Նորահայտ վկայություն. գիտնականների հավաստմամբ` Աղդամում հայտնաբերվել են Արցախի Տիգրանակերտի մնացորդները

Մի քանի շաբաթ առաջ արված հնագիտական հայտնագործությունը կարող է ավելի հիմնավոր դարձնել Հայաստանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից դեպի արևելք գտնվող Աղդամի շրջակայքում հնագետները պեղել են մի քաղաքի մնացորդներ, որը, նրանց հավաստմամբ, եղել է հայոց թագավոր Տիգրան Մեծի (մ.թ.ա. 1-ին դար) թագավորության կազմում:

Միջնաբերդի պարսպի մի հատված և երկու դամբարանադաշտ հայտնաբերած պեղումները ֆինանսավորել է հայաստանյան մի հասարակական կազմակերպություն, որպեսզի ապացուցի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե այդ տարածքը միշտ պատկանել է ադրբեջանցիներին, անհիմն է:

«Սա ապացուցում է, որ, այսպես կոչված, վիճելի տարածքները բնիկ հայկական են: Հնագիտական այս ուսումնասիրություններով աշխարհին կարող ենք ապացուցել ազատագրված տարածքների ամեն մի քարի ու հուշարձանի հայկականությունը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Պեղումները ֆինանսավորել է Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը (www.yerkir.org):

Հայ գիտնականները պնդում են, որ տարածքը, որտեղ պեղումները սկսվել են օգոստոսի 3-ին, Արցախի Տիգրանակերտ քաղաքի մի մասն է: Պեղումներն իրականացվել են վտանգավոր պայմաններում. ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ամբողջ տարածքը ականապատված է:

Միության նախագահ Սևակ Արծրունին ասում է, որ Տիգրանակերտի հայտնաբերումը մեծ դեր կարող է ունենալ բանակցային գործընթացում (թեև նրա այս լավատեսությունը կարող է համահունչ չլինել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը):

«Այս պեղումները «Երկիր» միության համար նախևառաջ քաղաքական նպատակ ունեն, սա մեր պատասխանն է անցյալ տարի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևի արած այն հայտարարությանը, թե ժամանակն է ապացույցներ գտնելու Արցախում հայերի եկվորության և ադրբեջանցիների բնիկ լինելու վերաբերյալ»,- ասում է Արծրունին:

Ըստ Արծրունու` Տիգրանակերտի ավերակների առկայությամբ ամրապնդվում է հայկական կողմի դիրքը բանակցային գործընթացում, քանի որ այն իրեղեն ապացույց է ստանում, որ այդ տարածքում հայերը հիմնավորվել են դեռ 21 դար առաջ:

Պեղումների առաջին փուլում հայտնաբերվել են միջնաբերդի պարսպի դարավանդներից մեկի պատը` 33 մետր երկարությամբ, հսկայական սրբատաշ քարերով, ծիծեռնակապոչ կապերով, դարավանդներից մեկի հենապատը, 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցի և հազարավոր խեցեգործական իրեր, զարդեղեն, մեծ կարասներ:

«Ծիծեռնակապոչ կապերով շարվածքը թվագրության համար կարևոր նշանակություն ունի, քանի որ նման շինարարական տեխնիկան բնորոշ է հելլենիստական ժամանակաշրջանին, երբ մոնոլիտ, մեծ քարե բլոկները միմյանց ամրացվել են մետաղական կապերով, լցվել արճիճով և շաղախով»,- ասում է ճարտարապետության թեկնածու, դոցենտ Լյուբա Կիրակոսյանը:

Պարսպապատերի նույնատիպ շարվածք հանդիպում է նաև Արտաշատում և Արմավիրում, սակայն, ըստ Կիրակոսյանի, նման ճշգրտությամբ, հստակ չափագրությամբ կանոնավոր շարվածք դեռ որևէ այլ տեղ չի հայտնաբերվել:

Գտածոների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տիգրանակերտ քաղաքն անընդմեջ գոյատևել է իր հիմնադրման պահից` մ.թ.ա. 1-ին դարից, մինչև մ.թ. 13-14-րդ դարերը:

Ուսումնասիրվել է նաև քաղաքի մերձակա Խաչենագետի հովտում գտնվող ժայռափոր եկեղեցական համալիրը:

Ըստ Համլետ Պետրոսյանի` Խաչենագետի քարայրային համալիրի մեջ են մտնում եկեղեցի, գավիթ և ժայռերի մեջ փորված տապանատուն, որտեղ հայտնաբերվել են քրիստոնեական վաղ շրջանի խաչային հորինվածքներ և հունարեն արձանագրություններ:

Հնագետն ասում է, որ Խաչենագետի համալիրը հայտնի է եղել նաև ադրբեջանցիներին, որոնք, սակայն, այն համարել են վաղ աղվանական շրջանի համալիր, բայց բազում հնագիտական նյութեր այսօր ապացուցում են, որ դա հայկական է:

Գտնվել է նաև ջրամատակարարման մի ամբողջ համակարգ, որը, ըստ հնագետների, ջուր է մատակարարել Տիգրանակերտին:

«Հայ ամենահղոր թագավորի` Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքի հայտնաբերումը, թերևս, ամենամեծ վկայությունն է, որ այդ տարածքները պատմականորեն հայկական են, ինչը Ղարաբաղի կառավարությունը, ղեկավար այրերն այսօր մեծ հաղթանակ են համարում»,- ասում է Արծրունին:

Պեղումները կշարունակվեն հաջորդ երկու տարվա ընթացքում, իսկ ներկա պեղումների գտածոների մասին լույս կտեսնի պատկերազարդ գիրք: