Հանդիպումը Թաթարստանում ոչ մի նոր բան չի տալիս բանակցային գործընթացին. հունիսյան լավատեսությունը Կազանում ցնդում է

Օգոստոսի 27-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` նվիրված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Ավելի վաղ` օգոստոսի 23-ին, Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները` քննարկելու Կազանում կայանալիք բանակցությունների առանձին մանրամասներ:

Մոսկովյան հանդիպման մասին ստույգ տեղեկություններ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ “առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն է, որ պետք է արտահայտվի սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու բնակչության իրավունքով”:

Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը նույնպես անփոփոխ է մնացել, որը մոսկովյան բանակցություններից անմիջապես հետո բարձրաձայնել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. “Ադրբեջանը ելնում է այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ և պետք է մնա այնտեղ”:

Նախագահների կազանյան հանդիպմանը նախորդեց մի քանի հետաքրքիր իրադարձություն, որոնք արժանի են հատուկ ուշադրության: Սպասվում էր, որ հենց այս հանդիպման ընթացքում նախագահներին կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած հիմնահարցի կարգավորման “Աշխատանքային փաստաթուղթը”: Այդ մասին ավելի շատ խոսվում էր հուլիսի սկզբին, սակայն արդեն ամսվա վերջին միջնորդներն այդ մասին ոչ մի ստույգ հայտարարություն չարեցին:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանն այսօր խորհրդարանական ընտրությունների, իսկ Հայաստանը` սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի շեմին են, շատ քաղաքական վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ այս հանդիպումը որևէ էական առաջընթաց չի կարող խոստանալ: Այս առումով նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան նրա հայ պաշտոնակիցը:

“Նախագահ Ալիևն աստիճանաբար կորցնում է հոր կուտակած ներքին ու արտաքին վստահության լիմիտը,- նշում է քաղաքական վերլուծաբան Ռաֆայել Զախարյանը: - Արևմուտքը ցանկանում է հանձին նրա տեսնել վստահելի գործընկերոջ, որն ի վիճակի է խնդիրներ լուծել, այդ թվում` ղարաբաղյանը: Վաշինգտոնի որոշակի մտահոգությունն Իլհամ Ալիևի քաղաքական վարքագծից նոր արտահայտություն գտավ հուլիսի վերջին ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի` Բաքու կատարած այցի ընթացքում: Նույնիսկ չէր բացառվում, որ օգոստոսի 27-ին Կազանում նախագահ Քոչարյանի հետ նախատեսված հանդիպման պահին Ադրբեջանի նախագահը կարող է նոր քաղաքական թիմ ունենալ”:

Ուշագրավ է, որ Օլբրայթի այցից անմիջապես հետո մի քանի ընդդիմադիր ադրբեջանական թերթեր (“Բաքի խաբար”, “Յենի մուսավաթ”, “Ազադլիգ” և այլն) հրապարակեցին ընդարձակ հոդվածներ երկրի իրավապահ համակարգում տիրող վիճակի և պաշտոնյաների կոռուպցիայի մասին:

Կան նաև տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ղեկավարը խոստացել է լուրջ ռոտացիա անցկացնել իր թիմում և ազատել աշխատանքից իր աշխատակազմի առավել ազդեցիկ պաշտոնյաների: Առանձին հաղորդագրություններում նշվում էին նաև “վերևից իրականացվելիք հեղափոխության” ժամկետները` մինչև օգոստոսի 21-ը:

“Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախկին պետքարտուղարը հերքեց մամուլում հայտնված տեղեկություններն Ադրբեջանում հնարավոր հեղափոխության մասին, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվեն,- այս առնչությամբ գրում է Բաքվի “Նովոյե վրեմյա” թերթը: - Սակայն մի հավաստի աղբյուր հայտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի հետ ճաշի ընթացքում տիկին Օլբրայթը ոչ պակաս սենսացիոն հայտարարություն է արել` հայտնելով դեսպանին և ներկա հյուրերին նախագահ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որ օգոստոսի 20-ից ոչ ուշ նա աշխատանքից կազատի առավել ազդեցիկ նախարարների, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին և աշխատակազմի նրա մերձավոր շատ աշխատակիցների”:

Վկայակոչելով այս թերթը` “Ռեգնում” լրատվական գործակալությունն օգոստոսի սկզբին հաղորդեց, որ “ամերիկյան ադմինիստրացիայի առաջադրված պայմաններն ընդունվել են. նախագահ Ալիևը պետք է մինչև օգոստոսի 21-ն իր թիմի լուրջ ռոտացիա իրականացնի, մի բան, որը նրանից վաղուց ակնկալում էին հյուսիսատլանտյան քաղաքական գործիչները: Այդ դեպքում նրան կտրվի Ադրբեջանը էվոլյուցիոն ուղիով զարգացնելու վերջին հնարավորությունը”:

Օլբրայթի այցին հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Վաշինգտոն, որի հետևանքով աշխատակազմի ռոտացիան “հետաձգվեց” խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն պարզ դարձավ, որ Կազանում Ալիևին ամենից քիչ կմտահոգի Ղարաբաղի հարցը:

Քոչարյանը նույնպես մեկնում էր Կազան օգոստոսի 29-ին Ազգային ժողովում կայանալիք սահմանադրության փոփոխությունների քննարկման հարցի հետ կապված որոշ խնդիրների բեռով: Կազան մեկնելու նախօրյակին նա այդ առնչությամբ հարցազրույց տվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

Ինչևէ, բանակցությունները երկու ղեկավարների միջև կայացան հայտարարված օրը` օգոստոսի 27-ին: Նախատեսվում էր նաև, որ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ բանակցությունների որոշակի փուլում նրանց կմիանան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սակայն Ռուսաստանի նախագահը հանդիպմանը ներկա չէր, իսկ միջնորդները սահմանափակվեցին նախագահներին դիմավորող ու ճանապարհող դիվանագիտական եռյակի դերով:

Առաջինը Կազանի խորհրդարան ժամանեց Ալիևը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ ուղղվեց դեպի բանակցությունների համար հատկացված աշխատասենյակ: Հինգ րոպե անց շենքին մոտեցավ Հայաստանի նախագահի ավտոշարասյունը, և Քոչարյանը նույն խմբի ուղեկցությամբ շարժվեց դեպի դռների մոտ իրեն դիմավորող Ալիևը:

Բանակցությունները Քոչարյանի և Ալիևի միջև սկսվեցին կեսօրին և շարունակվեցին մինչև ժամը 2-ը: Շուտով լրագրողներին տեղեկացրին, որ պետության ղեկավարները հայտարարությամբ հանդես չեն գա:

Այս հանդիպումից դեռ երկու ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի լավատեսորեն էին տրամադրված և նույնիսկ չէին բացառում հակամարտության կարգավորման հնարավորությունը տեսանելի ապագայում: Դրանից քիչ անց միջնորդների նախկին տրամադրությունից հետք էլ չմնաց, ընդ որում` որքան մոտենում էր Կազանի հանդիպման ժամկետը, այնքան նվազում էր հունիսյան լավատեսությունը: Անհնար է ասել, թե ստույգ ինչ տեղի ունեցավ այդ երկու ամիսների ընթացքում: Օսկանյանը հստակ պատասխան չտվեց այդ հարցին, սակայն չբացառեց, որ “դրան նպաստեցին նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները” (վերջինս անհնար համարեց որևէ զիջում Բաքվի կողմից):

“Հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը` ես լիազորված չեմ հայտնելու, թե նախագահներն ինչ հարցեր են քննարկել Կազանի հանդիպման ընթացքում,- ասաց արտգործնախարարը: - Սակայն ակնհայտ է, որ առանց փոխզիջումների չի կարող լինել համաշխարհային հանրության կողմից ընդունելի որևէ համաձայնություն”:

Ընդհանուր առմամբ, արտգործնախարարը դրական գնահատեց Կազանի բանակցությունները, սակայն այս առումով ավելի հետաքրքիր էին Հայաստանի նախագահի մեկնաբանությունները: Երևան վերադառնալիս նախագահն ինքնաթիռում նշեց, որ “բանակցությունների ընթացքը բոլորովին էլ վատ չէր, և եթե դրանք հետագայում էլ շարունակվեն նույն հունով, ապա, թերևս, նշմարվի ինչ-որ ավարտ”: Նախագահն այս թեմայով որևէ այլ մեկնաբանություն չարեց: