Արդյո՞ք Ակսյոնովը կգա. պաշտոնական Երևանը լռում է Ղրիմի առաջնորդի հնարավոր այցի մասին

Երևանում իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել այն հաղորդումները, որ Ղրիմի Հանրապետության ռուսամետ առաջնորդը, որին Արևմուտքն ընդգրկել է «սև ցուցակում», պետք է այս տարի ավելի ուշ այցելի Երևան:

Երևանում անցկացվելիք առաջիկա համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի տարբեր մարզերի ղեկավարներ` նպատակ ունենալով խթանելու փոխադարձ տնտեսական և մշակութային կապերը երկու երկրների միջև նաև տարածաշրջանային մակարդակներում: Սպասվում է, որ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կլինի Ռուսաստանի կողմից համաժողովի մասնակից նահանգապետների շարքում: Համենայնդեպս, այս մասին այս շաբաթ ավելի վաղ հայտարարել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գրասենյակը:

«Մենք պայմանավորվել ենք, որ Դուք կարող եք մասնակցել Հայաստանում անցկացվող համաժողովին»,- Ղրիմի Հանրապետության աշխատակազմի նիստում Ակսյոնովին ասված Մուրադովի խոսքը մեջբերել է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստին»:

Միջազգային հանրությունը դատապարտել է Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու մասին Ղրիմի հանրաքվեն և չի ճանաչում որոշման լեգիտիմությունը: Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի անջատողական ղեկավարների, այդ թվում Ակսյոնովի նկատմամբ` արգելելով նրանց մուտք գործել Եվրամիության անդամ երկրներ, Միացյալ Նահանգներ և մի շարք այլ արևմտյան երկրներ:

Ըստ Երևանում որոշ վերլուծաբանների` Ակսյոնովի այցը, ինչի մասին ռուսական կողմը հայտարարել է Մերձմոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի բանակցություններից անմիջապես հետո, Հայաստանին դնում է անհարմար, եթե չասենք` վտանգավոր իրավիճակում, որը կարող է փաստորեն ընկալվել, թե Հայաստանը ճանաչում է Ղրիմի ընթացիկ կարգավիճակը:

(Հայաստանը նաև հրաժարվել էր Ղրիմի բռնակցումը դատապարտելուց, երբ 2014-ի մարտին դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սատարող ՄԱԿ-ի բանաձևին, որին ի պատասխան Ուկրաինան ժամանակավորապես հետ կանչեց իր դեսպանին Երևանից ի նշան բողոքի:)

Սակայն ինչպես չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավճակների նախարարությունից Նիկոլայ Գրիգորյանը, Հայաստանի կառավարությունն առանձին հրավեր չի հղել Ակսյոնովին մասնակցելու Երևանի համաժողովին: Աղբյուրն ասել է, որ համաժողովը կազմակերպվում է Ռուսաստանի այն տարածաշրջանների ներկայացուցիչների համար, որոնք Հայաստանի մարզերի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, իսկ Ղրիմի հետ համագործակցության նման ձևաչափ չկա: