Աղետալի տարեթիվը կապում է մայրցամաքները. հայաստանցիները հիշում են սեպտեմբերի 11-ը

Այսօր միլիոնավոր ամերիկացիներ հիշում են սեպտեմբերի 11-ի հինգերորդ տարելիցը: Իսկ նրանցից մի քանի ժամ առաջ ահաբեկչության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Արարատ քաղաքում:

Հայաստանը խորհրդանշող լեռան անունը կրող այս քաղաքում քաղաքապետ Հակոբ Թովմասյանի և բնակիչների նախաձեռնությամբ 2002 թվականին հուշարձան կառուցվեց: Այսօր առավոտյան 11:30-ին քաղաքապետարանի աշխատակիցներին միացան Արարատի բնակիչներն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները:

Ելույթ ունեցող արարատցիներն իրենց կարեկցանքը հայտնեցին 2992 զոհերի ընտանիքներին` նշելով, որ կիսում են Ամերիկայի վիշտը, քանի որ արարատցիներից շատերն ազգականներ ունեն ԱՄՆ-ում:

«Հայ ժողովուրդը չէր կարող անհաղորդ մնալ նման իրադարձությանը, և այս հուշարձանով մենք հավերժացնում ենք նրանց հիշատակը,- ասաց Արարատի փոխքաղաքապետ Ադիբեկ Խուրշուդյանը: - Մեր ժողովուրդը շատ փորձությունների և փորձանքների միջով է անցել և շատ լավ է հասկանում` ինչ է նշանակում նման դժբախտությունը»:

(Սեպտեմբերի 11-ի հուշարձանը գտնվում է Արարատի քաղաքապետարանի դիմաց` Հայոց մեծ եղեռնի հուշարձանի հարևանությամբ:)

Արարատում տեղի ունեցած արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:

«Մենք հիշում ենք տեղի ունեցածը և մեր ծաղկեպսակով ու լռությամբ հարգում զոհերի հիշատակը»,- ասաց ԱՄՆ դեսպանատան մամուլի բաժնի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: