Առողջապահական համակարգի բարելավման հույսեր. հաջորդ տարվանից պոլիկլինիկաները կդառնան անվճար

Հաջորդ տարվանից Հայաստանում բուժսպասարկումը պոլիկլինիկաներում կդառնա անվճար:

Ներկայումս պոլիկլինիկաներում բուժսպասարկումը` բժշկական հետազոտությունը, ախտորոշումը, որոշ պատվաստումներ և այլն, անվճար են միայն նրանց համար, ովքեր սպասարկվում են պետպատվերի շրջանակներում: Նոր որոշմամբ`սպասարկումը կդառնա անվճար բոլորի համար:

Թեև Հայաստանի ամենակարիքավորների (և տարեցների) համար բուժսպասարկումը պոլիկլինիկաներում անվճար էր, առողջապահության ոլորտի պաշտոնյաների կարծիքով` շատ են այնպիսիք, նաև սոցիալապես անապահով խավերից, ովքեր չեն դիմում առաջին բուժօգնության, որովհետև ի վիճակի չեն վճարելու օրինական բուժման վարձը կամ տալու առողջապահական համակարգում դեռ տարածված կաշառքը:

(Վերջին 15 տարում բուժսպասարկման մատչելիության մակարդակը Հայաստանում կտրուկ նվազել է` համատարած աղքատության և բուժանձնակազմի կոռուպցիայի պատճառով: 2003 թվականին ազգային վիճակագրական վարչության անցկացրած հետազոտությունը պարզել է, որ առողջության հետ կապված խնդիր ունենալու դեպքում բուժհաստատություն է դիմում յուրաքանչյուր երեք մարդուց միայն մեկը:)

Նոր քաղաքականությունից կշահեն, օրինակ` հղի կանայք, որոնք պետք է անվճար բուժօգնություն ստանան, իսկ ծննդատները Հայաստանի առողջապահական համակարգի ամենակոռուպցված կառույցներից են:

«Երբ ասում ենք, որ առաջնային բուժսպասարկումն անվճար է, նշանակում է` պոլիկլինիկաներում այլևս ոչ ոք չի կարող քաղաքացիներից փող պահանջել»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը:

Հաջորդ տարի բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվող գումարը կկազմի 39 միլիարդ դրամ (մոտ 87 մլն դոլար): Պոլիկլինիկաներին հատկացվող գումարն առայժմ չի որոշվել:

Երկուշաբթի հայտարարված նոր քաղաքականության շրջանակներում կվերանան բաց դռների օրերը, երբ բոլոր քաղաքացիներն անվճար բուժսպասարկման հնարավորություն էին ստանում:

Օրինակ` հոկտեմբերի 8-ին` ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2787-ամյակի, 5300 քաղաքացի օգտվեց վերջին բաց դռների օրվա ընձեռած հնարավորությունից:

Մամուլի ասուլիսում Սողոյանին հարցրին` արդյոք պոլիկլինիկաներն անվճար դարձնելը չի անդրադառնա բուժսպասարկման որակի վրա:

Սողոյանը պատասխանեց, որ հատկացված գումարի չափը (յուրաքանչյուր քաղաքացուն` 25-27 դոլար), բնական է, ենթադրում է համապատասխան որակ: (Սակայն նա ասաց, որ դա չի նշանակում, թե հիվանդներին, օրինակ, խնդրելու են վիրակապ բերել, ինչպես այժմ երբեմն լինում է:) Հետևաբար` առաջնություն է տրվելու հիվանդությունների ախտորոշմանն ու կանխարգելմանը:

«Առողջապահական հաստատությունները պետական ընկերություններ են, աշխատավարձի չափն էլ որոշում է տվյալ ընկերության տնօրենը: Ճիշտ է, նախատեսվում է բուժհաստատությունների բյուջեն ավելացնել, բայց առայժմ աշխատավարձի կտրուկ բարձրացում հնարավոր չէ»,- ասում է Սողոյանը:

(Հոդվածում նաև օգտագործվել են տվյալներ «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանից` www.armenialiberty.org