Գործի մարդը. մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է իր վեցամսյա աշխատանքի արդյունքները

Հայաստանի ներկայիս օմբուդսմենը գիտի` ինչպես հարթել պրոբլեմները:

Դա էր օմբուդսմեն Արմեն Հարությունյանի այսօրվա մամուլի ասուլիսի բուն միտքը (այս տարվա փետրվարին նա փոխարինեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին):

Պաշտոնավարման առաջին վեց ամիսների ընթացքում ստացած 854 գրավոր բողոքներից Հարությունյանը դրական լուծում է ապահովել 212-ի համար, ևս 51 գործ ուսումնասիրվում է: (Տե’ս http://www.ombuds.am/main/am/9/27/401:)

Հարությունյանը համեմատում է այս տվյալները մեծ ժողովրդականություն (ու նաև իշխանությունների դժգոհությունը) վայելող իր նախորդի գործունեության արդյունքների հետ` շեշտելով, որ երկու տարվա ընթացքում Ալավերդյանը ստացել է 2600 բողոք և դրական լուծել ընդամենը 58-ը:

Օմբուդսմենը նշեց, որ իր աշխատաոճը տարբերվում է Ալավերդյանի աշխատաոճից նրանով, որ ինքը գերադասում է «համագործակցության» և ոչ թե «հակադրվելու» ուղին: Սակայն նա այնուամենայնիվ նշեց, որ դրանով ոչ թե ուզում է մեղադրել Ալավերդյանին, այլ ցույց տալ, որ իր մոտեցումը տարբեր է:

Ընդհանուր առմամբ, օմբուդսմենը ստացել է 1794 բողոք (940-ը` բանավոր):

Առավել մեծ թվով բողոքներ եղել են դատարաններից (106 դիմում), Երևանի քաղաքապետարանից (95), ոստիկանությունից (71) և տարբեր նախարարություններից, այդ թվում` արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության:

Առավել ակտիվ իրենց իրավունքների համար պայքարում են Երևանի բնակիչները (526 դիմում-բողոք), որոնց հաջորդում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի բնակիչները:

Առիթից օգտվելով` Հարությունյանը անդրադարձել է նաև «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դատավճռին. դատարանը նրան 4 տարվա ազատազրկման է դատապարտել զինկոմիսարիատ ներկայացրած փաստաթղթերը կեղծելու համար:

«Կարծիք կա, թե նա ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթի խմբագիր է, և դրա համար է այդպիսի խիստ մոտեցում եղել,- ասաց Հարությունյանը: - Այդ կարծիքները կարող են հիմնավորված լինել, որովհետև չեմ կարծում, որ նրա արարքն արժանի էր 4 տարվա ազատազրկման»: