Դժվար դասեր. երեխաները դպրոց չեն հաճախում միջոցներ չունենալու պատճառով

Սեպտեմբերի 1-ին երեխաները նոր հագուստով ու ծաղկեփնջերով նորից դպրոց գնացին, իսկ 9-ամյա Ալինան և 7-ամյա Սերոբը մնացին տանը:

”Ո?նց գնան դպրոց, ի?նչ հագնեն, մի հատ տետրի փող անգամ չունենք,- ասում է 4 երեխայի մայր Պայծառ Մանուչարյանը: - Հազիվ հասցնում եմ կերակրել: Տեսնենք` երևի մյուս տարի ուղարկեմ…”:

Երևանի Արցախի փողոցի չորրորդ նրբանցքի նախկին Գեղարվեստի ուսումնարանի շենքի ավերակներում ծվարած Պայծառի երեխաները միակը չեն, որ զրկված են դպրոց գնալու հնարավորությունից: Այս բակում ապրող շատ երեխաներ դպրոցի մասին միայն լսել են ու երազել, իսկ ոմանք էլ հաճախել միայն երկու-երեք տարի:

“Երեք երեխաներս էլ լավ էին սովորում, բայց 4-րդ դասարանից դպրոցի երես չեն տեսել,- ասում է նույն բակի բնակիչ 48-ամյա Ժաննա Խաչատուրովան: - Ամեն օր 600 դրամ մենակ տրանսպորտի փող պետք ա տայի, իսկ օր ա լինում` հացի 100 դրամ չեմ ունենում, ո՞նց դպրոց ուղարկեմ”:

Շենգավիթի համայնքի թաղապետարանի կրթության բաժնի պետ Արսեն Ադամյանի հավաստմամբ` իրենց համայնքում դպրոց չհաճախող երեխա չկա. “Բոլորին էլ օգնում ենք, բոլորն էլ կրթություն ստանում են”,- ասում է նա:

Նույնիսկ 90-ականների ամենածանր տարիներին ընդգրկվածությունը դպրոցներում կազմել է մոտ 97 տոկոս: Իսկ այժմ, ըստ “Մարդկային աղքատության ուսումնասիրություն” ծրագրի` այն իջել է մոտ 77 տոկոսի:

“Հնարավոր չէ ստույգ ասել, թե քանի երեխա է ժամանակից շուտ թողել դպրոցը, քանիսն ընդհանրապես չի հաճախել,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Նաիրա Ավետիսյանը: - Այս թվերը խեղաթյուրվում են, ինչպես նախկինում մահացության թվերը”:

Նրա խոսքով` գյուղական համայնքներում աճել է դպրոցը թողած և աշխատանքով զբաղվող երեխաների թիվը, բայց պաշտոնապես չի հայտարարվում, քանի որ այդ երեխաները գրանցված են դպրոցում:

“Հայաստանում դպրոցների ընդգրկվածությունը որոշ երկրների հետ համեմատած լավ ցուցանիշ ունի, բայց մտահոգիչն այն է, որ խնդիրը լուրջ ուշադրության չի արժանանում: Թվերը թաքցնում են, երեխաների` դպրոցից դուրս մնալը աճի միտում ունի, և եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց ցուցանիշները կնվազեն”,- ասում է Ավետիսյանը:

Այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր ծրագիր իրականացրեց, որի շրջանակներում առաջին դասարանցի ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներն ստացան 20000 դրամ միանվագ օգնություն: “Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան 8-9 տարեկան երեխաներ, որոնք դեռ չեն նստել աշակերտական սեղանի առաջ հենց ‎ֆինանսական խնդիրների պատճառով,- ասում է սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: - Նախնական տվյալներով` հանրապետության նպաստառու ընտանիքների 6500-6700 երեխա պատրաստվում է դպրոց գնալ: Նախաձեռնության նպատակն այդ ընտանիքների հոգսը որոշ չափով թեթևացնելն է: 5000 ընտանիք արդեն ստացել է գումարը”:

Նրանց թվում է 5 երեխայի մայր Ժաննա Մնացականյանի 9-ամյա որդին, որը երկու տարի ուշացումով այս տարի վերջապես առաջին դասարան կգնա:

“Երեք դպրոցական պահելը պարզապես անհնար է,- ասում է Մնացականյանը: -Կառլենս արդեն պետք է երրորդ դասարան լիներ, ամեն տարի փող չէր լինում, որ դպրոց տայի: Խեղճ երեխաս էլ է ամաչում էդ բոյին նստել 6-7 տարեկանների հետ”:

Նա ասում է, որ ամեն երեխայի համար ուսումնական տարվա սկզբին առնվազն 50 դոլար է ծախսում հագուստի, կոշիկի, պայուսակի, գրենական պիտույքների ու դասագրքերի համար:

“Ամեն երեխայի համար 8-11 դասագիրք պետք է առնենք: Մեկ դասագրքի համար 300-800 դրամն էժան է թվում, բայց երեք երեխայի համար հսկայական գումար է դառնում: 27000 դրամ նպաստով էդ ծախսերը ո՞նց հոգամ ու համ էլ սնունդ ապահովեմ”,- մտահոգ հարցնում է Մնացականյանը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վերահսկման բաժնի պետ Նուրիջան Մանուկյանի խոսքերով` սոցիալական վիճակը վաղ թե ուշ կշտկվի, բայց ցավալին այն է, որ կրթության նկատմամբ վերաբերմունքն է փոխվում:

“Իմ սովորելու տարիներին մեր դասարանում երեխաներ կային, որոնք լրիվ ոտաբոբիկ էին գալիս դպրոց ու լավ սովորում: Այսօր արժեքները փոխվել են, դպրոցը դարձել է ցուցադրության վայր”,- ասում է Մանուկյանը:

Մանուկյանի կարծիքով` պարտադիր ուսման հասակի (16 տարեկան) դպրոց չհաճախող երեխաներով պետք է զբաղվեն համայնքները, հաշվառեն այդ երեխաներին և ամեն ինչ անեն, որ նրանք ուսում ստանան:

Երևանի բոլոր 10 համայնքների թաղապետարանների կրթության և սոցիալական բաժիններում “ԱրմենիաՆաուին” հավաստիացրին, որ իրենց համայնքում նման հայ երեխաներ չկան, միայն եզդիների և քրդերի երեխաներն են:

Ժաննա Խաչատուրովան ասում է, որ թաղապետի վերջին ընտրությունների ժամանակ իրենք խնդրել են միկրոավտոբուս տրամադրել այն երեխաների համար, որոնք ի վիճակի չեն վճարելու տրանսպորտի վարձը: Նա ասում է, որ միայն իրենց շենքում այդպիսի 7 երեխա կա, իսկ թաղամասում` մոտ 20:

“Մենակ խոստանում են, հետո էլ մոռանում ու ասում, թե նման երեխա չկա”,- ասում է երեք երեխայի մայրը: