Մարզական տեսություն. ֆուտբոլում` վատ, շախմատում` լավ…

Ֆուտբոլ

Անդորրայից էլ հետ. 2006 աշխարհի գավաթի ընտրական փուլի առաջին խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականն այժմ եզրափակում է աղյուսակը: Հայ ֆուտբոլիստները նախ շաբաթ օրը տանը զիջեցին հոլանդացիներին` 0:1, ապա չորեքշաբթի արտագնա խաղում` Չեխիային` 1:4: Իսկ նրա հիմնական մրցակից Անդորրան կարողացավ մեկ միավոր վաստակել Ֆինլանդիայի հավաքականից և 5 միավորով զբաղեցնել Հայաստանի տեղը:

Այժմ Հենկ Վիսմանի թիմին դժվարին արտագնա խաղ է սպասում վեցերորոդ տեղի համար: Վերջին տեղից խուսափելու համար հոկտեմբերի 12-ին հայ ֆուտբոլիստներին միայն հաղթանակ է պետք:
Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես զիջեց իր հոլանդացի և չեխ հասակակիցներին` 1:3 և 0:6:

Ֆուտզալ (մինի-ֆուտբոլ)

Գուցե մինիո՞ւմ.
Այս շաբաթ Հայաստանի ֆուտզալի չեմպիոն Երևանի «Տալ Գրիգ» ակումբը մեկնել է Լոնդոն, որտեղ սեպտեմբերի 10-ին, 11-ին և 13-ին կմասնակցի 2005/2006 թթ. ֆուտզալի Եվրոպայի չեմպիոնների լիգայի ենթախմբային ընտրական մրցաշարին:

Երևանի թիմը կհանդիպի ֆրանսիական «Ռուբե», անգլիական «Սպիտակ արջեր» և ալբանական «Դինամո» թիմերի հետ: Թիմը, մարզիչ Ռուբեն Նազարեթյանի խոսքերով, ձգտելու է գրավել առաջին 2 տեղերից մեկը, ինչը իրավունք կտա շարունակելու մրցապայքարը չեմպիոնների լիգայում: (Արմենպրես, www.uefa.com)

Թենիս
Հայաստանի թիվ 1 թենիսիստն ավարտում է իր ելույթները.
Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստ, 33-ամյա Սարգիս Սարգսյանը սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ պաշտոնապես հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: Նա մրցաշարին չի մասնակցել:

Սարգսյանը, որը բազմաթիվ միջազգային մրցումների մրցանակակիր է, պրոֆեսիոնալ թենիսում հասել է մինչև ՊԹԱ ցուցակի 33-րդ հորիզոնական:

ՀՀ թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ, Սարգսյանի մարզիչ Ալեքսանդր Ծատուրյանն ասաց, որ Սարգսյանի հետագա ծրագրերը հայտնի կդառնան նրա` Հայաստան վերադառնալուց հետո: (Արմենպրես)

Շախմատ

Ճանաչում
. Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, գրոսմայստերի կոչում է շնորհել հայ շախմատիստուհի Նելլի Աղինյանին: Վերջինս երրորդ հայ շախմատիստուհին է, որին հաջողվում է արժանանալ գրոսմայստերի կոչման: Մինչ այդ նման պատվի էին արժանացել Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Աղինյանն այս տարի բավական հաջող է հանդես գալիս: Օգոստոսին ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունը դարձավ Աղինյանի կարիերայի ամենափայլուն էջը: Հանդես գալով 3-րդ խաղատախտակի վրա` Նելլին հաղթեց իր գրեթե բոլոր մրցակիցներին: («Ա1+»)