Գահընկեց արված դոլար. դրամը դառնում է թիվ մեկ արժույթ Հայաստանում

Դրամի արժևորման գործընթացը շարունակվեց օգոստոսին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն իջավ 400 դրամից, որն ամենացածրն էր դրամի ակտիվ պատմության ընթացքում:

Գրեթե երկու տարի դրամը կայուն արժևորվում է (իսկ դոլարը` կայուն ընկնում): Սակայն օգոստոսի առաջին կեսին դոլարը կտրուկ նվազեց 25 դրամով` մեկ-երկու շաբաթվա ընթացքում մոտ 6,25 տոկոսով: Դրանից հետո դրամը չի հասել 400 դրամի սահմանին` երբեմն անցնելով 395-ը:

Այս դրամատիկ իրադարձությունները, ինչպես նաև 400 դրամի սահմանն անցնելու հոգեբանական ազդեցությունը, ստիպել է շատ մարդկանց և արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների հաշվել իրենց կորուստները:

Շատերի համար այս իրավիճակը նշանակում է, որ իրենք ավելի քիչ բան կարող են գնել արտասահմանից իրենց ազգականների ուղարկած դոլարով: Իսկ դոլարային ֆինանսավորում ունեցող բարեգործական կազմակերպություններն ավելի քիչ օգնություն կարող են ցույց տալ:

Օրինակ` եթե ընտանիքը մեկ տարի առաջ ստանում էր 100 դոլար, ապա դա ուներ մոտ 46000 դրամի գնողունակություն: Այսօր դա իջել է 39500 դրամի: Այդ նվազումը նշանակում է, որ 100 դոլարը հավասար է մեկ տարի առաջվա 81,25 դոլարին:

Արդեն կես տարի է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը ֆինանսավորվում է սփյուռքահայ նվիրատուների միջոցներով, ներկայացնում է իր ծրագրերի ֆինանսական հաշվարկները դրամով:

Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արա Վարդանյանն ասում է, որ իրենք պարզապես ստիպված են արձագանքել ամերիկյան տարադրամի նման արժեզրկմանը:

Պրոբլեմները սկսվեցին մոտ երկու տարի առաջ, երբ արձանագրվեցին դոլար-դրամ փոխարժեքի առաջին մեծ տատանումները: Վարդանյանի հավաստմամբ` այն ժամանակ իրենց ծրագրերի բյուջեն կազմվում էր դոլարով, քանի որ նույնիսկ իրենց կապալառուները հաշվարկում էին շինարարական աշխատանքների արժեքը դոլարով, իսկ շուկայում շինանյութի գները դոլարով կայուն էին:

Այժմ դոլարը թուլացել է դրամի նկատմամբ, և շինանյութի գները բարձրացել են:

Սովորաբար երկուսից հինգ ամիս է պահանջվում, որ հիմնադրամի ծրագրերը հաստատվեն և ներկայացվեն ֆինանսավորման: «Մի շրջան դոլարով հաշվարկված մի քանի ծրագիր էինք ուղարկել արտասահման` հաստատման, և երբ չորս ամիս հետո դրանք հաստատվեցին, պարզվեց, որ դոլարն արժեզրկվել է 50-60 դրամով,- ասաց Վարդանյանը: - Շինարարներն այլևս հրաժարվում են դոլարով աշխատելուց: Նրանք հաշվարկները կազմում և ցանկանում են վճարվել դրամով, և դա պրոբլեմներ է ստեղծում մեզ համար»:

«Հայաստան» հիմնադրամին սպասում է ավելի մեծ վերահաշվարկ իր այնպիսի ընթացիկ ծրագրերի համար, ինչպիսին է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը Լեռնային Ղարաբաղում:

Հիմնադրամը փորձում է պրոբլեմը լուծել երկու ճանապարհով. խնդրում է դոնորներից լրացուցիչ ֆինանսավորում և պահում է իր միջոցները տարբեր բանկային հաշիվների վրա տարբեր տարադրամներով:

«Շատ դժվար է համոզել մեկ ու կես միլիոն նվիրատվություն արած բարեգործին` ավելացնել ևս 200 հազար դոլար, որովհետև դոլարի փոխարժեքն ընկել է»,- ասում է Վարդանյանը:

«Այնպես որ, մենք հիմա հաշվարկում ենք մեր ծրագրերը դրամով և փակագծերում նշում փոխարժեքը տվյալ օրվա դրությամբ: Մեր դոնորները գիտեն, որ իրենք պետք է փորձեն ծածկել իրենց ծրագրերի դրամային արժեքը,- ասում է Վարդանյանը: - Սովորաբար մենք ֆինանսավորումը ստանում ենք մաս-մաս, և դոլարով մեզ փոխանցված նույն գումարը կարող է դրամական արտահայտությամբ տարբեր լինել»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը անցյալ տարվա աշնանը անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում ստացել է 7,7 միլիոն դոլարի խոստում: Վարդանյանի հավաստմամբ` խոստացված գումարը ստանալու համար սովորաբար ամիսներ են պահանջվում: Նրա հաշվարկով` դոլարի արժեզրկման պատճառով անցյալ նոյեմբերից հիմնադրամը կարող է կորցրած լինել 800 հազարից մինչև 1 միլիոն դոլար:

«Մեր սփյուռքահայ դոնորներին կարող է դուր չգալ «կորցնել» բառը, բայց իրականում դա նշանակում է, որ մենք Հայաստանում դրանով ավելի քիչ բան կարող ենք անել»:

Վարդանյանն ասում է, որ դոնորների մեծ մասը հասկանում է իրավիճակը, սակայն Եվրոպայում մարդիկ ավելի ըմբռնումով են մոտենում կատարվածին:

«ԱՄՆ-ում մարդիկ ավելի քիչ են զգում դոլարի արժեզրկումը, քան Եվրոպայում, որտեղ եվրոն նույնպես արժևորվում է դոլարի նկատմամբ»,- ասում է Վարդանյանը` ավելացնելով, որ իրենց նվիրատվությունների մեծ մասն արվում է դոլարով:

Անցյալ տարի հիմնադրամը ստացել է 12,7 միլիոն դոլար գումար, այս տարվա առաջին չորս ամիսներին` 7,5 միլիոն դոլար:

Երեք տարի առաջ Երևանում 580 դրամով վաճառվող դոլարը (ինչը մոտ 32 տոկոսով բարձր է այսօրվա փոխարժեքից) իջել է վերջին 12 տարվա ընթացքում իր ամենացածր փոխարժեքին:

Հայաստանի կենտրոնական բանկը, որպես կանոնմ, բացատրում է իրավիճակը օբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են դոլարի շարունակվող անկումը միջազգային շուկայում և բնակչության վստահության ամրապնդումը հայկական դրամի հանդեպ:

Օգոստոսին, երբ Հայաստանում արձանագրվեց ԱՄՆ դոլարի և այլ հիմնական տարադրամների փոխարժեքի նվազում, կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ «այդ գործընթացում ոչ մի արհեստական բան չկա»` կրկին շեշտելով, որ «կենտրոնական բանկը չի կարող արհեստականորեն բարձրացնել կամ իջեցնել դրամի փոխարժեքը»:

Կենտրոնական բանկի նախագահը նշում է, որ մեծացել է տարադրամի ներհոսքը արտասահմանից Հայաստան, և տարադրամների արժեզրկմանը զուգընթաց մարդիկ սկսել են ավելի վստահել իրենց ազգային արժույթին: «Այժմ ավելի շատ մարդիկ, որոնք մինչև վերջերս նախընտրում էին խնայողությունները պահել դոլարով, նախապատվությունը տալիս են դրամին»,- ասում է Սարգսյանը:

Նախագահը նշում է, որ երկրի տնտեսական զարգացման համար «ավելի կարևոր են կայուն գները, քան կայուն փոխարժեքը»:

Բայց շարքային քաղաքացիները և կազմակերպությունների ղեկավարները, հատկապես Երևանում, շատ լավ գիտեն, որ «կայուն գները» նույնպես փոխվել են` անշարժ գույքից մինչև մթերքները:

Սակայն Սարգսյանն ասում է, որ եթե կենտրոնական բանկը միջամտեր (ավելի շատ դրամ մտցնելով շրջանառության մեջ), ապա դա կհանգեցներ հիպերինֆլյացիայի:

Միաժամանակ կենտրոնական բանկը հավատացնում է, որ իրավիճակը նվազ դրամատիկ է բնակչության համար, քան կարծում են:

Օգոստոսի սկզբին կենտրոնական բանկը հրապարակել էր մի հետազոտության արդյունքներ, որը ներկայացնում էր ուժեղ դրամի ազդեցությունը Հայաստանի բնակչության վրա: Ըստ այդ հետազոտության` վիճակը նույնիսկ բարելավվում է:

Կենտրոնական բանկի հետազոտությունից պարզվել է, որ հայաստանցի ընտանիքների 37 տոկոսը կանոնավոր փոխանցումներ է ստանում արտասահմանում ապրող կամ աշխատող իրենց ազգականներից, և որ այդ ընտանիքները ներկայացնում են միջին խավը` հակառակ լայնորեն տարածված այն կարծիքի, թե արտասահմանից օգնություն են ստանում հիմնականում ցածր եկամուտ ունեցող ընտանիքները:

Այսպիսով, կենտրոնական բանկը փորձում էր ցույց տալ, որ աղքատ ընտանիքները քիչ են տուժում դոլարի արժեզրկումից: Նույնիսկ հակառակը, հետազոտությունը ենթադրում է, որ ուժեղ դրամը նշանակում է ցածր ինֆլյացիա, որն ավելի կարևոր է աղքատ ընտանիքների համար:

Անցյալ տարի արտասահմանից փոխանցումները կազմել են 940 միլիոն դոլար: Այս տարի կենտրոնական բանկն ակնկալում է 17 տոկոսի աճ:

Կենտրոնական բանկի ֆինանսների բաժնի վարիչ Արթուր Նախշիկյանի կարծիքով`հայաստանցիները դեռ պատրաստ չեն համակերպվելու այն մտքի հետ, որ հայկական դրամը կարող է արժևորվել: «Հայկական դրամի արժևորումը դիտարկվում է արդեն երրորդ տարին, սակայն այս երևույթը ոմանք շարունակում են նոր բան համարել»,- ասաց նա` համեմատության կարգով նշելով, որ նույն ժամանակահատվածում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 60 տոկոսով:

Հետաքրքիր է, որ այս տարվա սկզբից փակվել է Երևանի 220 տարադրամի փոխանակման կետերից 88-ը: Սպասվում է, որ այս տարվա վերջին, երբ ուժի մեջ մտնի տարադրամի փոխանակման կետերի գործունեությունն արտոնագրող ու կարգավորող նոր օրենքը, էլի փոխանակման կետեր կփակվեն: Կառավարության քննադատները պնդում են, որ նման իրավիճակը կհեշտացնի տարադրամի փոխանակման շուկայի վերահսկումը կենտրոնական բանկի կողմից:

Իսկ առայժմ իրավիճակի հետևանքներից մեկն այն է, որ խիստ անշահեկան վիճակում են հայտնվել արտահանողները, մինչդեռ խոշոր ներմուծողները մեծապես շահում են:

Վիճակագրական տվյալներով` վերջին մի քանի ամսվա ընթացքում արտահանումը նվազել է 5 տոկոսով, իսկ ներմուծումը կտրուկ աճել է` մոտ 17 տոկոսով:

«Կովկաս» վերլուծական կենտրոնի աշխատակից Աշոտ Եղիազարյանը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական ներհոսքի (մասնավոր փոխանցումների) մեծ մասն արվում է ԱՄՆ դոլարով, Հայաստանի գլխավոր առևտրական գործընկերները Եվրամիության երկրներն ու Ռուսաստանն են, իսկ վերջինի հետ Հայաստանն ունի աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժման պայմանագիր: Հայաստանի տնտեսությունը կկորցնի իր մրցունակությունը և կկանգնի ճգնաժամի առաջ, եթե դրամը շարունակի ուժեղ մնալ դոլարի հանդեպ, իսկ դոլարը, իր հերթին, սկսի արժևորվել եվրոյի ու ռուբլու հանդեպ»:

«Կովկաս» վերլուծական կենտրոնն արդարացնում է կենտրոնական բանկի չմիջամտելու քաղաքականությունը, քանի որ ենթադրում է, որ դրամի փոխարժեքը զսպելու միջոցները կարող են հանգեցնել դրամի զանգվածի մեծացմանը, որը, իր հերթին, կազդի տնտեսության վրա և կհանգեցնի գների զգալի աճի, իսկ վարկային ռեսուրսները կթանկանան:

Իսկ «Արմատ» ՀԿ տնտեսագետ-փորձագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով` դոլարի արժեզրկմամբ շահագրգռված են հիմնականում խոշոր ներմուծողները:

«Հայտնի է, որ մեծ ներմուծող ընկերություններ ունեցող մեր օլիգարխները սերտորեն կապված են քաղաքականության հետ: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարանում տեղ ունենալու համար օլիգարխից պահանջվում էր մոտ 150000 դոլար, այժմ դրա գինը կարող է հասնել կես միլիոն դոլարի»,- ասել է Աղաջանովը «Ազատություն» ռադիոկայանին: Միայն այս տարվա առաջին եռամսյակում առևտրի դեֆիցիտը Հայաստանում հասել է 500 միլիոն դոլարի:

Արտահանման ուղղվածություն ունեցող «ՄԱՊ» ընկերության (գյուղմթերքի վերամշակում) ներկայացուցիչը նշում է, որ ստեղծված իրավիճակը մեծապես ազդում է իրենց վրա` ըստ էության, վտանգելով ապագան:

«Ռեգնում» լրատվական գործակալությանը վերջերս տված հարցազրույցում ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանն ասել է. «Մենք դրամով խաղող ենք գնում, դոլարով արտահանում մեր արտադրած կոնյակն ու զգալի վնասներ կրում: Մենք չենք կարող դադարեցնել մեր արտադրությունը: Շարունակում ենք հումք գնել: Եթե դոլարն ընկնի մինչև 350 դրամ, մենք ստիպված կլինենք բարձրացնել մեր արտադրանքի գները, ինչը կիջեցնի նրա մրցունակությունը և մեզ դուրս կմղի բիզնեսից»: