Պարոդիա` հատուկ նպատակով. «Վերելքը» անսովոր անդրադարձ է ցավոտ թեմային

Պարոդիստ Վարդան Պետրոսյանի վերջին ներկայացումը լի է ծաղրով և պարբերաբար ծիծաղ է առաջ բերում:

 

Բնական է` պարոդիան այդպիսին էլ պետք է լինի: Սակայն նրա վերջին ներկայացման` «Վերելքի» թեման հեռու է ծիծաղի թեմա լինելուց: Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում մի քանի շաբաթ ներկայացվող շոուն Հայոց ցեղասպանության մասին է:

 

Համադրելով անցյալի ողբերգությունը ժամանակակից իրականության հետ և հաճախ նույն բեմի վրա ներկայացնելով հակառակ կողմերի միմյանցից տարբերվող տեսակետները` Պետրոսյանի երկու արարով դրաման ավելի հաճախ առաջ է բերում ծիծաղ, քան արցունք, ինչը համահունչ են հայերի պատմության այդ ամենադառը շրջանին:

 

Բեմում ամեն ինչ փոփոխական է. մերթ Պետրոսյանի ստեղծած տիպիկ հայաստանցի կերած-խմած տղերքն են, սնափառ օլիգարխները, ապա բեմը փոխվում է, ու հայտնվում է աստվածային Կոմիտասն ու նրա հոգևոր երաժշտությունը, որը ֆոն է դառնում ջարդի տեսարանների համար:

 

«Ներկայացումը վերնագրել եմ «Վերելք», չնայած սովորաբար եղեռնի թեմայով մեր աշխատանքներին ողբ, լացուկոծ արտահայտող վերնագրեր ենք դնում, և ուրիշ կերպ չի էլ կարող լինել: Բայց ժամանակն է, որ լրջորեն արժևորենք, թե ինչ է մեզ համար ցեղասպանությունը: Վիշտը միավորում է, մաքրագործում, և հենց այդ ուժով պետք է վերելք ապրենք»,- պարզաբանում է Պետրոսյանը:

 

Ներկայացումն սկսվում է նրանից, որ Պետրոսյանի ֆրանսիացի ընկերները` Նատալի Լյոֆևղըն և Լիոնել Էմեղին, տարակուսած հարցնում են. «Վերջ ի վերջո, ի՞նչ է Հայկական հարցը»:

 

«Դե արի ու անդարդ եվրոպացուն բացատրի հայկական հարցը …»,- ասում է դերասանը և կինոյի, թատրոնի, բեմականացված պարերի ու կոմիտասյան երգերի համադրությամբ ներկայացնում անցյալ դարի ողբերգությունը:

 

Մթությամբ ողողված բեմի մի մասում երգում է կոտորած տեսած Կոմիտասը, իսկ մյուսում` կոտորածի տեսարանների ներքո և իրենց ուրախ մեղեդիների տակ, անհոգ պարում են եվրոպացիները: Նրանց երաժշտությունն ավելի է ուժգնանում, խլացնում կոմիտասյան մեղմ հնչյունները` խորհրդանշելով աշխարհի անտարբերությունն ու աշխարհից օգնություն հայցող ժողովրդի ճնշված, անտարբերության մատնված ձայները:

 

Ամբողջ ներկայացման ընթացքում դերասանը կծու հեգնանքի ու ծաղրի է ենթարկում հայաստանյան հասարակության այն հսկայական շերտը, որը հաճույքով լսում է թուրքական, արաբական մուղամները, «ճիշտ այն երգերը, որոնց տակ պարելով` թուրքերը մորթում ու մաշկազերծ էին անում հայ մանուկներին»:

 

«Վարդանը խոսում է այն բաների մասին, որոնք բոլորս տեսնում ենք, բայց ինքներս մեզ չենք խոստովանում: Նա կարծես բորբոքում է մեր վերքերը ու միաժամանակ դարման անում դրանք»,- ասում է թատերագետ Ամալյա Հովհաննիսյանը:

 

«Ես ցնցված եմ հրեայի ու սփյուռքահայի ծիծաղելի վեճի տեսարանից, թե ում են առաջինը կոտորել կամ ում ավելի շատ,- ասում է 52-ամյա հանդիսատես Մխիթար Կիրակոսյանը: - Ծիծաղի մեջ հոգիդ լալիս է, երբ մտածում ես, որ հրեաներին գոնե գազով էին խեղդում, նրանց երեխաները դա չէին տեսնում, իսկ հայերիս իրենց մանուկների աչքի առաջ էին մորթում, ու կենդանի մնացած այդ երեխան ողջ կյանքն ապրում էր այդ տեսարանն աչքերում»:

 

Բազմադեմ դերասանը հանդիսատեսի առաջ հայտնվում է մեկ որպես անգրագետ տխմար, որը ժամանակ առ ժամանակ կրկնում է. «Ախպեր ջան, էդ եղեռնը հո մեր հետ չի էղէ, մեր պապերի հետ ա էղէ», մեկ որպես հաստավիզ օլիգարխ, հրեա ու անգամ թուրք փաշա:

 

«Այս ներկայացումը պատմության դասագիրք չէ, սա մի ճիչ է, որ մեր ժողովուրդն արթնանա անտարբերության թմբիրից, որ եղեռնի մասին չհիշեն միայն ապրիլի 24-ին, որ սկսեն պատմության էջերը թերթել, ազգային ոգով դաստիարակեն սերունդներին, և, միշտ հիշելով անցյալն ու դասեր քաղելով, առաջ գնանք»,- ասում է Պետրոսյանը:

 

Բացի 15 հայ դերասաններից, «Վերելքի» մեջ ընդգրկված են նաև 3 ‎‎ֆրանսիացի դերասան, որոնց կերտած կերպարները ներկայացնում են Եվրոպան և որպես անձ կիսում են ցեղասպանության վիշտը և կանգնած են հայերի կողքին:

 

«Արվեստը հզոր միջոց է աշխարհին ստիպելու ճանաչել իր սխալները,- ասում է դերասանուհի Լյոֆևղըն: - Անգամ առանց լեզուն հասկանալու ես զգում եմ ներկայացման ոգին: Չմոռանալով ձեր անցյալը` դուք պետք է ավելի ուժեղ լինեք, քանզի բոլորից լավ գիտեք կյանքի ու ազատության գինը»:

 

«Վերելքի» ներկայացումները հավանաբար կշարունակվեն մինչև հոկտեմբեր: