Զրույցներ գիտության մասին. ռուս կենսաբանին նվիրված գիտաժողովն արժանացավ միջազգային հանրության ուշադրությանը

Երեկ` սեպտեմբերի 8-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կենտրոնում մեկնարկեց գենետիկայի արդի խնդիրներին նվիրված հնգօրյա միջազգային գիտաժողով, որին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած մոտ 80 գիտնական:

«Գենետիկայի, ռադիոկենսաբանության, ռադիոէկոլոգիայի և էվոլյուցիայի արդի խնդիրները» խորագրով գիտաժողովը նաև նվիրված էր ռուս կենսաբան Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկու (1900-1981 թթ.) 105-ամյակին, որը 1940-ականներից ի վեր մեծ վաստակ ունի գենետիկայի և կենսաֆիզիկայի ասպարեզներում:

1983-ից ի վեր սա նշանավոր գիտնականին նվիրված արդեն չորրորդ գիտաժողովն է, որ անցկացվում է Հայաստանում (նման գիտաժողովներ անց են կացվել 1989-ին և 2000-ին): Գիտաժողովի կազմակերպիչը Կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցությունն է, որի նպատակն է նորից համախմբել ականավոր գիտնականի հետևորդներին և տարածել գենետիկայի վերջին նվաճումները:

Իր 60-ամյա գորշունեության ընթացքում գիտնականը մի համապարփակ ուսմունք է մշակել միկրոէվոլյուցիայի` կենսաբանական նոր տեսակների ծագման մասին, որը դարձել է էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության հիմքը:

Տիմոֆեև-Ռեսովսկին ռադիոկենսաբանության և մոլեկուլային կենսաբանության հիմնադիրներից է: Նա հետազոտել է միջուկային ճառագայթման ազդեցությունը բույսերի և կենդանի օրգանիզմների վրա: Իր գործընկերների հետ գրել է «Էվոլյուցիայի համառոտ տեսություն» գիրքը: Դա առաջին աշխատությունն է, որտեղ ներկայացվել է կենդանի բնության էվոլյուցիայի կոնցեպցիան` այսպիսով բացահայտելով Չարլզ Դարվինի տեսության «սև արկղը» և դարվինիզմը դարձնելով գիտություն:

Տիմոֆեև-Ռեսովսկուն նվիրված գիտաժողովներ մինչև այսօր անցկացվել են այն երկրներում, որտեղ գիտնականն իր աշխատանքային գործունեության տարիներին գիտական ներդրումներ է արել: Այդ երկրների շարքում են նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Տաջիկստանը և Բելառուսը:

Տիմոֆեև-Ռեսովսկու կապերը Հայաստանի գիտնականների հետ սկսվել են 1960-ականներին: Մի քանի հայ գիտնական անցել է Տիմոֆեև-Ռեսովսկու դպրոցը, որից հետո էլ նրա անմիջական ղեկավարությամբ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում հիմնվել է ճառագայթային կենսաֆիզիկայի լաբորատորիան:

«Տիմոֆեև-Ռեսովսկին այնքան հզոր գիտնական էր, որ կարողացավ շատ կարևոր ներդրումներ անել կենսաբանության չորս-հինգ ուղղություններում»,- ասում է գիտաժողովի կազմակերպիչ, Կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության նախագահ Ծովակ Ավագյանը:

«Այդ է պատճառը, որ էկոլոգները նրան համարում են իրենց բնագավառի գիտնական, ճառագայթային կենսաֆիզիկոսները` իրենց, իսկ գենետիկայի մասնագետները` իրենց»:

Ավագյանի խոսքերով` այս գիտաժողովն աննախադեպ է, քանի որ այս անգամ կներկայացվեն զեկուցումներ մի քանի բնագավառներում: Կլինի մոտ 50 զեկուցում` գենետիկայի, ռադիոկենսաբանության, ռադիոէկոլոգիայի բնագավառներում, որոնցով հանդես կգան գիտնականներ Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

«Մինչև հիմա մենք ուսումնասիրում ենք Տիմոֆեև-Ռեսովսկու թողած հարուստ գիտական ժառանգությունը և ամեն անգամ նոր բաներ ենք բացահայտում,- ասում է Ավագյանը: - Մենք պահում ենք նրա բոլոր դասախոսությունները, քանի որ դրանցից միշտ էլ սովորելու բան կա»:

Ավագյանի խոսքերով` երևանյան գիտաժողովը նախ և առաջ պետք է խթանի կապերն սկսնակ և այլ երկրներից ժամանած հայտնի գիտնականների միջև, որը, ինչպես հույս ունեն կազմակերպիչները, փոխշահավետ համագործակցության սկիզբ կդնի:

Գիտաժողովի մասնակից, Ռուսաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ակադեմիկոս Ռուդոլֆ Ալեկսախինը, որ Տիմոֆեև-Ռեսովսկու հետևորդներից է, համաձայն է այս մտքին:

«Նման գիտաժողովների ընթացքում մենք արծարծում ենք կենսաբանության հիմունքների արդի հիմնարար հարցեր: Իսկ Հայաստանի գիտնականների մասնակցությունը շատ կարևոր է: Շատ հայ ականավոր գիտնականներ են եղել, և ես կարծում եմ, որ երիտասարդ սերունդը ևս տաղանդավոր գիտնականներ կտա: Նման գիտաժողովը հրաշալի քայլ է կազմակերպիչների կողմից»,- ասում է Ալեկսախինը:

Իսկ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Շրջակա միջավայրի առողջապահական գիտությունների ազգային ինստիտուտի աշխատակից գիտնական Ջեն Դրեյքն արտահայտեց հետևյալ կարծիքը.

«Հայաստանը գիտական երկար ու փայլուն պատմություն ունի, մասնավորապես` ֆիզիկայի բնագավառում, և ես կարծում եմ, որ մեզնից շատերը Հյուսիսային Կարոլինայից հետաքրքրված էին Հայաստանի պատմությամբ և ուզում էին տեսնել մի նոր ու հետաքրքիր երկիր: Այնպես որ, ուրախ ենք մասնակցել նման թեմայով գիտաժողովի»:

Գիտաժողովի մասնակիցների շարքում կային նաև այնպիսիք, ովքեր, չնայած գիտության բնագավառում մեծ նվաճումներին, Հայաստանի մասին առաջին անգամ էին լսում:

«Ես երբեք չէի լսել Հայաստանի մասին,- ասում է Կանադայի Օնտարիո քաղաքի ՄաքՄասթր համալսարանի ռադիոկենսաբանության հետազոտական բաժնի ղեկավար Կարմել Մադրսիլը: - Ես պարզեցի, թե որտեղ է գտնվում այս երկիրը միայն հրավերն ստանալուց հետո, և իմացա, թե ինչ լեզվով են այստեղ խոսում, որպեսզի թարգմանիչ գտնեմ»:

Ընդհանուր առմամբ, Երևանը ներկայումս գիտական աշխույժ տասնօրյակ է ապրում, քանի որ սեպտեմբերի 12-ին, երբ այս գիտաժողովն ավարտվի, մեկ այլ համահայկական գիտաժողով է սկսվում` նվիրված ֆիզիկային, որին կմասնակցի տեղացի և արտասահմանցի մոտ 50 ֆիզիկոս: