Մարզական տեսություն. Փորթերֆիլդի գլխավորած հավաքականի հաջող դեբյուտը

Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց Եվրո-2008-ի ընտրական մրցաշարը` 0:1 հաշվով զիջելով Բելգիայի հավաքականին: 60-ամյա շոտլանդացի Իյըն Փորթերֆիլդի դեբյուտը իբրև հավաքականի գլխավոր մարզիչ ողջունեցին հանդիպմանը ներկա մոտ 12000 ֆուտբոլասերներ: Հայաստանի ընտրանին, չնայած մի քանի առաջատար խաղացողների բացակայությանը, առավելություն ուներ հանդիպման գրեթե ողջ ընթացքում:

Չնայած երիտասարդ հարձակվողների բացակայությանը, թիմի վետերաններ Համլետ Մխիթարյանը և Արմեն Շահգելդյանը, աջ թևից ստանալով Սամվել Մելքոնյանի աջակցությունը, շատ դժվարություններ ստեղծեցին Բելգիայի պաշտպանության համար ու մի քանի անգամ մոտ էին դարպասը գրավելուն:

Դարպասապահ Գևորգ Կասպարովը նույնպես աչքի ընկավ հուսալի խաղով` մի քանի անգամ փրկելով դարպասը վերահաս գոլից: Կասպարովը փոխարինում էր Հայաստանի վետերան դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որն անցյալ շաբաթ հայտարարել էր ազգային հավաքականի կազմում իր ելույթներն ավարտելու մասին:

Հյուրերը հանդիպման միակ գոլը խփեցին առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ: Ջելլե վան Դամի երկար եզրային գծից կատարած նետումից հետո Դանիել վան Բույթենը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասի վերին անկյունը:

Հանդիպման ավարտից հետո Փորթերֆիլդն իր գոհունակությունը հայտնեց խաղից. «Հայաստանի հավաքականն իր վերջին խաղն անցկացրել էր մարտին: Սակայն երկար ընդմիջումից հետո տղաները կարողացան հավաքվել և պայքարել մինչև վերջ»,- ասաց նա:

Հայաստանի հաջորդ մրցակիցը Ֆինլանդիայի հավաքականն է: Հանդիպումը կկայանա Երևանում հոկտեմբերի 7-ին:

Իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականը` չնայած սեպտեմբերի 2-ին Երևանում Նորվեգիայի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակին, զրկվեց Եվրո-2007 մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից, քանի որ նորվեգացիները ոչ-ոքի` 1:1 ավարտեցին հանդիպումը Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Ավելի վաղ Հայաստանը 2:3 հաշվով զիջել էր Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին:

Ծանրամարտ

Հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Պալերմո քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում:

Աշխարհամասի չեմպիոն է հռչակվել գյումրեցի 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը: Արարատցի Դավիթ Մուրադյանը (62 կգ) զբաղեցրել է 5-րդ տեղը:

Աղջիկներից մեկ այլ գյումրեցի` Մելինե Գալուզյանը (63 կգ), նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ նրա համաքաղաքացի Թեհմինե Կարապետյանը (53 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: