Բանաստեղծ-քահանա՞. շվեյցարացիների կազմակերպած միջոցառումը մարտահրավեր է նետում հայկական ավանդույթներին

Կարո՞ղ է արդյոք հայ կինը հոգևորական օծվել:

Եթե նա Երևանի գիշերային ակումբներից մեկում փերֆորմանս ներկայացնող բիսեքսուալ ֆեմինիստ է, ապա` այո’:

«Ակումբ» սրճարանում ամերիկահայ բանաստեղծուհի Նենսի Ագաբյանը չորեքշաբթի գիշեր ներկայացրեց իր պոեզիան, որի թեմաները մարտահրավեր էին նետում հայկական ավանդույթներին և ընդլայնում պահպանողական հասարակության հանդուրժողականության սահմանները:

Փերֆորմանսն անցավ շվեյցարական «Ուտոպիանա» կազմակերպության նախաձեռնած «Մեկ քայլ» ֆեմինիստական միջոցառումների շրջանակներում (www.utopiana.am):

Յոգի կապույտ խսիրն է ու դիմացը` ջրով թաս: Նենսին գորգի վրա յոգի վարժություն է անում` երգելով հայ եկեղեցու պատարագից հատված: Զուգահեռ ընթերցանությունն է. «Մոտ ընկերներիցս մեկը խնդրել է իր երեխայի կնքամայրը դառնալ: Ճիշտն ասած` մի փոքր զարմացած եմ. երբեք չէի կարծի, որ կնքամայր էլ կդառնամ: Հանկարծ ու` ես պիտի երաշխավորեմ մի երեխայի բարոյական ու հոգևոր դաստիարակությունը: Գաղափար չունեմ, թե ինչպես եմ դա անելու: Բոլորն էլ գիտեն, որ ես եկեղեցի չեմ գնում»:

Իր «Ջուր և գինի» փերֆորմանսում Ագաբյանն իրեն օծում է քահանա, սակայն մեկ այլ դավանանքի: Իսկ քահանա Նենսին կնքում է ինքն իրեն կնքամայր` նոր բարոյականության: Մի դավանանք, որտեղ միաձուլված են հայի ինքնությունը և հայ համայնքի համար անընդունելի սեռական կողմնորոշումը, ընտանիքի ճակատագիրն ու կենցաղը, որ իրեն հայ է մկրտել, ու կնոջ ազատումը Եվայի մեղքից:

Փերֆորմանսի ընթացքում, որին ներկա էր շուրջ 30 հանդիսական, Նենսիի տեքստի հայերեն թարգմանությունն ընթերցում էր «Բնագիր» (www.bnagir.am) ինտերնետային գրական հանդեսի խմբագիր, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը:

Նենսին ամերիկյան թերթերից պատրաստում է մաշիկներ, հետո` քահանայի վեղար, իսկ տեքստը պատմում է նրա ընտանիքի կանանց պատմությունը` տատի, որին եղեռնի ժամանակ փրկել են արաբները, բուժել ու լողացրել, ընտանեկան վեճերը, ուր մայրը միշտ հոր թելադրանքի տակ էր:

Սա մի պատմություն է, որտեղ եկեղեցին խորհրդանիշն է հայ համայնքում կնոջ ստրկական վիճակի, համայնքը իր պահպանողական բարքերի պատճառով կանանց վանում է իրենից, ստիպում, որ նրանք այլ դավանանք ընտրեն:

«Երբ դեռ երեխա էի, հեչ չէի ուզում եկեղեցի գնալ, չէի ուզում ձանձրույթից տանջվել գրաբարի անհասկանալի հնչյուններից, տխուր երաժշտությունից ու խնկի խեղդող ծխից: Ամենասարսափելին ինձ համար մորուքով տեր հոր առաջ կանգնելն էր, որն իր փայլուն ասեղնագործ թիկնոցով սավառնում էր վրաս ու վերևից խիստ հայացքով նայում ինձ: Երբ արդեն մեծ էի ու կնքամայրս էլ կենդանի չէր, եկեղեցի այլևս չէի հաճախում: Ամեն անգամ, երբ ընտանիքիս հետ եկեղեցի էի գնում, հոգիս ընդվզում էր` տեսնելով, թե ինչպես կանայք իրավունք չունեն ծիսակարգին մաս կազմելու` բացի երգչախմբային ծառայությունից, թե ինչպես նրանք պարտավոր են ծածկել իրենց մազերը, քանի որ ի ծնե, Եվայի պես, մեղավոր են»:

Նյու Յորքում ապրող բանաստեղծուհին պատմում է, թե ինչպես մի օր, 2002 թվականին, ծագումով հայ իր լեսբուհի ընկերուհուն բերում է հայկական եկեղեցի, որտեղ «անզուսպ ցանկությամբ ուզում էի համբուրել նրան, հպվել իմ շուրթերով ու լեզվով նրա շուրթերին»: Եկեղեցում համբուրվելու ցանկությունը սեռական հակումից չի առաջացել, այլ անհնար մի ամուսնության ծեսի երազանքն է կամ եկեղեցու օրենքները փոխելու և նոր օրենք հաստատելու ձգտում:

Առաջին անգամ Հայաստանում կինը հրապարակավ խոսում է իր լեսբուհի լինելու մասին:

37-ամյա Նենսի Ագաբյանը հրատարակել է «Արքայադուստր աննորմալը» բանաստեղծությունների ժողովածուն: «Գինի և ջուր» տեքստը նրա դեռևս անտիպ նոր գրքից է «Նորից ես` որպես նա»:

Անցյալ տարի «Բնագրի» (www.banagir.am) իններորդ համարում տպագրվեց Նենսիի բանաստեղծությունների թարգմանությունը, որի շնորհիվ նրան հրավիրեցին մասնակցելու «Ուտոպիանայի» այս միջոցառմանը:

«Նենսիին գիտեի նրա բանաստեղծությամբ և այսպես չէի պատկերացնում: Անակնկալ էր տեսնել նրան այսպես փոքրիկ, փխրուն, վտիտ ու կարծես անպաշտպան,- ասում է Վիոլետ Գրիգորյանը: - Մեջդ նրան պաշտպանելու ցանկություն էր առաջանում, բայց նրա փերֆորմանսից հետո հանկարծ զգացի, որ այդ քնքուշ արարածը ինքն էր մեզ` հայաստանցիներիս, պաշտպանում»:

Նենսին ժամանակին հեռացել է հայ համայնքից, որը չէր ընդունում նրա բիսեքսուալ կողմնորոշումը: Սակայն 30 տարեկանից հետո Նյու Յորքում կրկին սկսել է շփվել հայերի հետ` ծանոթանալով հայ միասեռականների մի կազմակերպության հետ և հասկացել, որ հայ համայնքը կարիք ունի արդիականանալու: «Ինձ համար կին լինելն ու հայ լինելը միաձուլված են, որովհետև իմ հայ ինքնությունը ստացել եմ հայ կանանցից: Այժմ ես գիտեմ, որ հայ համայնքին ինքս տալու շատ բան ունեմ և նրանից շատ բան ունեմ վերցնելու»:

Նյու Յորքում Նենսին իր համախոհների հետ կազմակերպել է «Կարդալ» ակումբը, ուր հավաքվում են ամենատարբեր հայացքների գրողներ, որոնց միավորում է հայ լինելը:

Փառատոնի կազմակերպիչ Ստեֆան Քրիստենսենը ասում է, որ իրենց նպատակներից մեկը հասարակության մեջ իշխող վախերը հաղթահարելն է, ինչպես, օրինակ, կանանց չամուսնանալու վախը, ֆեմինիստ լինելու վախը, միասեռականների` համայնք ստեղծելու վախը և բազմաթիվ այլ վախեր, որ բնորոշ են և' կանանց, և' տղամարդկանց: