Bienvenue! սպասվում է Ժակ Շիրակի և ֆրանսիացի հանրահայտ անձանց այցը Հայաստան

Սեպտեմբերի 29-ին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան` Ֆրանսիայի տարվա պաշտոնական բացման առնչությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների` Շիրակի այցը կտևի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո կցորդ Մերի Հակոբյանն ասաց «ԱրմենիաՆաուին». «Մենք տեղյակ ենք, որ Ժակ Շիրակը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել, սակայն այցի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել»:

Դա կլինի մոտ 450000-անոց հայկական գաղութ ունեցող պետության ղեկավարի առաջին այցը Հայաստան (ցայսօր Ֆրանսիայի ոչ մի նախագահ չի այցելել ոչ միայն Հայաստան, այլև Հարավային Կովկաս):

Տարածված տեղեկությունների համաձայն` նախագահին կուղեկցեն Շառլ Ազնավուրը, երգչուհի Պատրիսիա Կաասը և այլ ճանաչված անձինք:

«Այս օրերին մենք սպասում ենք այցի պաշտոնական հայտարարությանը,- ասաց Հակոբյանը: - Դեռ ստույգ չգիտենք` Պատրիսիա Կաասը կգա՞, թե՞ ոչ, սակայն տեղյակ ենք, որ նախագահի հետ Հայաստան կայցելեն մշակույթի մի շարք հայտնի գործիչներ»:

Ըստ Ֆրանսիայի դեսպանատան` այցի շրջանակներում նախատեսվում են բացօթյա համերգներ Հանրապետության հրապարակում:

* * *

Նոր տեղեկատվություն. Առնվազն մեկ լրատվամիջոցի հաղորդմամբ` երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է Անդրանիկ Չարչյանին` Շահեն Հովասափյանի ծառայողական մեքենայի վարորդին: Չորեքշաբթի Հովասափյանի մեքենան պայթել էր նրա նստատեղի տակ տեղադրված պայթուցիկ սարքից: Պայթյունից Հովասափյանը մահացել էր: Շահեն Հովասափյանը Հայաստանի հարկային պետական ծառայության օպերատիվ-քննչական վարչության պետն էր:

Վարորդի ձերբակալության մասին հաղորդել է «Չորրորդ իշխանություն» թերթը, իսկ գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այդ տեղեկությունը` միաժամանակ հայտնելով «ԱրմենիաՆաուին», որ  ավելի ուշ դատախազությունը հայտարարություն կանի այդ մասին:

«ԳԱԶ-31» ավտոմեքենային զգալի վնաս հասցրած պայթյունից տուժել են նաև Չարչյանը և Հովասափյանի որդին` Գրիգորը:

Ըստ «Չորրորդ իշխանության»` ոստիկանությունը ձերբակալել է վարորդին, մինչդեռ Երևանում լուրեր են տարածվել, թե «հարկային ոստիկանության» պետը պատրաստվում էր հրապարակել տեղեկություններ, որոնք կարող էին վնասել Երևանի իշխանական վերնախավի որոշ անդամների:

Ասում են` իբր Հովասափյանը քննում էր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ունեցվածքի հարկերի չվճարման հետ առնչվող կոռուպցիայի դեպք: