Գազայի հատվածը` մոդել ԼՂՀ-ի համա՞ր. ուսումնասիրող խմբի կարծիքով` Ղարաբաղը պետք է ազատի «գրավյալ տարածքները»

Հակամարտությունների կանխարգելման միջազգային ճգնաժամային խումբը, որը երկուշաբթի ժամանեց Երևան, հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հարցին նվիրված իր զեկույցը, որի եզրահանգումները դժվար թե արժանանան պաշտոնական Երևանի հավանությանը:

Սեպտեմբերի 10-ին առաքելությունն այցելել է Բաքու և հանձնել իր զեկույցն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Երկու օր անց Հայաստանի մայրաքաղաքում առաքելության ղեկավար Ալեն Դելետրոզը հայտարարել է. «Հայկական կողմը պետք է անմիջապես ազատի իր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքները և դադարեցնի այդ շրջաններում իրականացվող ծրագրերը»:

Դելետրոզի հայտարարությունը համահունչ է զեկույցի բովանդակությանը (որն ամբողջությամբ ներկայացված է www.crisisgroup.org կայքում), որը կոչ է անում Ղարաբաղին դուրս բերել իր ուժերն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից:

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Դելետրոզը հայտարարել է, որ Ղարաբաղի շրջակա յոթ շրջանները, որտեղ հայերը (մի մասը` Ղարաբաղից, մյուս մասը` Հայաստանից) տեղափոխվել և բնակավայրեր են հիմնել 1994 թվականի հրադադարից հետո, «պետք է ազատվեն, փախստականները պետք է վերադառնան, և միայն դրանից հետո հնարավոր կլինի բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը կարող է որոշվել 10-15 տարվա ընթացքում»: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բաքուն պետք է դադարեցնի թշնամական քարոզչությունը Հայաստանի դեմ և վերջ տա հասարակական գիտակցության մեջ «թշնամու կերպար» ձևավորելուն:

Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) ստեղծվել է 1995 թվականին և զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրությամբ աշխարհի 44 երկրներում: Խմբի կազմում ընդգրկված են տարբեր երկրների պաշտոնաթող դիվանագետներ, ինչպես նաև արտգործնախարարությունների և առանձին գերատեսչությունների նախկին ղեկավարներ: ՄՃԽ նպատակն է ուսումնասիրել իրավիճակն էթնիկական հակամարտությունների գոտիներում և հանձնարարականներ մշակել հակամարտող կողմերի համար: Խումբն ինն ամիս, այդ թվում` նաև տեղում, ուսումնասիրել է Ղարաբաղի հարցը:

Կազմակերպության հարավկովկասյան գրասենյակը, որի ղեկավարը Սաբինա Ֆրեյզերն է, գտնվում է Թբիլիսիում (Վրաստան):

«Լեռնային Ղարաբաղի համար սկսված դաժան պատերազմին զոհ է գնացել մոտ 18000 մարդ և մոտ 1 միլիոնը տեղահանվել է, մինչև 1994-ին հաստատվել է խախուտ հրադադար,- ասաց Ֆրեյզերը Երևանում: - Անցած 11 տարիների ընթացքում կյանքը Լեռնային Ղարաբաղում քիչ թե շատ կարգավորվել է. զարգանում է տնտեսությունը, գործում են ընտրովի մարմինները: Սակայն ոչինչ չի արվել պատերազմից տուժածների իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Փախստականներին անհրաժեշտ է վերադարձնել նրանց նախկին բնակավայրերը»:

Նա նաև նշեց, որ խումբը «արդեն պատրաստել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ուղղված հանձնարարականներ` կոչ անելով դադարեցնել հայերի բնակեցման գործընթացն Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:

«Թեև այս գործընթացն ինտենսիվ չէ, սակայն պետք է դադարեցվի, և պետք է բոլոր պայմաններն ստեղծվեն ադրբեջանցի փախստականների վերադարձի համար»,- ասաց Սաբինա Ֆրեյզերը:

Երևանցի քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով` ՄՃԽ զեկույցը պարունակում է «աղաղակող անհամապատասխանություն հակամարտության բնույթի և խմբի` դրան տված գնահատականի միջև»:

«Մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ» տերմինը լիովին արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական հակամարտության օբյեկտ է: Մինչդեռ ակնհայտ է, որ այն հենց հակամարտության սուբյեկտն է, քանի որ ԼՂՀ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը` գործող իրավական դրույթներին լրիվ համապատասխան: Խումբը հաշվի չի առնում այն փաստը, որ պատերազմը հրահրել է հենց Ադրբեջանը, իսկ հրադադարը հաստատել է հայկական կողմը»:

Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դելետրոզը չժխտեց անտեղյակությունը հակամարտության պատմությանը, սակայն չցանկացավ խորամուխ լինել պատմության մանրամասների մեջ:

«Կողմերից յուրաքանչյուրն իր «պատմական տարբերակն» ունի, իսկ մեր խումբն ուսումնասիրում է բացառապես պրոբլեմի զարգացման ներկա փուլը»,- ասաց նա:

«Խումբն աշխատում է աշխարհի 44 հակամարտող գոտիներում, և որոշ դեպքերում մենք ինքներս ենք խորհուրդ տալիս հակամարտող կողմերին ռազմական գործողություններ սկսել, քանի որ ուրիշ լուծում պարզապես չենք տեսնում,- ասաց Դելետրոզը: - Սակայն հայ-ադրբեջանական հակամարտությանը դա չի վերաբերում, քանի որ դիվանագիտական ռեսուրսը դեռ սպառված չէ: Ուստի մենք լիովին սատարում ենք բանակցությունների «Պրահայի գործընթացին» Հայաստանի և Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների միջև»:

ՄՃԽ կարծիքով` ադրբեջանական տարածքներն ազատելուց հետո «դրանց վերահսկողությունը կարող է հանձնվել միջազգային խաղաղապահ ուժերին»:

Դելետրոզը չնշեց, թե այդ դեպքում ինչ կարող է ակնկալել հայկական կողմը, ավելացնելով միայն 10-15 տարի հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հնարավորության մասին նախապես արտահայտած միտքը:

«Դա բավական նուրբ հարց է, սակայն պետք է նշել, որ, խմբի կարծիքով, 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն դժվար թե իրավական ուժ ունենա, քանի որ անցկացվել է բոլորովին այլ քաղաքական իրավիճակում: Իսկ մենք պետք է համապատասխանեցնենք ներկա հակամարտությունն արդի քաղաքական պայմաններին»,- ասաց Դելետրոզը:

Հայաստանյան շատ թերթեր այն կարծիքն են հայտնում, որ խմբի զեկույցը քաղաքական պահանջարկ կգտնի` նշելով, որ «նման ոչ կառավարական կազմակերպությունները ոչ մի բան հենց այնպես չեն անում»:

«Պնդումներն այն մասին, որ այս հասարակական նախաձեռնությունը` որևէ քաղաքական լուծում հաստատելու սեփական անիրավասության պատճառով, դժվար թե արժանի լինի լուրջ վերաբերմունքի, սխալ են, քանի որ առաջին հերթին այն ուղղված է այս հարցի առնչությամբ միջազգային հասարակական կարծիք ձևավորելուն,- գրում է «Գոլոս Արմենիի» թերթը: - Տվյալ դեպքում մենք գործ ունենք մի զեկույցի հետ, որն անպայման քննարկման նյութ կդառնա միջազգային կառույցներում և չի կարող չանդրադառնալ համաշխարհային հանրության կարծիքի վրա»:

Այս առնչությամբ «Ազգ» օրաթերթը հիշում է ամերիկացի քաղաքական գործիչ Սթրոբ Թելբոթին, որն ասել էր. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ եղած ժամանակ ես օգտվում էի ՄՃԽ հետազոտությունների արդյունքներից: Խմբի պատրաստած զեկույցներն ու վերլուծական հետազոտությունները, որպես կանոն, այնպիսի տեղեկություններ էին պարունակում, որոնք հնարավոր չէր ստանալ որևէ այլ աղբյուրից: Այնպես որ, զարմանալի չէ, որ նրա հանձնարարականները հաճախ իրենց արտացոլումն էին գտնում մեր ընդունած վերջնական քաղաքական որոշումներում»: