Էներգետիկ խաղեր. հարցեր են ծագում ռուսական ընկերության հետ Հայկական էլեկտրական ցանցերի գործարքի առնչությամբ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրությունը պարզել է, որ ամռան սկզբին Հայկական էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) և ռուսական հոլդինգային ընկերության միջև իրականացված գործարքում Հայաստանի օրենքները չեն խախտվել:

Հունիսի 23-ին ռուսական ՙՌԱՕ ԵԷՍ՚ պետական հոլդինգի պաշտոնական կայքում (www.rao-ees.ru) նշվել է, որ ռուսական ՙԻնտերէներգո Բ.Վ.՚ ընկերությունը 73 միլիոն դոլարով գնել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը բրիտանական ՙՄիդլենդ ռիսորսիզ՚ ընկերությունից:

Նման գործարքը կնշանակեր, որ խախտվել է Հայաստանի կառավարության և բրիտանական ընկերության միջև 2002 թվականին կնքված պայմանագիրը, համաձայն որի բաժնետոմսերի 25 %-ից ավելի վաճառքի դեպքում վերջինս պետք է նախապես տեղեկացներ Հայաստանի կառավարությանը:

Վաճառքի մասին լուրերը մտահոգություն առաջ բերեցին Հայաստանում, հատկապես միջազգային դոնոր կազմակերպություններում, որոնք օգնության ծրագրեր էին իրականացնում հայկական էներգահամակարգում:

Առաջինը հուլիսի սկզբին արձագանքեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը` իր դժգոհությունը հայտնելով գործարքի անթափանցիկության վերաբերյալ:

ՙԲաշխիչ էլեկտրական ցանցերը Հայաստանի ամենախոշոր և եկամտաբեր ոլորտներից է, որը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած հայի համար, և ես անհրաժեշտ եմ համարում, որ կատարվող իրադարձությունների մասին հայտարարվի հրապարակավ, թափանցիկ և պաշտոնապես՚,- ասել էր Ռոբինսոնը:

Այնուհետև հետևեց Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հայտարարությունը, որտեղ նշված էր, որ եթե գործարքի մասին բավարար պարզաբանումներ չտրվեն, ապա գործակալությունը կվերանայի Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթը:

Նման կոշտ հայտարարություններից հետո հուլիսի 24-ին Երևանում մամուլի ասուլիսով հանդես եկավ ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ի փոխտնօրեն Միխայիլ Մանտրովը` պարզաբանելով կայքում տեղադրված հաղորդագրության իմաստը:

ՙՀունիսի 23-ին կնքվել է պայմանագիր ՀԷՑ-ի սեփականատեր ՙՄիդլենդ ռիսորսիզ՚ և ՙԻնտերԷներգո Բ.Վ.՚ ընկերությունների միջև, ըստ որի վերջինս կառավարելու է ՀԷՑ-ը 99 տարի ժամկետով և տնօրինելու է գործունեության ընթացքում ստացված ողջ շահույթը: Սակայն այս դեպքում էլ ՀԷՑ-ի բաժնետոմսերի սեփականատերն անփոփոխ մնում է ՙՄիդլենդ ռիսորսիզը՚,- ասուլիսի ժամանակ հայտարարել էր Մանտրովը:

ՀԷՑ-երի միայն կառավարման իրավունքը ձեռք բերելու համար ռուսական հոլդինգը, ըստ Մանտրովի, վճարել է 73 մլն դոլար: Այսինքն` 33 մլն դոլարով ավելի, քան “Միդլենդը” երեք տարի առաջ վճարել էր բաժնետոմսերի 100 %-ի համար: Ըստ Մանտրովի` նման վերավճար կատարվել է հետագայում բաժնետոմսերի գնման իրավունք ստանալու նպատակով:

ՙԱրմենիաՆաուի՚ թղթակցի հետ օգոստոսի 26-ին ունեցած զրույցի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հավաստիացրեց, որ ՀԷՑ-ը լիցենզիայի պահանջները չի խախտել:

ՙԸստ մեզ ուղարկած փաստաթղթերի` ՀԷՑ-ի սեփականատերը նույն ՙՄիդլենդ ռիսորսիզ՚ ընկերությունն է, տնօրենների խորհրդի կազմն անփոփոխ է, իսկ կառավարիչը մնում է Էդուարդ Շիֆրինը,- ասում է Գրիգորյանը: - Բանկային հաշիվները չեն փոխվել, որը նաև հաստատում է կենտրոնական դեպոզիտարիից ներկայացված փաստաթուղթը՚:

Այս թանկարժեք էներգագործարքի մասին Հայաստանի կառավարությունն առայժմ լռում է, ասելով, որ ՙՄիդլենդը՚, դեռ ոչ մի պարզաբանում չի ներկայացրել կառավարությանը, թեպետ նման պահանջով էներգետիկայի նախարարությունը դիմել է ընկերությանը:

Ըստ Մանտրովի` իշխանություններին տեղյակ չեն պահել, քանի որ Հայաստանի կառավարության և ՙՄիդլենդ ռիսորսիզ՚ ընկերության միջև կնքված պայմանագրում նշված չէ, որ պետմարմիններին պետք է նախապես տեղյակ պահել միայն կառավարման իրավունք տալու դեպքում:

Չհաշված վերջին գործարքը` Ռուսաստանին է պատկանում Հայաստանի Էներգահամակարգի մոտ 80%-ը, այդ թվում`Հրազդանի ջերմաԷլեկտրակայանը, Ատոմային Էլեկտրակայանը, ինչպես նաև Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը:

Ռուսաստանը նաև մասնակցում է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ծրագրին, մասնավորապես` ռուսական կողմը ծրագրում է կառուցել Հրազդանի ջէկի հինգերորդ բլոկը, որը, որպես բնական գազի ներկրման փոխհատուցում, հայկական էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին:

ՀԷՑ-ի կառավարման իրավունքի փոխանցումը ռուսական հոլդինգին հասարակության մեջ կարծիք է ձևավորում, որ այլևս անիմաստ է խոսել երկրի էներգաանվտանգության հայեցակարգի մասին:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` այն, որ ՀԷՑ-ը սեփականաշնորհվել են մեկ ընկերության, արդեն իսկ քաղաքական ուղղվածություն ունի:

ՙԷլեկտրացանցերը երկրի էներգահամակարգի կարևորագույն օղակն են,- ասում է Սաֆարյանը: - Հոսանք կարող են արտադրել շատերը, բայց ԲԷՑ-ը հնարավորություն ունեն որոշելու վաճառվող հոսանքի գինը: Եվ այս առումով այն հասարակության վրա ազդելու բավական լուրջ լծակ է՚:

Իսկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն և քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով` հունիսյան գործարքը կանխատեսելի էր: Ըստ նրա` քաղաքական տեսանկյունից այստեղ ամեն ինչ շատ պարզ է: ՙՍա ընդամենը Ռուսաստանին բաշխիչ էլեկտրացանցերի փոխանցման մի տարբերակ էր: Իրավաբանորեն գուցե հնարավոր չլինի ապացուցել, բայց քաղաքական տեսանկյունից դա այդպես է՚,- ՙԱրմենիաՆաուի՚ թղթակցին ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա` ռուսական կողմին ՀԷՑ-ի կառավարումը փոխանցելու առնչությամբ հասարակության որոշակի զանգվածի դժգոհությունն ունի իր բացատրությունը.

ՙՀայաստանում, ինչպես նաև հետխորհրդային այլ երկրներում գոյություն ունի որոշակի հետկայսերական բարդույթ` պետականության էմոցիոնալ պաշտպանության բարդույթը,- ասում է Իսկանդարյանը: - Եթե հանրապետության որևէ արդյունաբերական ընկերության բաժնետոմսերի մի մասը գնվում է գերմանական, անգլիական կամ ամերիկյան ընկերության կողմից, ապա դա նորմալ է ընկալվում, սակայն եթե դա ռուսական ընկերություն է, ապա համարվում է, որ դա սարսափելի վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի նախկին մետրոպոլիան է՚:

ՙՀամենայն դեպս, նման երկրների մուտքը Հայաստան նշանակում է, որ նրանք գալիս են ինչ-ինչ պատճառներով, իսկ Ռուսաստանի մուտքը Հայաստան ունի բավականաչափ պատճառներ,- ասում է Իսկանդարյանն ու ավելացնում. - Խոստանում էին, որ ԲԷՑ-ը չեն տա ռուսներին, բայց կարծես թե տվել են՚:

Սաֆարյանը նույնպես հարցականի տակ է դնում ՀԷՑ-ի գործարքը ռուսական ընկերության հետ:

ՙՄիդլենդը՚ օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, սակայն նրա կառավարիչը ազգությամբ ռուս է: Փորձագետների կարծիքով` ավելի մեծ երաշխիքներ ունենալու համար ռուսները ցանկանում են, որ ՀԷՑ-ը պատկանի ռուսական պետական ընկերության:

Սա‎ֆարյանի կարծիքով` կայքում հաղորդագրություն տեղադրելը նպատակ էր հետապնդում ստուգելու արձագանքը, սակայն որոշ փորձագետներ պնդում են, որ նման խոշոր ընկերությունն իր պաշտոնական կայքում սխալ տեղեկություն չէր զետեղի:

ՙԱմեն դեպքում, եթե անգամ սեփականատիրոջ փոփոխություն չի եղել, ապա ՙՌԱՕ ԵԷՍ՚-ն արդեն օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավունքներից` տնօրինում է, տիրապետում և օգտագործում: 99 տարի ժամկետով տրամադրել կառավարումը և տնօրինել ողջ շահույթը` սա ոչնչով չի տարբերվում սովորական սեփականատիրոջ իրավունքներից՚,- եզրափակում է Սաֆարյանը: