Մարզական տեսություն. հայ մարզիկները միջազգային մրցաշարերում

Շախմատ

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող «Ղարաբաղ-2005» միջազգային մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լատվիայից և Մոլդովայից:

Հոկտեմբերի 1-11-ն անցկացվող միջազգային մրցաշարը երկրորդն է Լեռնային Ղարաբաղում: 2004 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցավ շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (1963 թ. և 1966 թ.) Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը:

Մրցաշարը կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան և ԼՂՀ կառավարությունը:

Այն անցկացվում է երկու` Ա և Բ խմբերում, որին զուգահեռ մասնակցում են 10-ական շախմատիստներ:

Մասնակիցներից 2700 և բարձր անհատական գործակից ունեն հինգ շախմատիստներ` Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Իվանչուկը, Հայաստանում ամենաբարձր գործակից ունեցող Արոնյանը, ռուս Դրեևը, Հոլանդիայում ուժեղագույն Սոկոլովը և Մոլդովայի թիվ 1 Բոլոգանը:

«Այս մրցաշարը շատ կարևոր է շախմատային աշխարհի համար,- «Ազատություն» ռադիոկայանին այս շաբաթ տված հարցազրույցում ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի խորհրդի անդամ Արամ Հաջյանը: - Այս մակարդակի մրցաշար երբևէ չի անցկացվել կովկասյան տարածաշրջանում` ո'չ Հայաստանում, ո'չ Ադրբեջանում, ո'չ Վրաստանում և ո'չ էլ Միջին Արևելքում»:

Մրցաշարի մասին վերջին նորությունների համար այցելեք www.karabakh2005.com:

Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը Աշխարհի գավաթի նախնական մրցաշարի որակավորման փուլի` Անդորրա-Հայաստան հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով այսօրվանից ֆուտբոլիստներին հրավիրել է հավաքի‎:

Հոկտեմբերի 12-ին Անդորրային հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը ընտրական 1-ին խմբում վերջին` 7-րդ հորիզոնականից կբարձրանա 6-րդ տեղ` շրջանցելով հենց Անդորրային: Իսկ պարտվելու կամ նույնիսկ ոչ-ոքիի դեպքում Հայաստանի ընտրանին կեզրափակի մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի և Անդորրայի հավաքականները մինչև այժմ հանդիպել են 4 անգամ: Բոլոր խաղերում էլ հաղթանակ է տոնել Հայաստանը, այդ թվում`2001 թ. հոկտեմբերին` հյուրընկալվելիս 3:0 խոշոր հաշվով: Իսկ ընթացիկ ընտրական փուլում հայ ֆուտբոլիստները Երևանում հաղթել են 2:1 հաշվով:

(Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության)

Ըմբշամարտ

Բուդապեշտում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 7 ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել: Իսկ Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Նազարյանը 60 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: («Ա1+»)

Ծանրամարտ

Էջմիածնեցի 62 կգ քաշային ծանրորդ Արայիկ Միրզոյանն արծաթե մեդալ նվաճեց Սլովակիայի Տրենչին քաղաքում այս շաբաթ մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին երկամարտում (պոկում և հրում) ցույց տվեց 270 կգ արդյունք:

Միրզոյանը Հայաստանի ծանրամարտիկներից առաջինը դուրս եկավ մրցաբեմ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը և մարզիչ Օգսեն Միրզոյանը լավ արդյունքներ են սպասում նաև Հայաստանի մյուս երեք մարզիկներից` գյումրեցի Աղվան Մելիքյանից (77 կգ), վանաձորցի Արեն Հակոբյանից (105 կգ-ից ավելի) և, հատկապես, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանից (69 կգ): («Արմենպրես»)

Բռնցքամարտ

Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկան հայ մարզիկները: Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ), Հրաչյա Ջավախյանը (60 կգ) և Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) հաղթող դարձան իրենց քաշային կարգերում: 64 կգ քաշային Արտյոմ Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով: Ձեռնունայն վերադարձան միայն Արտակ Մալումյանը և Էդգար Մանուկյանը: («Ա1+»)