Հարևաններից լավ, սակայն բարելավման տեղ կա. ՄԱԿ-ի զեկույցը գնահատում է Հայաստանի պայմանները

1990 թվականից ի վեր ՄԱԿ-ն ամեն տարի հրապարակում է Մարդկային զարգացման զեկույց` դասակարգելով աշխարհի երկրներն ըստ կենսամակարդակի:

Վերլուծելով տվյալ երկրի վիճակագրական ծառայությունների, Համաշխարհային բանկի և այլ հավաստի աղբյուրների տրամադրած տվյալները` ՄԱԿ-ը գործակիցներ է շնորհում երկրներին` հիմնվելով երեք հիմնական բաղադրիչների վրա` կրթություն, կյանքի տևողություն և համախառն ներքին արդյունք (ՀՆԱ):

Սեպտեմբերի 7-ին հրապարակված այս տարվա զեկույցի համաձայն` (http://hdr.undp.org) աշխարհի 177 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Կովկասյան հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը, համապատասխանաբար, 100-րդ և 101-րդ տեղում են:

Ցուցակում Հայաստանին նախորդում է Էկվադորը, հաջորդում Ֆիլիպինները: Ամենաբարձր գործակիցն ունի Նորվեգիան, իսկ ամենացածր` Նիգերը: ԱՄՆ-ն 10-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան` 15-րդ, իսկ Ֆրանսիան` 16-րդ: (Անցյալ զեկույցում Հայաստանը, իրականում, գրավում էր ավելի բարձր` 82-րդ տեղը: Սակայն մեկ տեղով նահանջը բացատրվում է ոչ թե վիճակի վատացմամբ, այլ նրանով, որ մյուս երկրները նույնպես բարելավել են իրենց ցուցանիշները, և բացի այդ, ցուցակում ընդգրկվել են նոր երկրներ) Ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնտեսագետ Աղասի Մկրտչյանի` Հայաստանում մարդկային զարգացման համաթիվը վերջին տարվա ընթացքում 0.754-ից աճել է 0.759-ի` շնորհիվ տնտեսական աճի, որի արդյունքում ՀՆԱ-ի համաթիվը բարձրացել է 0,57-ից 0,60-ի: (Նույն ժամանակահատվածում կրթության համաթիվը մնացել է անփոփոխ, ինչպես և առողջապահության համաթիվը, թեև մի փոքր նվազել է մարդկանց կյանքի միջին տևողությունը` 72,3 տարեկանից իջնելով 71,5-ի):

Ըստ վիճակագրական տվյալների` 2003 թվականին Հայաստանի աճն ապահոված բնագավառներն են շինարարությունը` 44 տոկոս, և արդյունաբերությունը` 15 տոկոս:

Չնայած անընդհատ բողոքներին, թե Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակը տարիների ընթացքում չի բարելավվում` վիճակագրական տվյալներն այլ բան են ասում:

Եթե 2002 թվականին ՀՀ-ում աղքատ էր բնակչության մոտ 49,7 տոկոսը, որից ծայրահեղ աղքատ` 13,1 տոկոսը, ապա 2003-ին աղքատության ցուցանիշը կազմել է 42,7 տոկոս, ծայրահեղ աղքատության ցուցանիշն էլ գրեթե կրկնակի նվազել է` հասնելով 7,4 տոկոսի:

ԱՊՀ 12 երկրների մեջ Հայաստանը 5-րդ տեղում է` զիջելով Ռուսաստանին (62-րդ տեղ), Բելառուսին (67-րդ), Ուկրաինային (78-րդ) և Ղազախստանին (80-րդ): Բացի Վրաստանից ու Ադրբեջանից, Հայաստանը գերազանցում է նաև Թուրքմենստանին (97-րդ տեղ), Ղրղզստանին (109-րդ), Ուզբեկստանին(111-րդ), Մոլդովային(115-րդ) և Տաջիկստանին (122-րդ):

Ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատոր Մարկ Մալլոք Բրաունի` Մարդկային զարգացման զեկույցները տարիների ընթացքում ապացուցել են իրենց արժեքը:

«Զեկույցները կատալիզատորի անհերքելի դեր են ունեցել մեր ժամանակների հիմնական քաղաքական զարգացումներին որոշակի արձագանք մշակելու և ձևավորելու գործում»,- նշում է Բրաունը Մարդկային զարգացման զեկույցի սեղմագրում:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ թեև Հայաստանի վիճակն իրոք վատ չէ հարևանների համեմատ, սակայն աշխարհի կտրվածքով պատկերն այլ է:

«Հայաստանը պետք է կարողանա հասկանալ իր խնդիրները և Մարդկային զարգացման 2005 թվականի զեկույցն ընդունել իբրև ուղեցույց իր հետագա գործունեության համար»,- աում է նա: