Մուսա լեռից 90 տարի անց. «Ես հիշում եմ ամեն ինչ…»

Իննսուն տարի առաջ` դեռ յոթ տարեկան, Վարսենիկ Լագիսյանը լսեց ձայներ, որոնք մինչև հիմա հետապնդում են նրան:

«Հալլա~հ, հալլա~հ, եկել ենք քահանայի աղջկան տանելու»:

Թուրքական կանոնավոր բանակի զինվորները ձիերը հեծնած անցնում էին գյուղի փողոցներով ու բղավում, որ Յուղոնօլուկի (Մուսա լեռան գյուղերից մեկը) բնակիչները լսեն: Հենց այդ գյուղում էլ 1915 թվականին ապրում էր Վարսենիկն իր ընտանիքի հետ: Եվ հենց այդ բառերով էլ սկսվեց հայերի տեղահանությունն իրենց տներից:

Մուսա լեռը, որը հանրահայտ է դարձել նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի շնորհիվ, այն փոքրաթիվ հայաբնակ շրջաններից էր, որի բնակիչները չենթարկվեցին թուրքական կառավարության 1915 թվականի հուլիսի 26-ի հրամանին: Ըստ այդ հրամանի` հայերին տրվում էր 1 շաբաթ ժամանակ իրենց տները թողնելու և դեպի Սիրիայի անապատներ շարժվելու համար:

Վարսենիկը հստակ հիշում է, թե ինչպես տղամարդ ու կին, ծեր ու երիտասարդ հավաքվեցին ու որոշեցին կռվել թուրքի դեմ: «Կամ կսպանենք, կամ կսպանվենք»,- մտածում էին նրանք: Որոշեցին բարձրանալ Մուսա լեռ, որը քարքարոտ էր ու բարձրանալու համար դժվար, բայց խիտ անտառը հնարավորություն տվեց հայերին թաքնվելու ու պաշտպանվելու 40 օր, մինչև եկավ օգնությունը:

Կյանքը լեռան վրա դժվար էր: Ժամանակի սղության ու ճանապարհի խոչընդոտների պատճառով շատ բան չէին կարողացել վերցնել հետները: Գյուղացիներն իրենց տան դուռը բաց էին թողել ու բարձրացել լեռը: Դրանք ծանր 40 օրեր էին, բայց այլընտրանքը մահն էր:

Երբեմն ուտելու բան չէր լինում, բացի անտառից հավաքած հատապտուղներից: Բարեբախտաբար, թզի ու հոնի սեզոնն էր:

«Մայրերն իրենց երեխաներին կերակրելու բան չունեին: Ոչ էլ կարող էին օջախ վառել, քանի որ թուրքերը կիմանային մեր տեղը»,- ասում է Վարսենիկը:

Վարսենիկը հիշում է լեռան վրա անցկացրած օրերը. նա օգնում էր մորը և մյուս կանանց հաց թխել, լվացք անել, մինչ տղամարդիկ հետ էին մղում սարը բարձրացող թուրքերին:

Վարսենիկի մանկության ամենապայծառ հիշողությունը ծովային ճամփորդությունն էր Մուսա լեռից Պորտ Սաիդ (Եգիպտոս): 40 օր դիմադրելուց հետո հայերի պարզած սպիտակ սավանները, որոնք ազդանշան էին, որ քրիստոնյաները վտանգի մեջ են, նկատեցին ֆրանսիական ռազմանավերից, որոնք հայերին տարան Պորտ Սաիդ: Այդտեղ էլ Վարսենիկը, նրա ընտանիքն ու այլ մուսալեռցիներ չորս տարի ապրեցին:

«Քահանան ասաց, որ փոքր երեխա ունեցողները չեն կարող նավ բարձրանալ. երեխաները լաց կլինեն, և թուրքերը կնկատեն մեզ»,- Վարսենիկը հիշում է քահանայի խոսքերը:

Նա շատ լավ հիշում է այն տեսարանը, որը բացվեց, երբ նավը մոտեցավ Եգիպտոսի ափերին:

«Ձիթենյաց, մանդարինի և թզի ծառեր` առատ բերքի տակ կռացած: Երեխաները վազեցին միրգ հավաքելու: Վազում էին ծառից ծառ, ուրախ ծիծաղելով ագահորեն միրգ էին քաղում: Հիշում եմ: Ամեն ինչ հիշում եմ»:

Վարսենիկը նաև հիշում է, որ Եգիպտոսի ճանապարհին մի կին երեխա ունեցավ: Դա խորհրդանշում էր նոր էջ մուսալեռցիների պատմության մեջ: Սակայն Վարսենիկի ընտանիքը սգում էր. փրկության ուրախությունը մթագնել էր քեռու մահը: Նա վիրավորվել էր լեռան վրա և նավի վրա մահացավ: Վարսենիկն ասում է, որ ընդհանուր առմամբ, իր բախտը բերել էր, քանի որ մերձավոր ազգականները ողջ էին ու միասին:

Վարսենիկը մեծ ընտանիք ուներ. նա 8 երեխաներից ավագն էր: Հայրը խանութ ուներ ու բազմաթիվ այծեր, մայրը տնային տնտեսուհի էր:

Եգիպտոսում ընտանիքն ապրեց 4 տարի: Այդ ընթացքում Վարսենիկը` ամենաշատը 11 տարեկան, ամուսնացավ իրենց համագյուղացի մի տղայի հետ: Հետագայում նրանք հինգ երեխա ունեցան:

Չորս տարի ապրելով Եգիպտոսում, որը նրանց մի կտոր հաց ու ապրելու տեղ տվեց, նրանք մեկնեցին Ռուսահայաստան` հայրենիք:

Բնակություն հաստատեցին Ալավերդիում, բայց նորից հայտնվեցին կարիքի մեջ: Վարսենիկն ապրուստ վաստակելու համար գուլպա ու թաշկինակ էր հյուսում:

Եթե Մուսա լեռան վրա անցկացրած 40 օրը մռայլ հիշողություններ է բերում Վարսենիկին, ապա Եգիպտոսի ժամանակավոր կացարանում անցկացրած ժամանակը, կարծես, հագեցած է միայն պայծառ հիշողություններով. նախ` պտղատու ծառերը, հարազատների ու ընկերների ծիծաղն ու երջանկությունը, իսկ հետո` ամուսնությունը:

Վարսենիկի երեխաներն ունեն իրենց երեխաները: Այժմ Վարսենիկի ընտանիքը նույնքան մեծ է, ինչպես Մուսա լեռան մոտ ապրած ժամանակներում, մինչև հայտնվեցին հեծյալ թուրքերն իրենց սպառնալիքներով ու կերտեցին սարսափելի պատմությունը...