Ոչ բարի գալո՞ւստ. ԱՄՆ նոր դեսպանին հավանաբար կդիմավորեն բողոքի ակցիաներով

Ակնկալվում է, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը մոտ ապագայում կանցնի իր պարտականությունների կատարմանը Երևանում, սակայն որոշ տեղական և սփյուռքահայ շրջանակներում նրա ժամանումը ջերմորեն չեն ողջունում:

Ռիչարդ Հոգլանդը կստանձնի իր դիվանագիտական պաշտոնն այնպիսի անբարենպաստ պայմաններում, որոնց հետ չի բախվել և ոչ մի ԱՄՆ դեսպան` սկսած 1993 թվականին նշանակված առաջին դեսպան Հարրի Գիլմորից:

Հոգլանդը դեսպանի պաշտոնում կփոխարինի Ջոն Էվանսին, որի պաշտոնավարումը Հայաստանում դադարեցվեց ակնկալվող ժամկետից մոտ մեկ տարի շուտ, քանի որ, գրեթե համընդհանուր կարծիքով, բացի վաշինգտոնցի տեղեկատվական ձեռնածուներից, 1915-1918 թթ. հայ-թուրքական հակամարտությունը բնութագրելիս նա հրապարակավ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը:

Վաշինգտոնը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին ու Թուրքիային, և Էվանսի վաղաժամ հետկանչը շատերը դիտում են որպես այս հարցում չեզոքություն պահպանելու ԱՄՆ-ի ձգտում: Ցեղասպանության ճանաչման ջատագովները համարում են դա անուղղակի աջակցություն Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: (Գիլմորի պաշտոնավարման ժամկետը նույնպես կրճատվեց այն բանից հետո, երբ նա դարձավ առաջին ԱՄՆ պաշտոնյան, որ Երևանում ծաղիկներ դրեց Եղեռնի հուշարձանին:)

Վաշինգտոնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հոգլանդի թեկնածության հաստատումն առաջ բերեց Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (ԱՆԿԱ) բողոքը: Սեպտեմբերի 10-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ (http://www.anca.org/press_releases/press_releases.php?prid=993) նշվում է, որ ԱՆԿԱ-ը «դեմ է Հոգլանդի նշանակմանը և շարունակելու է նրա նշանակումը խափանելու փորձերը, մինչև նա չհայտարարի, որ հարցականի տակ չի դնում Հայոց ցեղասպանությունը, իսկ պետքարտուղարությունը բացատրի գործող դեսպանի հետկանչման պատճառները և Թուրքիայի կառավարության մասնակցությունն այս զարգացումներին»:

Հայաստանի «Ոգու պահպաններ» երիտասարդական կազմակերպությունը խոստանում է Հոգլանդի (նա եղել է ԱՄՆ դեսպան Տաջիկստանում) ժամանման առնչությամբ բողոքի ակցիա կազմակերպել` մեղադրելով նորանշանակ դեսպանին թուրքամետ դիրքորոշման մեջ: Կազմակերպությունը նաև քարոզարշավ է սկսել` պնդելով, թե տեղեկություններ ունի այն մասին, որ Հոգլանդի ապրելակերպը հակասում է հայկական ավանդույթներին:

«Մենք` որպես ավանդապաշտ հայ ժողովրդին ներկայացնող երիտասարդություն, անընդունելի և զազրելի ենք համարում [...] դեսպանին բարոյական տեսանկյունից, ով նաև կանխակալ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության նկատմամբ»,- ասում է կազմակերպության խորհրդի նախագահ Էդգար Հելհելյանը:

ԱՄՆ դեսպանատնից «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ Հոգլանդի նշանակման մասին մեկնաբանություններ չունեն և իրենք էլ սպասում են, թե երբ է նորանշանակ դեսպանն անցնելու իր պարտականությունների կատարմանը Հայաստանում: