Իսկական բարեկամներ. բրիտանահայ բարեգործներն օգնում են Հայաստանի միայնակ կանանց

52-ամյա Մարգարիտա Բաղդասարյանը միայնակ մայր է և 18-ամյա որդու` Հակոբի հետ ապրում է Երևանի Քանաքեռի հանրակացարանի 12 քառակուսի մետրանոց սենյակում:

 

Այս մերկ փաստերը բնութագրում են զրկանքներով լի այն կյանքը, որը նա վարում է մի հասարակության մեջ, որն ապավինում է ընտանեկան արժեքներին և ընդունում է տղամարդուն որպես ընտանիքի ղեկավարի: Այդ կյանքն ավելի է դժվարացնում համակարգված օգնության բացակայությունը Մարգարիտայի վիճակում հայտնվածներին:

 

Սակայն վերջերս նրա կյանքում դրական փոփոխություններ են հայտնվել` շնորհիվ Լոնդոնում գործող «Հայաստանի բարեկամներ» բարեգործական կազմակերպության:

 

Ներկայումս «Հայաստանի բարեկամներն» ավարտում է հանրակացարանի նորոգման աշխատանքները (90 հազար դոլար արժողությամբ): Հանրակացարանում բնակվում է 90 ընտանիք` մոտ 180 մարդ: Նրանց մեծ մասը Մարգարիտայի նման միայնակ կանայք են, որոնց ամուսինները մեկնել են աշխատանքի Ռուսաստան և չեն վերադարձել: Ոմանց ամուսիններն էլ զոհվել են ղարաբաղյան պատերազմում:

 

Բնակիչների մեծ մասը լամպերի գործարանի նախկին աշխատողներ են (կամ աշխատողների կանայք): Հանրակացարանի քառահարկ շենքը պատկանում էր գործարանին: (Խորհրդային տարիներին գործարանները հանրակացարան էին տրամադրում մշտական կացարան չունեցող աշխատողներին:) Շատ են նաև փախստականներն Ադրբեջանից:

 

Գործարանը դադարել է գործել Խորհրդային Միության փլուզումից շատ չանցած: Հանրակացարանը տրամադրվել է Արաբկիրի համայնքին որպես բնակելի շենք, որտեղ բնակություն են հաստատել նաև 1980-ականների վերջին ծագած ղարաբաղյան հակամարտության հետևանքով Ադրբեջանից բռնագաղթած հայերը:

 

Տասը տարուց ավելի հանրակացարանը չէր նորոգվել միջոցներ չլինելու պատճառով:

 

Մոտ երկու տարի առաջ հանրակացարանով հետաքրքրվեց «Հայաստանի բարեկամներ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը 2000 թվականին Լոնդոնում հիմնել են բրիտանահայերը:

 

Սկզբում կազմակերպությունը հոգեբանական օգնություն էր ցույց տալիս կանանց:

 

«Սկզբում մտածում էինք հոգեբան ուղարկել, որը կզրուցեր կանանց ու երեխաների հետ, որպեսզի նրանք իրենց լիարժեք քաղաքացի զգան և ոչ թե լքված` առանց աշխատանքի և որևէ հույսի»,- ասում է «Օգնություն Հայաստանին» կազմակերպության նախագահ և «Հայաստանի բարեկամներ» կազմակերպության գործադիր հոգաբարձու Ռուբեն Գալիչյանը, որն իր ժամանակի մի մասն անցկացնում է Հայաստանում:

 

Հաստատվելով մոտակա շենքերից մեկում` երեք հոգեբանից կազմված թիմն աշխատանքներ էր տանում մոտ 50 միայնակ կնոջ հետ: Կանանց մեծ մասը զբաղվում էր պոռնկությամբ: Գալիչյանի հավաստմամբ` այդ կանանց մեծ մասն այժմ նորմալ աշխատանք ունի` փողոց են ավլում, լվացք անում, մատուցող աշխատում և այլն:

 

«Երկու տարի աշխատելով նրանց հետ` մեր հոգեբանները կարողացան համոզել նրանց, որ նրանք իրենց երկրի արժանավոր քաղաքացի են, որոնք հայտնվել են ծանր վիճակում, ինչը ամենևին չի նշանակում, թե իրենք անարժան մարդիկ են»,- ասում է Գալիչյանը:

 

Իսկ Բանավանի 16 հասցեում «Հայաստանի բարեկամներն» ավելի հեռու գնաց` որոշելով բարելավել հանրակացարանի բնակիչների կենսապայմանները:

 

«Երբ առաջին անգամ գնացինք այնտեղ, զուգարաններն ահավոր վիճակում էին` քարուքանդ պատերով ու հատակի մեծ անցքերով: Ջուր չկար: Նորոգեցինք զուգարանները գրեթե բոլոր հարկերում: Ասում եմ գրեթե, որովհետև որոշ սենյակներ ու զուգարաններ սեփականաշնորհվել էին, իսկ մենք չենք նորոգում մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքները,- ասում է Գալիչյանը: - Նամակ ստացանք թաղապետարանից, որը հավաստիացնում էր, որ մեր նորոգած տարածքները չեն սեփականաշնորհվի և կմնան ընդհանուր օգտագործման»:

 

Նորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտվեց հունվարին, հաջորդը` վերջերս: Զուգարաններն այժմ մաքուր ու կոկիկ են: Գալիչյանի հավաստմամբ` կանայք հետևում են, որ ամեն ինչ կարգին լինի:

 

«Դա շատ բան փոխեց մեր կյանքում: Այդպիսի բան չէինք տեսել նույնիսկ իշխանություններից»,- ասում է 2-րդ կարգի հաշմանդամ Մարգարիտան` ավելացնելով, որ անգամ մեխ մեխելը պրոբլեմ է հանրակացարանի բնակիչների համար, քանի նրանց մեծ մասը միայնակ կանայք են, ոմանք` երեխաներով, ոմանք էլ` հաշմանդամ:

 

Երեք ամիս առաջ «Հայաստանի բարեկամները» որոշեց նորոգել ու կարգի բերել բոլոր միջանցնքներն ու աստիճանավանդակները:

 

Աշխատանքներն սկսվել էին, բայց հուլիսին տանիքում հրդեհ բռնկվեց, և նորոգումը դադարեցվեց:

 

«Բայց մենք կշարունակենք աշխատանքները, իսկ թաղապետարանին նորոգել կտանք տանիքը մինչև անձրևների սկսվելը»,- ասում է մասնագիտությամբ ֆիզիկոս Վահան Պատվականյանը, որը «Հայաստանի բարեկամների»` այստեղ գտնվող 10 ներկայացուցիչներից մեկն է:

Պատվականյանը հանրակացարանի նորոգման ծրագրի պատասխանատուն է:

 

«Այս կանանց համար, որոնց մեծ մասն ապրում է առանց ամուսնու, փոքր երեխաներով, դժվար է նորոգման աշխատանքներ անել: Մեծամասնությունն աշխատանք չունի, իսկ թոշակառուները հազիվ են ծայրը ծայրին հասցնում պետությունից ստացած գումարով»,- ասում է նա:

 

53-ամյա Սուսաննա Մուրադյանը, որը լամպերի գործարանի նախկին աշխատողներից է, միայնակ ապրում է հանրակացարանում 1989 թվականից: «Վիճակն այստեղ սարսափելի էր: Այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեզ փրկեց հակասանիտարական պայմաններից»,- ասում է նա:

 

43-ամյա Մարինա Մինասյանը շատ ուրախ է «Հայաստանի բարեկամների» օգնությանը: Նա միայն գանգատվում է իրպայմաններից փոքր սենյակում, որը կիսում է մեկ այլ միայնակ կնոջ հետ:

 

«Ես շատ բարձր եմ գնահատում մեզ պարբերաբար այցելող հոգեբանի աշխատանքը: Նրա հետ խոսելն ինձ թեթևություն է բերում և հույս է ներշնչում, որ մի օր իմ կյանքը կփոխվի»,- ասում է Մարինան:

 

Գալիչյանն ասում է, որ հոգեբանական օգնությունը նվազ կարևոր չէ վատ պայմաններում ապրող այս կանանց մեծ մասի համար:

 

«Մենք շարունակում ենք հոգեբանական օգնություն ցույց տալ այս միայնակ կանանց: Երբ նրանք կամ նրանց երեխաները դժվար վիճակում են հայտնվում, անմիջապես զանգում են հոգեբաններին, և ես ուրախ եմ, որ նրանք զգում են, որ դա օգնում է իրենց և իրենց երեխաներին»,- ասում է նա:

 

2000 թվականի ամռանը բրիտանահայ բարձրակարգ մասնագետների մի խումբ առաջին անգամ այցելեց Հայաստան: Նրանց վրա մեծ տպավորություն գործեցին տեղի բնակչության ունակությունն ու բարձր կրթական մակարդակը, ինչպես նաև սովորելու և որևէ իրական բանի հասնելու ձգտումը` չնայած կյանքի ծանր պայմաններին և իշխանությունների կողմից օգնության գրեթե իսպառ բացակայությանը:

 

Խումբը վերադարձավ Լոնդոն և նույն տարի հիմնադրեց բարեգործական կազմակերպությունը:

 

Առ այսօր «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է 400000 դոլարի ծրագրեր ամենատարբեր բնագավառներում` մանկատներից մինչև տարեցների տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հանրակացարաններ ու ամբողջ գյուղեր: