Խնդիրներ տարածաշրջանում. վերլուծաբանը խոսում է թուրք-քրդական իրավիճակի մասին

Թուրք-քրդական լարված իրավիճակը հայկական իրականության հետ քիչ կապ ունի և ընդհանուր առմամբ ձեռնտու է Հայաստանին` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Այս իրավիճակը բնութագրում է Էրդողան-Արևմուտք հարաբերությունների լարվածության գագաթնակետը, այսինքն` տեսնում ենք, որ հերթական անգամ օգտագործելով քրդական խաղաթուղթը, արևմտյան ուժերը փորձում են ճնշում գործադրել Էրդողանի վրա, իսկ Թուրքիայի և Արևմուտքի միջև լարված իրավիճակը Հայաստանին միայն ձեռնտու է»:

Թուրքագետի հավաստմամբ` իրավիճակի մասին հայկական կողմը ձեռնպահ է մնում պաշտոնական հայտարարություններից` չեզոք կեցվածք պահպանելով:

«Սա ամենաճիշտ քայլն է, քանի որ թուրք-քրդական սրված իրավիճակում որևէ ավելորդ հայտարարություն կարող է լարել կողմերին Թուրքիայում ապրող 4-6 միլիոնանոց հայ համայնքի դեմ»,-նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում քուրդ զինյալների և թուրքական իրավապահ ուժերի միջև բախումների հետևանքով վնասված Սուրբ Կիրակոս եկեղեցուն` քաղաքագետը նշեց, որ սա նորություն չէ:

«Մահմեդական ժողովուրդների վարած արտաքին քաղաքականության մեջ սադրանքը եղել և մնում է առաջնային գործոններից մեկը, այսինքն` հակառակորդի դեմ գործողություններ սկսելուց առաջ դիմում է սադրանքների և հայկական եկեղեցու վնասումը մենք կարող ենք դիտարկել որպես իսկական սադրանք հայերին կոնֆլիկտի մեջ ներքաշելու համար»,- եզրափակեց քաղաքագետը:

Վերջին օրերին Թուրքիայի ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության միջև բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: Վերջին պայթյունները, որոնք գրանցվել են Թուրքիայի սահմանին, լսվել են նաև Հայաստանի տարածքում` Արարատի մարզի Ռանչպար գյուղում: