Ապահարզան. «Հանրապետություն» կուսակցությունից և Սարգսյանից անջատվում են ազդեցիկ քաղաքական ուժեր

Սեպտեմբերի 6-ին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը` Ալբերտ Բազեյանի և նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունն արմատական ընդդիմադիր այս կուսակցությունում:

Խորհրդի ազդեցիկ անդամները մտադիր չեն հեռանալ քաղաքականությունից, սակայն նրանց այդ քայլը թուլացնում է կուսակցության ղեկավար (և նախկին նախագահական թեկնածու) Արամ Սարգսյանի` 2007 թվականի ընտրություններում ընդդիմության միասնական առաջնորդ դառնալու իրական հնարավորությունները:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը Բազեյանի և նրա կողմնակիցների հրաժարականը գնահատել է որպես «թիկունքից հասցված ամենածանր հարված»:

«Մեր քայլը դավաճանություն չէ, ոչ էլ մեջքից հարված»,- ասաց Բազեյանը «ԱրմենիաՆաուին»:

Սեպտեմբերի 6-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրած ասուլիսի ընթացքում Բազեյանն ու Հարությունյանը լրագրողներին իրենց հրաժարականը բացատրում էին նրանով, որ վերջին մեկ տարվա ընթացքում համակարծիք չեն եղել կուսակցության որդեգրած մարտավարությանը, համաձայն չեն եղել կայացվող որոշումներին, գործելակերպին և հեղափոխության կոչերին:

Նրանց նաև չեն բավարարել մամուլում կուսակցության ղեկավարության տված անիրատեսական գնահատականները:

«Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե արտահերթ ընտրությունների մասին հրամանագիրը պատրաստ է, և շուտով Սուրեն Սուրենյանցը կներկայացնի այն Բուշին»,- ասում է Բազեյանը` նկատի ունենալով լայնորեն տարածված այն կարծիքը, թե կուսակցության ղեկավար Սարգսյանը հարում է Արևմուտքին:

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ իրենց հեռանալուց հետո անդամներն սկսել են զանգվածաբար դուրս գալ կուսակցության շարքերից: Նրա հավաստմամբ` տարածքային կազմակերպությունների 75 տոկոսը դիմում է ներկայացրել ինքնալուծարման և անդամակցությունը դադարեցնելու մասին:

Կուսակցությունն ունի մոտ 6000 անդամ, և եթե Վաղարշակ Հարությունյանի հաշվարկները ճիշտ են, ապա կուսակցությունը, ըստ էության, այլևս գոյություն չունի, քանի որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 2004 թվականի դեկտեմբերի 8-ի փոփոխությունների համաձայն` «…կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ»:

«Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանի հավաստմամբ` Հարությունյանի հաշվարկները հեռու են իրականությունից: «Մի քանի անդամներ, որոնց անունները նշված էին կուսակցությունից հեռացածների ցուցակում այդ մասին , իմացել են միայն հեռուստատեսությունից»,- ասում է Սարգսյանը:

Սակայն նա ավելացրեց, որ չի մեղադրում այն մարդկանց, որոնք հետևել են Բազեյանին, քանի որ վերջինս լուրջ քաղաքական հեղինակություն ունի:

Հրապարակված հայտարարության մեջ Բազեյանը մեղադրում է կուսակցությանը «սեփական անհաջողությունների համար քավության նոխազների փնտրտուքի» և «ընդդիմության ներսում անվստահության մթնոլորտի սերմանման» մեջ:

Վերջին օրերին ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում է, որ այս պառակտումը զգալիորեն թուլացնում է ընդդիմությունը: Որպես պառակտման հնարավոր պատճառ նաև նշվում է Բազեյանի ու Հարությունյանի ռուսամետ, իսկ Արամ Սարգսյանի` ամերիկամետ կեցվածքը:

Բազեյանն ասում է, որ իրենք երբեք չեն հայտարարել, թե Հայաստանի ապագան տեսնում են միայն Ռուսաստանի հետ, իսկ իրենց գործընկերները, որ մնացել են «Հանրապետությունում», իրենց համարում են ամերիկամետ:

«Ես անհատական գնահատականներ չեմ ուզում տալ: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք հոգեհարազատ ենք իրար, մեր մեջ սրբություն կա (նկատի ունի Արամ Սարգսյանի եղբայր հանգուցյալ Վազգեն Սարգսյանին),- ասում է նա: - Վերջին ժամանակներս մենք փորձում էինք հարթել տարաձայնությունները, սակայն մյուս կողմը փոխզիջման չգնաց»:

Բազեյանն ասաց, որ իր կողմնակիցները հեռացել են կուսակցությունից, քանի որ վերջին շրջանում իրենց մեղադրել են կուսակցության գործունեությունը խոչընդոտելու մեջ:

«Արամ Սարգսյանն այսուհետ ազատ է նոր ամերիկամետ ֆորմատ ձևավորելու և գունավոր հեղափոխություն իրականացնելու հարցում,- խիստ տոնով ասաց նա: - Իսկ մենք բոլոր երկրների հետ հավասարակշիռ հարաբերությունների կողմնակից ենք»:

Բազեյանն ու Հարությունյանը նախատեսում են առաջիկայում նոր կուսակցություն հիմնել, որը սերտորեն կհամագործակցի ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերի հետ:

Իսկ Արամ Սարգսյանն ասում է, որ «Հանրապետության» այս էջն արդեն փակված է:

«Իհարկե, սա մեզ հասցված ամենածանր հարվածն է,- ասաց Սարգսյանը, որը 2001 թվականին մասնակցել է կուսակցության հիմնադրմանը: - Սակայն բոլորը գիտեն, որ ես շատ դժվարություններ ու դժբախտություններ եմ տեսել և կարողացել եմ դրանք հաղթահարել»: