Ինչպես անցկացրի ամառային արձակուրդս. դժբախտ` Սևանի ափին

Անարխիայի օրոք «թափառող ավազակների» իրականացրած ոչ համակարգված մրցակցային գողությունը ոչնչացնում է ներդրում անելու և արտադրելու խթանը` գրեթե ոչինչ չթողնելով ոչ բնակչությանը, ոչ էլ ավազակներին:

Մանկուր Օլսոն «Բռնատիրություն, ժողովրդավարություն և զարգացում», 1993 թ.

Ես իմ արձակուրդն անցկացրի Անարխիայի Հանրապետությունում:

Իմ ուղեգրում նշված էր, որ գնում եմ Սևան: Այնտեղ նշված չէր, որ «Արևիկ» հանգստյան տունը անկախություն է ձեռք բերել ու միացել Անարխիայի Հանրապետությանը:

Նախօրոք` մեկ շաբաթ առաջ ձեռք բերված ուղեգիրը երկու տեղանոց սենյակի համար էր: Հինգ օրվա գինը` 182 դոլար:

Լավ է, գոնե լիճը չեն տեղափոխել: Ինչպես և խոստացված էր, «Արևիկը» դեռևս Սևանի ափին է` կառուցված խորհրդային ժամանակներում: Այստեղ դեռևս գործում են հին մտածելակերպը, մարդկանց (չ)սպասարկման հին ոճը:

Համալիրը բաղկացած է վեց մասնաշենքից, ճաշարանից և կիսաքանդ (կամ, հուսանք, կիսակառույց) մարզադահլիճից ու քիչ հեռվում գտնվող անհայտ նպատակի ծառայող շինությունից, որտեղ միայն կերած-խմած ճայերն էին շրջում: (Ճայերին ոչ մեկը հատուկ չի կերակրում, սակայն լճափի առատ աղբը լավ սնունդ է ապահովում նրանց համար:)

Հանգստյան տան ադմինիստրացիային գտա մուտքի մոտ խռնված ամբոխի օգնությամբ, ոչ մի ցուցանակ չկար:

Ցույց տվեցի ուղեգիրս: Աշխատողներից մեկը փոխանցեց այն մեկ ուրիշին: Երկրորդ աշխատողը այդպես էլ աչքը չկտրեց անունների ցուցակից, երբ կարդում էր իմ դատավճիռը. «Սենյակ չունենք»:

Ի՞նչ:

«Տաք ջրով սենյակ չունենք»:

Ես հատուկ նշեցի, որ վճարել եմ տաք ջրով սենյակի համար: Նա չառարկեց: Ոչ էլ փորձեց շտկել թյուրիմացությունը: Պարզապես ասաց, որ մյուս հանգստացողներն արդեն զբաղեցրել են տաք ջրով բոլոր սենյակները:

Իսկ իմ ուղեգի՞րը:

Նրա պատասխանից ես գլխի ընկա, որ հարցը կարող է լուծվել համապատասխան վերաբերմունքով (ասենք` կաշառքով):

Նա ասաց, որ մեկ-երկու օրից մի բան կանի:

Այսպես են հարթվում պրոբլեմները Անարխիայի Հանրապետությունում…

Ես գիտեմ, որ ականջ դնելը լավ բան չէ: Սակայն լավ չէ նաև վճարել այն հարմարությունների համար, որ չունես: Այնպես որ…

Հաջորդ օրը լճափին պառկած լսեցի, թե ինչպես մի կին բջջային հեռախոսով ասում էր իր ազգականին, որ N սենյակը ջրատաքացուցիչ ունի: Բայց նաև ավելացրեց, որ այդ սենյակը (հավանաբար ջրատաքացուցիչի նման «շքեղության» պատճառով) նախատեսված է միայն ադմինիստրացիայի ծանոթների համար:

Ես վստահ էի, որ մինչև հաջորդ օրը բավականաչափ արժեքավոր տեղեկություններ կհայթայթեմ N սենյակ տեղափոխվելու համար:

Իսկ մինչ այդ…

Խորհրդային վերջին տարիներին ես դպրոցական էի և փորձում էի շրջանցել Թումանյան փողոցի «Հեքիաթ» սրճարանը: Երբ այն փակվեց, ինձ թվաց, թե ընդմիշտ վերացավ շրջապատում տարածվող լավ չլվացված խոհանոցային սպասքի, խաշած նրբերշիկի և վանիլով չափից ավելի համեմված քաղցրավենիքի հոտը:

Սակայն այդպես չէր: Այդ հոտը տեղափոխվել էր լճափնյա այս հանգստյան տան ճաշարանը, որտեղ ուղեգրում նշված սնունդը բաղկացած էր սիսեռով ապուրից, հնդկացորենի փլավից ու երկու կտոր ձմերուկից:

Բարեբախտաբար, մոտակայքում փոքրիկ խանութ կար: Այսինքն` դա այնքան էլ մեծ բարեբախտություն չէր…

Այնտեղից յոգուրտ գնեցի: Այդ յոգուրտը մի քանի շաբաթ առաջ էլ կարող էի գնել: Այն փչացած էր, ինչպես և իմ տրամադրությունը` ամառային հանգստիս նման ընթացքի պատճառով:

Յոգուրտը տարա խանութ ու հարցրի վաճառողին, թե ինչու է ժամկետանց մթերք վաճառում:

«Ինչո՞ւ պիտի պատասխանեմ քո հարցին,- ասաց վաճառողը: - Դու ժամկետի մասին չես հարցրել»:

Յոգուրտը դեն նետեցի: Հույս ունեի նման ձևով ազատվել նաև իմ փչացած տրամադրությունից` ուշադրությունս շեղելով դեպի լիճը:

Հանգստյան տունը լճափին ուներ առանձնացված տարածք` ծածկված գլաքարով ու խոշոր ավազով: Թեև երեկոյան աղբն իր քանակով` հիմնականում պլաստիկե շշեր, ցելոֆանե տոպրակներ ու սննդի մնացորդներ, գերազանցում էր մոտակա աղբանոցը, առավոտյան ափը համեմատաբար մաքուր էր լինում: Շեզլոնգի մեկ օրվա վարձույթը 500 դրամ էր:

Պարզվեց, որ այդ «շեզլոնգ» կոչվածը մետաղյա փոքրիկ թախտ էր` դերմանտինով պատված: Նման էր բժշկական կաբինետների թախտերին:

Հույս ունեի, որ գոնե մոտակա սոճիների պուրակում կկարողանամ մի քիչ ցրվել: Լճափի սրճարանից գնեցի խորոված բանջերեղեն ու միս` համեմված սոխով ու կանաչիով (խելամտորեն խուսափելով ճշտել դրանց պատրաստման մանրամասները) և ուղղվեցի բնության գիրկ:

Դժբախտաբար, բնությունն էլ իմ կողմից չէր: Այդպես էլ չկարողանալով տեղափոխվել N սենյակ` ես ունեցա բավականաչափ այցելուներ, որոնք թույլ չտվեցին ինձ լիովին վայելելու իմ դժբախտությունը` բոինգի չափի մոծակներ, ճստլիկ գորշ ճանճեր, թրթուրներ և նույնիսկ մի սև դաշտամուկ:

Հովեկները Անարխիայի հանգստյան տանը շատանում են: Սակայն հաջորդ տարի այն նվազ մարդաշատ կլինի, առնվազն մեկ հովեկով: