Ամեն ռուբլուն` մի կոպե՞կ. կառավարությունն առաջարկում է ավանդների փոխհատուցման ծրագիր

Հաշվարկված է, որ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մոտ 1 միլիոն հայեր խնայողական ավանդներ ունեին` մոտ 6,5 միլիարդ ռուբլի գումարով: Այդ գումարը 1980-ականների վերջի տարադրամի փոխարժեքով կազմում է 5-6 միլիարդ դոլար, որի շուկայական իրական արժեքը մոտ 800 միլիոն դոլար է:

Կոմունիզմի կործանման հետ կորան նաև Հայաստանի քաղաքացիների ավանդները` սառեցվելով և զոհ գնալով գերսղաճին:

Նախորդ չորեքշաբթի Ազգային ժողովում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ ավանդների մի մասը վերադարձնելու նպատակով 2006 թ. պետբյուջեից կհատկացվի 1 միլիարդ դրամ:

68-ամյա Վրեժ Մինասյանի նման քաղաքացիները լսում են այդ հայտարարությունները հետաքրքրությամբ, բայց առանց խանդավառության:

Մինչև 1990 թվականն ինժեներ-շինարար Մինասյանը խնայել էր 10 հազար ռուբլի` մոտ 9000 դոլար:

Մինասյանի հաշվարկով` ինքն ու կինը տարեկան խնայել են մոտ 1000 ռուբլի: Սակայն այդ գումարով այն ժամանակ կարելի էր նոր «Նիվա» գնել , իսկ այն գումարը, որը նա կարող է ներկայումս ակնկալել` 460 դոլար, կբավականացնի հազիվ անվադողերին: (Ըստ կառավարության ծրագրի` նախատեսվում է փոխհատուցման հետևյալ կարգը. մինչև 1000 ռուբլին` 200 դոլար, 1000-3000 ռուբլի` 340 դոլար, 3000-5000 ռուբլի` 420 դոլար, 5000-10000 ռուբլի` 460 դոլար, 10000 ռուբլուց բարձր` 480 դոլար:)

Ի հակադրություն կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագծի, որը նախատեսում է բոլոր ավանդատուներին հատկացնել ընդհանուր առմամբ 83 միլիոն դոլար, կառավարության ծրագիրը նախատեսում է վերադարձնել ավանդները փուլերով` սկսելով սոցիալապես անապահով խավերի ընտանիքներից, որոնք ընդգրկված են պետության նպաստառուների ցուցակում:

Այս ծրագիրն առաձնապես չի ոգևորում Մինասյանի նմաններին: Ու ոչ էլ ընդդիմությանը, որը տարիներ շարունակ բարձրացրել է այս հարցը որպես կառավարության` իր քաղաքացիների մասին հոգալու անկարողության վկայություն:

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին` ավանդների վերադարձման հարցում անկուսակցական ընդդիմադիր պատգամավորներից ամենաակտիվին, այս ծրագիրը չի գոհացնում:

«Եթե հաջորդ տարի բյուջեով նախատեսվում է ծախսել միայն մեկ միլիարդ դոլար, ապա ավանդների համար հատկացված գումարը կազմում է բյուջեի ընդամենը 0,2 տոկոսը: Իսկ սա ծիծաղելի է, եթե հաշվի առնենք, որ ավանդադրված և վերադարձման ենթակա գումարը կազմում է 8 մլրդ 200 մլն խորհրդային ռուբլի [7 մլրդ դոլարից ավելի խորհրդային ժամանակների փոխարժեքով]»,- ասում է Հովհաննիսյանը:

(Տարբեր հետխորհրդային հանրապետություններում ավանդները վերադարձվել են տարբեր փոխարժեքներով: Օրինակ` Ռուսաստանում 1000 խորհրդային ռուբլու դիմաց տրվում էր 34 դոլար, Բելառուսում` 77, Ղրղզստանում` 6,5, Մոլդովայում` 74, իսկ Լիտվայում` 250:)

Ըստ Հովհաննիսյանի` ավանդներն արդարացիորեն վերադարձնելու համար անհրաժեշտ է փոխհատուցել առնվազն 10:1 հարաբերությամբ, այսինքն` 1000 ռուբլու դիմաց 100 դոլար: Այդ դեպքում կպահանջվի 820 մլն դոլար:

«Ավանդների վերադարձի ժամկետները պետք է լինեն բանականության սահմաններում, ասենք` տասը տարվա ընթացքում, բայց ոչ 400 [նրա հաշվարկած 820 մլն դոլար գումարի պարագայում]»,- ասում է պատգամավորը:

Մարգարյանն ասում է, որ պետությունն ամեն տարի կորոշի բյուջեից հատկացվելիք գումարի չափը: 2006 թ. բյուջեի նախագիծը նախատեսում է հանրային ծախսերի մոտ 20 տոկոս աճ:

Իսկ Վրեժ Մինասյանը չի շտապում գնումներ անել...

«Մենք հասկանում ենք, որ հիմա դա ճոխություն է մեր պետության համար,- ասում է նա: - Բայց գոնե այնպես փոխհատուցեն, որ մարդ չփոշմանի իր ապրած կյանքի համար»: