբուրգի հանդիպմանը և դեր խաղացել դրական փոփոխություններում, ասում է, որ այս նախագիծը թերություններով հանդերձ ժողովրդավարական է և ավելի լավ կլիներ, որ այս փոփոխությունները գործեին: Սակայն ժողովուրդը չի ընդունի դրանք, քանի որ պարտադրվում են և չեն ստեղծվել քաղաքական համաձայնության մթնոլորտում. «Սահմանադրությունը միայն իրավական փաստաթուղթ չէ, նաև քաղաքական փաստաթուղթ է և առաջին հերթին քաղաքական համաձայնությունների արդյունք,- ասում է նա: - Իշխանությունները չգնացին քաղաքական համաձայնության: Բացի այդ, եթե իշխանությունները բարեփոխման կողմնակից են, ինչու չեն ուզում փոփոխությունների կարևոր դրույթները շուտ ուժի մեջ մտցնել»:

Մյուս կողմից էլ ընդդիմությունը կարող էր ավելի գրագետ գործել` վերացնելով բոյկոտը, ներկայացնել սահմանադրական նախագիծ, շեշտել ժողովրդի համար ընկալելի 10 կետեր և կոչ անել կողմ քվեարկել, եթե դրանք ընդգրկվեն փոփոխությունների մեջ: Բայց, համենայն դեպս, ընդդիմության մեղքը շատ ավելի փոքր է: Իշխանությունները ցույց տվեցին, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի և համաձայնության չեն գնա՚:

Սահմանադրական փոփոխությունները հավանաբար հանրաքվեի կդրվեն նոյեմբերին: