Գնահատանք Փարիզում. «Մելսն» ու Դուրյանը հաջողության են հասնում

Ծագումով երևանցի դրամատուրգ և դերասան Նարեկ Դուրյանի «Շնորհակալ եմ, Աստված» մենապիեսը շարունակում է հաջողությամբ ներկայացվել Փարիզի «Դեջազե» թատրոնում:

Այս տարվա հունիսին ներկայացումն այնպիսի հաջողություն ունեցավ Բաստիլ հրապարակում գտնվող 700 տեղանոց թատրոնում, որ տնօրինությունը կրկին հրավիրեց Դուրյանին սեպտեմբեր ամսին ևս 30 օր հանդես գալու փարիզյան հանդիսատեսի առջև:

«Այս թատրոնում ներկայացումը մեծ հաջողություն է, քանզի այն մտնում է Փարիզի առաջատար ու հեղինակավոր թատրոնների լավագույն տասնյակի մեջ,- ասում է դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը` հանրահայտ դիրիժոր Օհան Դուրյանի որդին: - Եթե հաշվի առնենք, որ Փարիզում օրական խաղացվում է 480 ներկայացում, որի 30 տոկոսը մեկ օրվա կյանք է ունենում, ապա կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է ուշադրություն գրավել»:

Դուրյանի ստեղծած ու մարմնավորած կերպարը կրում է իր մեջ ինքնակենսագրական տարրեր. սոցիալիստական ռեժիմի բովով անցած ու եվրոպական ժողովրդավարությունը վայելող Մելս անունով մի մարդ փորձում է հասկանալ, թե ինչ է ազատությունը:

Հերոսի անունը կազմված է սոցիալիզմի հայրերի անվան սկզբնատառերից` Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին:

Խորհրդային Միության բարքերից հոգնած ու զզված Մելսն անցնում է պետական սահմանը և ապաստան գտնում ժողովրդավարական Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նրա վարդագույն երազանքները չեն իրականանում, սակայն նա, կարծես, հաջողության է հասնում (թեև ամուսնությունը ֆրանսուհու հետ նրան երջանկություն չի բերում):

«Այս ներկայացման մեջ ես քննում եմ մարդու անձնական ազատության հարցը` ի՞նչ է ազատությունը,- ասում է հեղինակը: - Ազատությունը հարաբերական երևույթ է. ե՞րբ էի ես ավելի ազատ. երբ չէի կարող ճամփորդել, որովհետև խորհրդային երկիր կոչված բանտում էի, բայց մտքով աշխարհով մեկ պտտվում էի, թե՞ հիմա, երբ ուր ուզեմ կարող եմ գնալ, բայց դրամ չունեմ, սա էլ է ազատազրկման մի ձև, բանտ»:

Աստիճանաբար զարգացնելով սյուժեն` Մելսը պատմում է իր անցած ճանապարհը. ծնվել է Հայաստանում, ծառայել Սիբիրում (հումորով հանդիսատեսին է ներկայացնում Սիբիրը): «Տարօրինակ է, բայց ես նոստալգիայով եմ հիշում մեր Սովետի առօրյան. հաց ու պանիր էինք ուտում, բայց երջանիկ էինք, բանտ էր` բայց ընդվզում էինք ու դրա համար Սիբիր քշվում: Իսկ ո՞րն է լավ. դիկտատուրայի ժամանակ չես կարող խոսել, քանի որ բոլորը լսում են, իսկ դեմոկրատիայի ժամանակ որքան ուզում ես խոսիր` լսող չկա»:

Անկախության տարիներ, վերնիսաժ, որտեղ Մելսը վաճառում է իր ամենաարժեքավոր իրերը, որ ապրի. վաճառքի է հանում հոր զինվորական համազգեստը, արյան գնով ստացված մեդալները. «Ամեն ինչ ներկայացվում է հումորով ու անեկդոտների ձևով, բայց միևնույն է, ցավ է պատճառում. չէ՞ որ նա վաճառում է մի ամբողջ պատմություն»,- ասում է Դուրյանը:

Հեղինակը միտումնավոր կերպով ներկայացնում է իր կերպարը երեք հասարակությունների մեջ` բռնապետություն, վայրի կապիտալիզմ և ժողովրդավարություն: Եվ մարդկային տեսակի փոփոխություններն ըստ հասարակությունների ակնհայտ են դառնում, երբ այդ շռայլ ազատության մեջ Մելսն ինքն իրեն ասում է. «Տեսա բռնապետություն ու ազատություն և նոր հասկացա մի պարզ բան` ազատությունդ չափվում է քո իսկ վանդակի մեծությամբ»:

Ֆրանսիական մամուլը և «TF1» հեռուստատեսության մշակութային հաղորդումները մի քանի անգամ անդրադարձել են ներկայացմանը: «Elle a Paris» ամսագիրը գրում է. «Նարեկ Դուրյանը մեծ հումորով ու խորը դիտողականությամբ մեր առջև բացեց Սովետի փակ վարագույրը»: Իսկ «Paris Capitale»-ը հայտարարում է, որ այս ներկայացումը «Դեջազե» թատրոնում մեծ հեղաշրջում առաջ բերեց ֆրանսիացի հանդիսատեսի համար»:

Հեղինակը, որը վերջին 25 տարին ապրում է Փարիզում, սպասում է, թե երբ, Մելսի նման, Հայաստանն էլ կբացի սեփական ազատության ու վանդակի դռները:

Ներկայացումների ընթացքում հայերը սովորաբար կազմում են հանդիսատեսի ընդամենը 20 տոկոսը:

Նարեկ Դուրյանի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթ է մի քանի ներկայացումներից` 1989 թ. Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում իր «Բոհեմ» թատերախմբով ներկայացրած Սերվանտես-Բուլգակովի «Դոն Քիշոտ» մյուզիքլով և «Օպերացիա Նեմեսիս» պատմափաստագրական պիեսով:

15 տարվա հարուստ կենսագրություն ունեցող «Բոհեմը» արտերկրում գործող միակ պրոֆեսիոնալ, կայուն, մշտական գործող թատերախմբերից է, որը երբեք չի ընդհատել իր գործունեությունը և բազմիցս շրջագայել է Եվրոպայի տարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում ու արևելյան երկրներում:

«Չնայած արդեն 25 տարի ապրում եմ Փարիզում, բայց ինձ միշտ էլ համարել եմ երևանցի, անգամ լեզուս չեմ փոխել: Ինձ համար անչափ կարևոր է երևանցի հանդիսատեսի գնահատականը, և կարծում եմ` շուտով այն կլսեմ»,- ասում է Դուրյանը: