Զարմանդուխտի հիշողությունները. հնգամյա զոհն ու 95-ամյա վերապրողը

Եվս հինգ տարի, և Զարմանդուխտ Խաչատրյանը կբոլորի իր մեկ դարը: Նա իր առողջական վիճակից առանձնապես չի բողոքում: Ասում է` ախորժակը տեղն է, լսողությունը` սուր, իսկ ակնոց դնում էր մինչև 80 տարեկանը, այնուհետև կարծես տեսողությունը կրկին վերականգնվեց:

Բողոքում է արյան ճնշման տատանումներից կամ գլխացավից, այն էլ` ոչ հաճախ: Հումորի զգացման պակաս նույնպես չունի: Ինչպես ինքն է ծիծաղելով ասում, սուրճ չի խմում` օրական ընդամենը երեք բաժակ, իսկ շոկոլադ ընդհանրապես չի օգտագործում:

«Դրա համար էլ էդքան երգար եմ ապրում»,- ասում է նա:

Երևանյան ամառային շոգից ամառանոցում պատսպարվելուց հետո Զարմանդուխտ տատը մի քանի օր առաջ վերադարձել է մայրաքաղաք` իր ամուսնու կառուցած տուն, որտեղ ապրում է փոքր տղայի ընտանիքի հետ: Սակայն այստեղ նրա առօրյան ամառանոցի հանգստից գրեթե ոչնչով չի տարբերվում:

Օրվա ընթացքում նստում է տան առջևի փոքրիկ բակում` խաղողի վազերի տակ` շրջապատված ընտանիքի անդամներով, իսկ երեկոյան հեռուստացույց է դիտում:

«Մեկ-մեկ էլ հարսիս եմ ծառայում»,- կրկին սրամտում է Զարմանդուխտը:   

Նրա գրեթե մեկդարյա կյանքի հուշերը կարծես անսպառ լինեն:

«Էսօրվա պես սաղ հիշում եմ, փոքրուցս սկսած մինչև հիմա»,- ասում է նա: Իսկ մանկությունից մինչ այսօր Զարմանդուխտն անցել է մի երկար ճանապարհ, որը մի քանի անգամ բախվել է լույսի ու խավարի խաչմերուկներում` երկաթյա դարձնելով նրա նյարդերը:

1914 թվականից սկսած` Զարմանդուխտենց ընտանիքը երեք անգամ գաղթել է հայրենի Փանիկ գյուղից, որը պատմական Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի գյուղերից էր (ներկայումս Թուրքիայում է):

Դրանք նրա կյանքի ամենամռայլ տարիներն էին, երբ հինգ տարեկան փոքրիկ աղջնակը չէր հասցնում ընկալել իրադարձությունների կտրուկ փոփոխությունները: Նա կորցնում է հորը, ավագ քրոջն ու երեք հորեղբոր ընտանիքներին` մնալով մոր հետ միայնակ:

«Փանիկ գյուղը մոտ իրեք կիլոմետր էր հեռու Իգդիրից: Հիմի որ էրթամ, կկայնեմ մեր տան վրեն, բայց տղես ասում է` խի? էդ տունը մնացել ա, որ դու էլ էրթաս գտնես»,- ասում է Զարմանդուխտն ու ավելացնում. «էրազիս պես հիշում եմ տունը»:

Ձեռքերն առաջ պարզելով` նա սկսում է պատկերավոր նկարագրել. «Սենց էրկու տուն էր դարբասներով. մեկի մեջ էրկու հորոխպորս ընտանիքն էր ապրում, մյուսի մեջ էլ մենք էինք ու մյուս հորոխպորս ընտանիքը: Տղամարդիկ եզները կապում ու սելերով դուրս էին գալիս բաղերը: Ընդեղ էլ դեղձ կար, խաղող կար, ցորեն ունեինք»:

Սուրմալուի գավառը նախորդ դարասկզբին մտնում էր Երևանի նահանգի մեջ և գտնվում էր Արարատյան դաշտավայրում` Արաքս գետի աջ ափին: Գավառի վարչական կենտրոնն Իգդիրն էր, որը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, հարթ տեղում: Այն հայտնի է իր պտղատու այգիներով ու բարդիներով:

1914 թ. Իգդիրն ուներ մոտ 10 հազար բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բամբակագործությամբ, արհեստներով և առևտրով: Իգդիրում գործում էին երկու վարժարան (արական և իգական) և երեք եկեղեցի:

1920 թ. աշնանը` հայ-թուրքական պատերազմի ժամանակ, Իգդիրը գրավեցին Կարաբեքիր փաշայի զորքերը և այլևս չվերադարձրին: 1921 թ. Կարսի
խորհրդա-թուրքական պայմանագրով Սուրմալուի գավառը, ներառյալ Իգդիրը, անցավ Թուրքիային, թեև երբեք չէր պատկանել նրան: Այժմ թուրքաբնակ քաղաք է, որտեղ վերջին շրջանում ավելանում է նաև Նախիջևանից եկած ադրբեջանցիների թիվը:

«Իրեք անգամ գաղթել ենք,- շարունակում է իր դառը հուշերը Զարմանդուխտ տատը: - Իրեք անգամ «տրիվոգ» են տվել` դուրս էկեք, թուրքն եկավ: Հելնում ու փախնում էինք: Արազը (Արաքսը) անցնում էինք ու կանգնում: Հետո էլ ասում էին` թուրքը քաշվել ա, հետ գնացեք»:

«Ճաշով ղազանը օջախի վրեն դրած` մերս թեշտը կորզում էր վրեն, կրակն էլ հանգցնում, ու փախնում էինք: Հերս սելն էր քշում, մերս էլ ինձ գրկել էր ու յորղանով փաթաթել, որ սելի մեջ չսառեմ: Այ ըտենց մինչև 17 թիվը էկանք ու գնացինք: Վերջին անգամ էլ էկանք Էջմիածին ու էլ չգնացինք»:

«Երբ դեռ Փանիկում էինք, թուրքերը հորոխպորս տղեքին ջահել-ջիվան տարան բանակ, հետո էլ էկան-ասին, թե Մասսա դոշի (Արարատի լանջի) ձունը բլավ, ու տղեքը մնացին տակը: Էլ նրանց տենց էլ չքթանք: Նրանց ընտանիքներն էլ մեռան գաղթի ճամփեքին: Հորոխպորս կնիկը` էրեխեն ձեռը, շոշի մեջտեղը մեռել էր»:

էջմիածնում սկսվում է կենաց-մահու մի նոր պայքար, որտեղ վանքի բակում հավաքված հազարավոր գաղթականներից շատերը` քաղցին, ցրտին ու հիվանդություններին չդիմանալով, մահանում էին: «էրեխեքը վանքի պատերի տակ մեռնում էին ու ըտենց էլ մնում, չէին էլ հասցնում հավաքել ըտեղից: Մի հղի կնիկ էլ կար, որը մարդին կորցրել էր, էկավ մեր վեշերի վրա նստավ ու էրեխա բերեց»:

Իսկ Զարմանդուխտի 12-ամյա քույրը զարմիկի հետ որոշում է ոտքով գնալ Գյումրիի մանկատուն` հաց և հագուստ հայթայթելու, բայց ճանապարհին մահանում են:

Մայրն իր միակ աղջկա հետ հաստատվում է Հոկտեմբերյանի Յոնջլախ գյուղում: Հետագայում 17-ամյա Զարմանդուխտ Մկրտչյանը ամուսնանում է կրկին Իգդիրից գաղթած երիտասարդ Արամայիս Խաչատրյանի հետ: Տեղափոխվում են Երևան, որտեղ մինչև մահանալն ամուսինը բարձր պաշտոններ է զբաղեցնում:

«Ամուսնուս ընտանիքի ճակատագիրն ավելի վատ է էղել: Նրա հերն էլ չկար, երեք քյորփա երեխեքը որբանոցում են մեռել: Իսկ յոթ տարեկան քրոջը` Օվսաննա անունով, որբանոցից գաղտնի տարել են Ամերիկա` որբանոց:»

«Կիսուրս ամեն օր տղին ասում էր` մի հատ դիմում գրի վանքին, թող վանքը տեղեկություն ստանա Ամերիկայից, թե իմ աղջիկը սա՞ղ ա, թե՞ չէ: Բայց էն վախտ ով Ամերիկայի հետ կապ ուներ»,- ասում է տարեց կինը:

Զարմանդուխտն ամենաերջանիկը եղել է ամուսնական տարիներին, երբ Արամայիս Խաչատրյանը շրջկոմի քարտուղար էր, բացի այդ, զբաղեցրել է նաև այլ պաշտոններ: Ասում է, որ ամուսնու աշխատասիրության շնորհիվ անհոգ են ապրել, շփվել են Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարների ընտանիքների հետ:

Համատեղ կյանքում ունեցել են չորս երեխա, սակայն 2003 թվականին վեց ամսվա տարբերությամբ մահացել են նրա 63 և 73 տարեկան տղաները:

«Աստծուն հավատում էի, բայց հիմա էլ չեմ հավատում: Բա էտ ո՞նց կարող ա իմ էրկու երեխուն մի տարվա մեջ ինձանից տանի: Էն էլ տենց խելոք տղեք»,- ասում է  նա:

Զարմանդուխտի անձնագրում ծննդավայրը նշված է Թուրքիա, թեպետ 1910 թ. ոչ Փանիկը, ոչ Իգդիրը և ոչ էլ Սուրմալուն Թուրքիային չէին պատկանում:

Զրույցի վերջում 95-ամյա կինը ոգևորությամբ առաջարկեց երգել «Սուրմալու» հայրենասիրական երգը, սակայն մի պահ կարկամեց և ասաց.

«Ոնց որ բառերը մոռացել եմ…»: