Մարզական տեսություն. ֆուտզալ` լավ, ֆուտբոլ` բարելավո՞ւմ, օղակների հայ տիրակալ և այլն

Ֆուտզալ (մինիֆուտբոլ)

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Թալ Գրիգը» հաջող հանդես եկավ Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարում հայկական ակումբը նախ 5:4 հաշվով պարտության մատնեց Ալբանիայի չեմպիոնին` Տիրանայի «Դինամո» ակումբին, ապա առավելության հասնելով ֆրանսիական «Ռուբե» ակումբի նկատմամբ` 7:2, ապահովեց իր տեղը հաջորդ փուլում:

Լոնդոնում կայացած երրորդ խաղում «Թալ Գրիգը» 1:2 հաշվով զիջեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Ուայթ բեըր» ակումբին:

Այսպիսով` խմբում առաջին երկու տեղերը գրավեցին «Թալ Գրիգը» և ալբանական «Դինամոն», որոնք վաստակեցին 6-ական միավոր: Լոնդոնյան ակումբը նույնպես 6 միավոր վաստակեց, սակայն զիջեց Հայաստանի և Ալբանիայի չեմպիոններին գնդակների հարաբերությամբ:

«Թալ Գրիգն» արդեն երկու տարի է Հայաստանի ֆուտզալի լավագույն ակումբն է, սակայն միջազգային ասպարեզում առայժմ հաջողության չի հասել:

Հաղթելով առաջին փուլում` երևանցիներն իրավունք նվաճեցին հանդես գալու հաջորդ փուլի 4-րդ խմբում, որտեղ ընդգրկված են նաև հունգարական «Քոլորսպեկտրում Արամիս» (Բուդապեշտ), Նիկոսիայի ՀԲԸՄ «Արարատ» (Նիկոսիա) և 2003-2004 թվականների խաղարկության եզրափակիչի մասնակից պորտուգալական «Բենֆիկա» թիմերը: Հանդիպումները տեղի կունենան հաջորդ ամիս:

Ֆուտբոլ

Չնայած սեպտեմբերին Հոլանդիայի և Չեխիայի ուժեղ հավաքականներից կրած երկու պարտությանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը որոշ վերելք է գրանցել ՖԻՖԱ-ի` այս ամիս հրապարակած վարկանիշների ցուցակում: Հիմա 205 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 115-րդ տեղը` նախորդ 119-րդի փոխարեն:

Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից Հայաստանից առաջ են.

Ռուսաստանը` 30-րդ տեղ
Ուկրաինան` 39-րդ տեղ
Ուզբեկստանը`57-րդ տեղ
Լատվիան` 63-րդ տեղ
Էստոնիան`81-րդ տեղ
Լիտվան` 95-րդ տեղ
Վրաստանը` 104-րդ տեղ
Թուրքմենստանը` 109-րդ տեղ
Ադրբեջանը` 114-րդ տեղ:

Իսկ Հայաստանից հետ են միայն Տաջիկստանը` 140-րդ, Ղազախստանը`146-րդ և Ղրղզստանը`152-րդ տեղ:

(ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և www.uefa.com)

Ձյուդո

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 3 հայ մարզիկներ: Սպասելիքները մեծ էին հատկապես միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Արմեն Նազարյանից, սակայն փորձառու ձյուդոիստը 2 հաղթանակից հետո 3-րդ փուլում պարտվեց և թողեց մրցագորգը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև Հովհաննես Մալխասյանը: Իսկ Լևոն Գալստյանն անհաջողության մատնվեց հենց առաջին փուլում: («Ա1+»)

Մարմնամարզություն

Իրանի Զանջակ քաղաքում ավարտված երկրի մարմնամարզության բաց առաջնությունում ոսկե մեդալ նվաճեցին հայաստանցի 3 մարզիկներ: Վահան Ստեփանյանը հաղթեց օղակներում, Հարություն Մեղդիկյանը` պտտաձողում, իսկ Արտյոմ Ավտեյանը` զուգափայտում: («Ա1+»)

Ըմբշամարտ

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն իրենց վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում` նախապատրաստվելով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ամսվա վերջին մեկնարկող աշխարհի առաջնությանը:

Ըստ Հայաստանի սպորտի պետական կոմիտեի ըմբշամարտի մարզիչ Լյովա Վարդանյանի` Բուդապեշտի մրցագորգ դուրս կգան ազատ ոճի 5 և հունահռոմեական ոճի 6 ըմբիշներ: Կընտրվեն միայն միջազգային փորձ ունեցող և մեդալների հավակնող մարզիկներ: Վարդանյանի գնահատմամբ` 2005 թվականը հաջող էր հայ պատանի և երիտասարդ ըմբիշների համար, և նրանց մեծահասակ ընկերները նույնպես ցանկանում են խրարտել այդ բարի ավանդույթը:

Մրցապայքարն առաջինը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Սեպտեմբերի 23-ին նրանք կմեկնեն Բուդապեշտ, որտեղ ամսի 25-ին տեղի կունենա մարզիկների կշռումը, իսկ մեկ օր անց կսկսվեն մենամարտերը, որոնք կավարտվեն սեպտեմբերի 28-ին: Հունահռոմեական ոճի ըմբիշները Հունգարիա կմեկնեն սեպտեմբերի 28-ին և իրենց մրցավեճը կսկսեն հոկտեմբերի 1-ին: (Արմենպրես)

Շախմատ

Սերբիա-Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 23 ներկայացուցիչներ: Առաջին փուլում մեր մարզիկներից հաղթանակ են տարել 11-ը, պարտվել` 9-ը, մյուսները ոչ-ոքի են խաղացել: (Արմենպրես)