15 տարի. սեպտեմբերի 2-ը ԼՂՀ անկախության հոբելյանն է

15 տարի առաջ` 1991 թ. սեպտեմբերի 2-ին, ընդունվեց մի հռչակագիր, որը վավերացրեց Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր անկախությունը Ադրբեջանից: Այսօր էլ այն մնում է ժամանակավոր, քանի որ միջազգային կառույցները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արյունալի բախումը դադարեցվել է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է խոսքի պատերազմը, և 15 տարվա «անկախությունը» ոչ օրինական պետականություն է բերել, ոչ էլ խաղաղություն:

Պատմական հռչակագիրը պատասխան էր դրանից երեք օր առաջ Բաքվի հայտարարած հռչակագրին, որով հետխորհրդային շրջանում Ղարաբաղը (որը 1920-ականներին բռնակցվել էր Ադրբեջանին) հայտարարվում էր Ադրբեջանի մաս:

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, Հայաստանը` որ այդ պնդումն անհիմն է: Հետևանքը փակ սահմաններն են ու պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքը: Միջազգային խաղաղարար բանակցությունները չեն պսակվել հաջողությամբ` երկու կողմերին բավարարող լուծումներ գտնելու հարցում հայտնվելով փակուղում:

Հայաստանին համակրող վերլուծաբանները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանի կազմից ճիշտ նույն օրենքի համաձայն, որով վերջինը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից:

«Դեռ ավելին,- ասում է ղարաբաղյան հարցով փորձագետ Ալեքսանդր Մանասյանը,- 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված խնդիրների լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը ԽՍՀՄ-ից դուրս եկող հանրապետության կազմի մեջ մտնող ինքնավար միավորներին վերապահում էր սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունք»:

Դեռ սեպտեմբերի 2-ի հռչակագիրն ընդունելուց առաջ` 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհուրդը ընդունեցին համատեղ որոշում «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միավորման մասին»:

Երբ 1991 թ. հոկտեմբերի կեսին Հայաստանն ընտրեց իր առաջին նախագահին, հայերը հույս էին փայփայում ունենալ միավորված երկրի մեկ ղեկավար: Սակայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման հռչակագիրը չարժանացավ միջազգային հանրության հավանությանը:

Մեկ տարի անց միավորվեցին Արևելյան և Արևմտյան Գերմանիաները, իսկ Ղարաբաղը և Հայաստանը միավորվեցին միայն տեսականորեն` հայերի հույսերի և հանուն դրա պատերազմելու պատրաստակամության մեջ: Այսքան տարիներ անց միայն թուղթն ու արյունն են արտացոլում այդ նպատակին հասնելու հայերի գործադրած ջանքերը:

«Չպետք է մոռանալ, որ այն ժամանակ Ղարաբաղը գտնվում էր թշնամու կրակե օղակում, իսկ 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախ դիտորդների ներկայությամբ անցկացված ԼՂՀ անկախության հանրաքվեն դարձավ ԽՍՀՄ տարածքում միակ ընտրական միջոցառումը, որն անցկացվեց չդադարող փոխհրաձգության պայմաններում,- ասում է «Կովկաս» վերլուծական կենտրոնի քաղաքագետ Մանվել Պետրոսյանը: - Նման պայմաններում Հայաստանի Հանրապետությունը բոլոր բարոյական հիմքերն ուներ չճանաչելու Ադրբեջանը որպես ՄԱԿ-ի անդամ` նրա խորհրդային սահմաններով: Ցավոք, այդպիսի բան տեղի չունեցավ»:

ԼՂՀ անկախության ճանաչումն այսօր էլ մնում է ազգային գերակայություն: Այսօրվա աշխարհակարգն ավելի հակված է ճանաչելու միջազգային իրավունքի նոր սուբյեկտներին, քան ըմբռնելու վերամիավորման ակտը: Վերջին մեկուկես տասնամյակում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել են 30-ից ավելի նոր պետություններ, և այդ գործընթացը հեռու է ավարտված լինելուց: Պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ընդունվել է ՄԱԿ` իր խորհրդային սահմաններով (ի դեպ, որոնցից այն հրաժարվել է սահմանադրական կարգով), միևնույն է, մեծ նշանակություն չունի: ՄԱԿ-ի նույնպիսի անդամ էին նաև Ինդոնեզիան և Եթովպիան, որոնցից առանձնացան, համապատասխանաբար, Արևելյան Թիմորն ու Էրիթրեան: Ի վերջո, ՄԱԿ-ի անդամ էր Խորհրդային Միությունը (ընդ որում` Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակով), և հռչակելով իր անկախությունը` Բաքուն, չգիտես ինչու, հաշվի չէր նստում այս իրողությունների հետ:

«Մյուս կարևոր հանգամանքը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ միավորման գործընթացը որպես մաքսիմում ծրագիր, ի սկզբանե ենթադրում է էթնիկապես միանման պետական միավորների անկախ գոյություն,- ասում է Մանասյանը: - Այլ խոսքերով` ազգային ինտեգրում ազգային դիֆերենցման միջոցով: Դա հենց այն ուղին է, որն իրականացնում են թուրքերը Մեծ Թուրանի ստեղծման համատեքստում (այսօր նրանք արդեն աշխատում են Չինաստանի Սիցզյան-Ույգուրական Ինքնավար Մարզի ուղղությամբ): Կա նաև Արաբական երկրների լիգայի օրինակը, որի գործունեությունն ուղղված է արաբական պետությունների առավելագույն ինտեգրմանը»: