Մտքի դպրոց. թուրքերն ու հայերը բարեկամանում են ամառային դպրոցում

Մի խումբ հայ երիտասարդներ եկել են այն համոզման, որ տասնամյակների ընթացքում ձևավորված աշխարհայացքը փոխելու համար բավական է ընդամենը մեկ շաբաթ: Նրանք ասում են, որ թուրքերը և հայերը կարող են բարեկամ լինել:

Անցյալ ամիս 12 հայ ուսանող ամառային դպրոց են հաճախել թուրք ուսանողների հետ Թուրքիայի Անթաքիա քաղաքում (Անթաքիան պատմական Անտիոքն է, որը Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 83-69 թթ. եղել է Հայոց տերության հարավային թագավորանիստը):

«Ամառային դպրոցի նպատակը պատմական ճշմարտությունը հաստատելը չէր: Մենք պարզապես ուզում էինք, որ երկու ազգերի երիտասարդները շփվեն, ճանաչեն միմյանց ու կարողանան վստահություն հաստատել երկու երկրների միջև»,- բացատրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի երիտասարդական ծրագրերի համակարգող Իզաբելլա Սարգսյանը:

Պարզվում է, որ գոնե որոշ առումով ծրագիրը հաջողությամբ է պսակվել:

«Մի քանի օր շփվելով թուրք երիտասարդների հետ`ես հասկացա, որ հայերն ու թուրքերը կարող են աշխարհի ամենալավ բարեկամները լինել ու ազնիվ հարևանություն անել,- նշում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 20-ամյա ուսանող Մագդա Մարկոսյանը: - Պարզապես պետք է նախ Հայկական հարցին ճիշտ լուծում տալ, իսկ հետո մենք` հայ երիտասարդներս, պետք է գիտակցենք, որ այսօրվա սերունդը պատասխանատու չէ անցյալի բարբարոսությունների համար: Մենք առավել, քան մյուս ազգերը, շատ նմանություններ ունենք»:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դասախոսություններ` «Նացիոնալիզմ», «Կարդալ և տարանջատել պատմությունը», «Հասարակության ինդիվիդուալիզմի պահպանման խնդիրները գլոբալացման դարաշրջանում», «Խաղաղ ժուռնալիստիկա» և այլ թեմաներով: Դասախոսությունները կարդում էին թուրք և հայ մասնագետները:

«Իմ զեկուցման թեման, որը Հայաստանում հասարակական կազմակերպությունների դաշտի մասին էր, փոխվեց տեղում, երբ հասկացա, որ թուրք երիտասարդներից ոմանք գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի մասին,- ասում է Սարգսյանը: - Ուստի նախ պատմեցի այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանը, որտեղ է գտնվում, ինչ պետականություն ունի, հետո միայն անցա բուն թեմային»:

Հայ ուսանողների ասելով` թուրք երիտասարդների բարեկամական վերաբերմունքը բացատրվում է նաև նրանց` Հայաստանին քիչ տեղեկացված լինելու հանգամանքով: Ի տարբերություն հայկական կողմի` պատմական Հայաստանի մասին թուրք պատանիների միակ տեղեկությունը պատմության դասագրքերում զետեղված մի քանի նախադասություններն են, որոնք հազիվ թե խորը թշնամանք առաջացնեն:

Ամառային դպրոց կազմակերպելու առաջարկով դեռ 2-3 տարի առաջ հանդես է եկել թուրքական կողմը: Այս տարի ծրագիրը կյանքի է կոչվել Եվրոպայի խորհրդի երիտասարդական հիմնադրամի աջակցության շնորհիվ:

«Մենք` հայերս, մշտապես հակաթուրքական դաստիարակություն ենք ստացել,- ասում է ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող Գայանե Վարդանյանը: - Ու, թերևս, այդ գիտակցմամբ էլ մեկնեցինք Թուրքիա: Սկզբում այնքան լարված էի այդ մթնոլորտից, որ անգամ ժպտալ չէի կարողանում: Բայց կամաց-կամաց հարմարվեցի: Ավելին` տեսա, որ սկսում եմ ընկերանալ ու սիրել թուրք հասակակիցներիս»:

Հայ ուսանողների պատմելով` ընկերական հարաբերությունների հաստատման մեջ մեծ դեր է ունեցել թուրքական կողմը: Ու սառույցը կոտրվել է հենց այն պահին, երբ թուրք տղաներից մեկն սկսել է հայկական երգ երգել:

«Զարմանալի էր, բայց թուրք երիտասարդների մեջ կային նաև այնպիսիք, ովքեր անգամ ասում էին, թե պատրաստ են ընդունել, որ իրենց պապերը ցեղասպանություն են գործել»,- պատմում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լուսինե Գրիգորյանը:

Թուրքական կողմը հայ երիտասարդներին ուղեկցել է նաև հանրահայտ Մուսա լեռ (որտեղ ծավալվել են «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ պատմավեպի գործողությունները), որտեղ մասնակցել են հայկական ավանդական խաղողօրհնեքի արարողությանը:

«Ես հուզված նայում էի, թե ինչպես թուրք երիտասարդները հերթով միանում են հայերի շուրջպարին ու նույն ոգով սկսում պարել,- ասում է Մագդա Մարկոսյանը: - Ու հատկապես ազդվեցի, երբ թուրք ուսանողներից մեկը հայկական եկեղեցում պատարագի ժամանակ սկսեց արտասվել»:

Ամառային դպրոցի կազմակերպիչներն ասում են, որ իրենց սպասելիքներն առավել քան արդարացված են: Հայկական կողմը մտադիր է նման ամառային դպրոց կազմակերպել հաջորդ ամռանը Գյումրիում: