Ընկերություններ ու համագործակցություն. «Մարիոթը» միանում է «Օրրանին» և օգնում անապաստան երեխաներին

Անցյալ չորեքշաբթի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առաջ հնչում էր ազգային երգն ու պարը: Հյուրանոցը և «Օրրան» ՀԿ-ն հայտարարեցին իրենց համագործակցության մասին, որը նպատակ է հետապնդում օգնելու Երևանի անապաստան երեխաներին: Հյուրանոցի աշխատողները հագել էին «Օրրանի» խորհրդանիշով շապիկներ, իսկ նախասրահում վաճառվում էին «Օրրանի» երեխաների ձեռքի աշխատանքները:

«Օրրանի» հիմնադիրներից Արմինե Հովհաննիսյանն ասում է, որ «Օրրանի» ու «Մարիոթի» համագործակցությունը Երևանի փողոցներում տիրող մուրացկանության ու աղքատության դեմ պայքարն ուժեղացնելու մի բացառիկ ջանք կլինի: Սեպտեմբերի ընթացքում ամեն չորեքշաբթի, երեկոյան ժամը 5-ին, կազմակերպության երեխաները հայկական երգ ու պարով հանդես կգան հյուրանոցի նախասրահում:

«Հյուրանոցի հյուրերին նվիրատվություններ անելու տարբեր առիթներ կընձեռվեն: Մենք ցանկանում ենք, որ ուշադրություն դարձնեն ոչ թե մեր կազմակերպությանը, այլ այս երեխաների ապագային,- ասում է Հովհաննիսյանը: - Ոչինչ չի պարտադրվի, պարզապես ցանկացողներին կծանոթացնեն «Օրրանի» աշխատանքներին և այս երեխաների վիճակին: Հյուրերը նաև կարող են ինչ-որ բան գնել ցուցահանդեսից: Նպատակը ոչ այնքան դրամահավաքն է, որքան այն, որ մարդիկ վերջապես սկսեն մտահոգվել այս երեխաների ճակատագրով»,- ասում է նա:

38-ամյա Ադրինե Գզողյանը հուզված գրկել է իր երեք երեխաներին` 11-ամյա Արթուրին, 10-ամյա Արմենին և 9-ամյա Ռիտային: Երեքն էլ երգում են «Օրրանի» երգչախմբում: «Ունեմ 5 երեխա, եթե չլիներ «Օրրանի» օգնությունը, չգիտեմ, թե ընտանիքս ինչ վիճակում հիմա կլիներ»,- ասում է նա:

Միջոցառման ընթացքում անծանոթ մարդիկ մոտենում են «Օրրանի» երեխաներին, գրկում ու համբուրում նրանց:

Իր գործունեության հինգ տարիների ընթացքում բարեգործական այս կազմակերպությունն ավելի քան 100 երեխա կտրել է փողոցից` նրանց համար ապահովելով սնունդ, հագուստ, ուսում, հոգեբանական ու բժշկական օգնություն, կյանքում իրենց տեղը գտնելու, հաջողության հասնելու հնարավորություններ: Հատուկ ծրագրում ներառված 140 ծերեր ապահովվում են ամենօրյա տաք կերակուրով:

«Սա սոսկ պարտականություն չէ, այլ նաև առավելություն մեր հյուրանոցի համար,- ասում է «Մարիոթի» գլխավոր կառավարիչ Քաթրին Հենցելը: - Մուրացող երեխաների և ծերերի, աղքատության խնդիրը անհրաժեշտ է լուծել: Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք այս գործի պրոֆեսիոնալների հետ և հովանավորում ենք «Օրրանին»` այդ խնդրի լուծմանը մեկ քայլ ավելի մոտ լինելու համար»:

Իսկ կազմակերպության մյուս հիմնադիր (և անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար) Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է, որ «Օրրանի» երեխաները ներկայացնում են այն սերունդը, որն անցումային դժվարին տարիներին հայտնվեցին փողոցում:

«Նրանք իրավունք ունեն երջանիկ լինելու: Մեր գերխնդիրն է վերացնել մուրացկանությունը: Ես վստահ եմ, որ այս երեխաները կլինեն վերջին կարիքավորները»,- ասում է նա: