Ոչնչածվածի խոսքը. իսկական տղամարդիկ մեծ շամփուրներ ունեն

Լինում են դեպքեր, երբ տղամարդիկ պետք է տեղի տան ուրիշ տղամարդկանց նվազ հավակնոտ պահանջներին, նույնիսկ եթե ավանդույթին չհետևելուց տուժում է արդյունքը:

Տղամարդկանց միջև կան գծեր, որոնք չպետք է խախտվեն:

Հայաստանում այդ գիծը գծված է խորովածի մանղալի մոտ:

Խորոված. սա մի բան է, որին ես ծանոթ եմ շատ ավելի վաղուց, քան Հայաստանին: Եվ դա մի բան է, որ ես սովորում եմ: Եվ սրա ուսուցիչները շատ-շատ են: Ես սկսել եմ հավատալ, որ առնանդամ ունեցող ամեն հայ խորովածի վարպետ է:

Խորովածի հետ իմ ծանոթությունը սկսվում է Ալաբամայի Դեկատուր քաղաքի մոտ գտնվող Մեծ Բոբ Գիբսոնի` 31-րդ մայրուղու վրա գտնվող խորտկարանից, որտեղ մատուցում էին եղնիկի մսով խորոված, և ձգվում է մինչև Կալիֆոռնիայի Քոմփթոն քաղաքում գտնվող խորովածանոցը, որտեղ հաճախորդները ստանում էին իրենց պատվերը զրահապատ պլեքսիգլասե վաճառասեղանի հետևից: Եղել եմ նաև Ինդիանա նահանգի հարավում գտնվող «Մեծ կոշիկ» խորովածանոցում, որի ճակատին փակցված ձեռագիր ցուցանակին գրված էր. «Խորովում ենք ամեն ինչ, բացի նորածիններից: Նրանց մենք խաշում ենք»:

Խորովածային իմ ստաժն այժմ տարածվում է մինչև Սևանա լճի ափերը, որտեղ ինձ վերջերս հիշեցրին, որ խորոված պատրաստելու գործընթացը Կովկասում հավասարազոր է ձեռնամարտին (արմռեսլինգ), պարան ձգելուն, տղամարդկանց միջև մրցմանը, թե ով կգրի ամենաերկար բառը` միզելով ձյան վրա: Դա տարածքը տեղանշելու և փետուրներով սիրախաղ անելու մասին է:

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Եվային ստեղծելու համար Աստված վերցրեց Ադամի կողը: Բիբլիական արարչագործության հաշվետվությունից պակասում է այն, որը Ադամի կողը վերցնելուց հետո Աստված դրանից խորոված է սարքել, և միայն դրանից հետո է հայտնվել Եվան:

Խորոված անելով` մենք փորձում ենք հետ ստանալ մեր կողը` հետ նվաճել Եվային: Դա շատ խրթին հարց է, և դուք խորապես թերագնահատում եք դրա բարդությունը, եթե կարծում եք, թե դա միայն ուտելու մասին է:

Դրանում համոզվելու իմ հերթը եկավ մի տեսակ ինքնաբերաբար. հովեկների մեր խմբում ես ամենամեծն էի:

Ինձ ամենից շատ մտահոգում էր կրակը վառելու հարցը: Հազար անգամ տեսել էի, թե ինչպես են դա անում` Պռոշյան փողոցից մինչև ամառանոցների բակերը, բայց կասկածներ ունեի` կկարողանա՞մ երկնել այն երևույթը, որը մեր նախնիներին դուրս հանեց քարանձավներից:

Կրակվառիչի մեկ չրթոցը բավական էր, որ քիչ անց կրակի բոցերը լիզեն իմ շարած փայտի բուրգը, որի կպչանն իմ ձեռքերով էի պոկել Սևանի չորացած թփուտներից: Դե, անցնենք զոհաբերությանը:

Բերեք բադրիջանը, լոլիկը, տաքդեղը, կարտոֆիլը` բոլորը շամփուրների վրա հագցված ու գունային գամման ապահովված (վերջինը իմ սեփական մտահղացումն էր): Վերջապես, բերեք միսը:

Դժբախտաբար, ծխի հոտը բերեց նաև մի կարճահասակ, առտուն կանուխ արդեն մի երկու բաժակ օղի գցած, ամբողջ մարմինը, գլխից բացի, մազածածկ, Հակոբ անունով մի հայի:

Եվ այդ Հակոբն ինձ մի դասախոսություն կարդաց, որը պետք է թարգմաներ հենց այն կինը, որի վրա փորձում էի տպավորություն գործել, այն մասին, որ շամփուրները չափազանց կարճ են (այո, չափսը, իսկապես, նշանակություն ունի), կարտոֆիլը` չափազանց խոշոր, բադրիջանը պետք է շարել հորիզոնական և ոչ թե ուղղահայաց, և որ մի քիչ ձեթն ու տոմատի սոուսը հավի խորովածն ավելի համեղ կդարձնեն:

Հայտնվել էր Ալֆա տղամարդը, և նրան տեսնելու համար ես պետք է վերից վար նայեի: Ես ճիշտ որոշում կայացրի. հեռացա նրա տարածքից` թողնելով նրան ամեն ինչ ` կրակը, ուտելիքն ու կնոջը:

Եթե պոչ ունենայի, ապա այն կլիներ ոտքերիս արանքում` մինչ ես կաղկանձելով քաշվում էի քոթեջ, որտեղ…

Անցա մաքրության գործին:

Սրբեցի սեղանը, իրարից հավասար հեռավորության վրա դասավորեցի բաժակները, լվացի սրճեփը: Հետո ծալեցի սրբիչները, որ ծալելու կարիք չունեին: Վերցրի ցախավելն ու երևանցի փողոց ավլողի նման կռացած անցա գործի` վախենալով, որ կարող է հայտնվել Հակոբի տատիկ տեսակը և հանդիմանել ինձ գործը կարգին չանելու համար:

Ոչ ոք չհայտնվեց, և մի քանի րոպեից շուրջբոլորս մաքրությունից փայլում էր: Չկար մի բան, որ ստվեր գցեր հայ տանտիկնոջ հեղինակության վրա:

Հակոբի չսափրված դեմքը ամեն փշրանքի կամ սարդոստայնի վրա` ես մաքրում էի այնպիսի ջանասիրությամբ, որին ընդունակ են տղամարդու նվազ արժանավոր տեսակները:

Կինը հայտնվեց Հակոբի պատրաստած ուտելիքներով: Ես գնացի ձուկ բռնելու` հետևումս թողնելով քոթեջը` փոշիները վերցրած աթոռներով, կատարյալ մաքրված հատակով ու հավասար շարված բաժակներով:

Ամեն ինչ այնքան անթերի էր, կարծես կնոջ ձեռք էր կպել:

Հավանաբար, ես դա չէի ուզում ասել: