Ողջույն, գաուչոներ. ֆոլկ երաժշտության ակումբը հյուրընկալում է արգենտինացի երաժիշտներին

Երևանյան հանդիսատեսն այս շաբաթ բացառիկ հնարավորություն ունի վայելելու բնիկ հարավամերիկյան երաժշտություն` Կառլոս Դիազի եռյակի (Բելգիա) կենդանի կատարմամբ:

Սեպտեմբերի 14-19-ը «Ավանգարդ ֆոլկ ակումբում» Կառլոս Դիազը (կիթառ) (www.cadiaz.com), Հենկ Դելաատը (կոնտրաբաս) և Օսվալդո Էռնանդեսը (հարվածային գործիքներ) կներկայացնեն կրակոտ ռիթմերով հագեցած «մալամբո ջազ» (մալամբոն արգենտինացի գաուչոների` պրերիաների իսպանա-հնդկացիական ծագում ունեցող բնակիչների ազգագրական երաժշտությունն է):

Դիազի համար նման յուրօրինակ ֆոլկ երաժշտությունը ստեղծագործական ներշնչանքի աղբյուր է:

«Աշխարհը հիմա լցված է արգենտինյան ռիթմերով ու երաժշտությամբ»,- ակումբում տված հարցազրույցում ասաց Դիազը` ավելացնելով, որ «հեռավոր, անծանոթ Պատագոնիայի սուրացող քամիներն ու ժողովրդական ավանդույթներն ինձ ստեղծագործելու նոր լիցք են հաղորդում»:

Ինքը` Դիազը, «աշխարհի ծայրին» գտնվող պատագոնական Ռիո Գալյեգոս փոքր քաղաքից է: Կիթառ սկսել է նվագել 8 տարեկանից: Հետո կյանքը նրան տարել է Բրազիլիա, այնտեղից` Իսպանիա, Բելգիա ու Գերմանիա:

Եռյակը գրավել է «Հայկական նավատորմի նվագախմբի» մենեջեր Բիրգիտ Էլինգհաուսի ուշադրությունը, որը նաև տաղանդավոր երաժիշտների ելույթներ է կազմակերպում ակումբում:

Կիթառի, կոնտրաբասի ու լատինական պերկուսիայի (հարվածային գործիք) կրքոտ հնչյունները «Ավանգարդ ֆոլկ ակումբի» փոքր, ջերմ սրահում հավաքվածներին տեղափոխում են ծովափ, որտեղ Դիազի «Թռիչք դեպի լուսին» կամ «Ամեն ինչ սկսվում է սեպտեմբերին» կոմպոզիցիաները պարուրում էին նրանց աշնանային մելամաղձոտ տրամադրությամբ:

«Երբ լսում ես այս երաժշտությունը, ուզում ես աչքերդ փակել, ձեռքերդ տարածել ու մայրամուտին պառկել ծովի ալիքների վրա,- ասում է Հայաստան այցելած շվեյցարացի զբոսաշրջիկ Սեսիլ Կվարցդեցը: - Ես բազմաթիվ երկրներով եմ շրջագայել, հազարավոր խմբեր լսել, բայց այստեղ ինչ-որ անկեղծություն ու ջերմություն կա, որ ոչ մի տեղ չեմ զգացել»:

Իր ընկերների նման Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցող կոնտրաբասահար Հենկ Դելաատը հիացած է հայ երաժիշտներով, հատկապես` «Հայկական նավատորմի նվագախմբի» (http://www.albakultur.de/alba/index.html) յուրահատուկ ոճով և Time Report ջազ խմբի ղեկավար, սաքսո‎ֆոնահար Արմեն Հյուսնունցի կատարումներով:

«Դուք իրոք հարուստ եք, որ ունեք նման ակումբ ու այս որակի երաժիշտներ: Իսկ ունկնդիրն այնքան ջերմ է, որ ուզում ես շարունակ նվագել ու կանգ չառնել»,- ասում է Հենկը:

2004 թ. գարնանն «Ավանգարդ ֆոլկ ակումբի» ստեղծումից ի վեր այս բեմում ելույթ են ունեցել բազմաթիվ երաժիշտներ ու պարողներ (այդ թվում` նաև Աֆրիկայից), իսկ «Հայկական նավատորմի նվագախմբի» ամեն մի ելույթ այս փոքր սրահում վերածվում է տոնի:

«Այստեղ կարող է ելույթ ունենալ ավանգարդ ‎ֆոլկ նվագող ցանկացած խումբ,- ասում է ակումբի համատեր Արտակ Գևորգյանը: - Մենք որևէ սահմանափակում չենք դնում, մտադիր ենք անգամ թուրքական, մոնղոլական ու իրանական խմբեր հրավիրել: Արվեստը սահմաններ չի ճանաչում, ինչպես, օրինակ` մեկ ամիս առաջ, երբ ա‎ֆրիկյան խմբի համերգին բոլորը պարում ու երգում էին»:

Հոկտեմբերին ակումբը կբացի իր նոր դահլիճի դռները (նախկինում այստեղ էր գտնվում Համազգային թատրոնը): Նոր սրահը, որը հարակից է գործող ակումբին, նախատեսված է 300 հանդիսատեսի համար, մինչդեռ հին սրահը տեղավորում է ընդամենը 120 մարդ: